Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսի Հայոց պատրիարքությունում տեղապահի ընտրություն այդպես էլ տեղի չի ունենում, պատճառն այն է, որ Թուրքիայի ղեկավարությունը չի ընդունում ներկայիս տեղապահի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:
Պոլսի Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը, ով Հայաստանում է, հանդիպեց լրագրողների հետ ու իր տեսակետը ներկայացրեց Պոլսում ստեղծված անորոշ իրավիճակի վերաբերյալ:
Ըստ նրա` ընտրություններ տեղի չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նախկին վիճակին չի վերադառնա ամեն ինչ, ասել է, թե՝ ինքը կրկին կլինի փոխանորդի պաշտոնում, ընտրությունների կարգ մշակվի, որը կհաստատվի Թուրքիայի կառավարության կողմից, և հետո նոր ընտրություններ կանցկացվեն: Աթեշյանի խոսքով՝ սա է Թուրքիայի կառավարության պահանջը: «Թուրքիայի կառավարությունն ասում է, որ առանց իրենց հաշվի առնելու են ընտրություն կատարել ու Սահակ եպիսկոպոսին ժամանակավոր պաշտոնակատար կարգել, ուստի սա պետք է չեղյալ հայտարարել ու ամեն ինչ նախկին վիճակին բերել: Թուրքիայի կառավարությունն ասում է, որ իրենք ընտրություններին դեմ չեն»,- ասաց նա:
Աթեշյանի ներկայացմամբ՝ ընտրություններից 10 րոպե հետո Թուրքիայի կառավարությունից ֆաքսով նամակ է ստացել, որում նշված է եղել, որ ընտրություններ անցկացնելու կարիք չկա՝ ընդհանուր փոխանորդով պետք է շարունակենք մեր գործը: Սակայն, ըստ նրա, ընտրությունն արդեն կյանքի էր կոչված, և շատերն ուղղակի չլսեցին իրեն: «Այնպես է ստացվել, որ ֆաքսի ստացման ժամը 3 ժամ հետ էր ցույց տալիս, իբրև թե ես նախքան ընտրություններն եմ այն ստացել, սակայն ընդամենը ժամն է սխալ եղել: Ինձ շատ հարցերում են մեղադրում՝ չգնահատելով արածներս: Հայաստանյան մամուլն էլ անգամ գրեց, թե Աթեշյանը Էրդողանի եղբայրն է, ես էլ ասացի՝ այո, պատիվ է ինձ, որ երկրի նախագահի ու իշխանության հետ լավ եմ: Ոչ ոք արածներս չգնահատեց, իսկ ես հայ երեխաներին դպրոց եմ ուղարկել, Տիգրանակերտի եկեղեցին վերանորոգել, պատրիարքարանի նեղ փողոցի բոլոր խանութները փակել տվել ու ճանապարհը լայնացրել, Աղթամարի վրա խաչ տեղադրել…»,- նշեց Աթեշյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվում, որ Աթեշյանը միայն բարին է գործում, իսկ հայ համայնքը չի ընդունում նրան, նա պատասխանեց՝ բոլոր հոգևորականներն ու համայնքը գնահատում են իր արածը, միայն օտարականները չեն ընդունում իրեն: «Այնպես չէ, որ բոլորը քննադատում են ինձ»,- հավելեց արքեպիսկոպոսը:
Այնուամենայնիվ, ի՞նչ հանգուցալուծում է տեսնում Աթեշյանը Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն հարցում, Աթեշյանը պատասխանեց, որ պետք է Թուրքիայի կառավարության պահանջը կատարել: «Նրանց պահանջը հստակ է՝ գալ նախկին վիճակին ու նոր միայն ընտրություններ անցկացնել՝ իրենց կարգով: Հիմա հայ համայնքը երեք մասի է բաժանված՝ կեսն իմ կողմից է, մյուսները՝ Սահակ Մաշալյանի ու Գարեգին Բեքչյանի: Հայ համայնքը պառակտված է հիմա: Թուրքիայի կառավարությունն էլ պնդում է, թե առանց իրենց հարցնելու ենք ընտրություն անցկացրել, ինչի համար էլ հիմա թույլ չեն տալիս վերջնական ընտրություն անցկացնել»,- ասաց նա: