Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդին հետաքրքրող բոլոր հարցերին Սերժ Սարգսյանն ընդհանրական գնահատական տրվեց. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խորհրդական Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի` օրերս տված հարցազրույցին:
«Նախագահը խոսեց առկա շահարկումների մասին, ասվեց, որ չխոսվի այն բաների մասին, ինչը չկա, խոսել այն բանի մասին, ինչը կա: Յուրաքանչյուր տարվա վերջին ճիշտ է, որ խոսվի այդ տարվա գործողության մասին, հաջորդ տարվա ծրագրերի մասին: Դա երկխոսություն է հանրության, ժողովրդի հետ»,- ասաց Մինասյանը:
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ հարցազրույցը դրական էր, բայց այդ հայտարարությունները պետք է արվեին Հ1-ով, իսկ, ըստ նրա, սա պաշտոնական չէր: «Անցնող տարվա մասին ասաց այն, ինչ ասել են մեր թութակները: Թանկացման մասին խոսեց և ասաց, որ մի քիչ կթանկանա, բայց դա կառավարելի է, սով չի լինի: Անկեղծ խոսակցություն էր, բայց գլխավոր հարցեր կան, որոնց մասին չխոսվեց»,- ասաց նա:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ որևիցե նոր ու ուշագրավ բան չի ասվել: «Որևէ ուշագրավ հայտարարություն, որպես այդպիսին, չկար, այդ հարցազրույցը հանգիստ կարող էր տեղի չունենալ: Միակ բանը, որ հիշվել է, ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր առաջարկին պիտակներ կպցնելն էր»,- ասաց նա:
Սիմոնյանի խոսքով` ՏԻՄ խորհրդաժողովի հետ կապված հայտարարություններն ավելի հետաքրքիր էին: «Ճիշտ կլիներ` ՌԴ նախագահի նման երկժամանոց հարցուպատասխան լիներ, սակայն մենք միշտ կրկնօրինակում ենք Ռուսաստանին, բայց` չինական ձևով»,- ասաց նա:
Սիմոնյանի կարծիքով` եթե Սարգսյանը մնա ղեկավար պաշտոնում, ապա կստացվի, որ չի կատարել իր խոսքը, քանի որ բոլորը գիտեն, որ նա հայտարարել է, որ չի հավակնելու ղեկավար պաշտոնի, և շատ մեծ հարված կհասցվի Հայաստանին միջազգային հանրության աչքում` որպես ժողովրդավար երկրի:
Մինասյանն էլ նշեց, որ ընդդիմությունը պետք է կառուցողական լինի, ոչ թե ամեն ինչի մեջ վատը տեսնի: «Կարևոր ազդակները նրանք էին, որ ստորագրվեց ԵՄ-ի հետ համապարփակ պայմանագիրը: 13 թվականին չստորագրվելուց հետո, ոսկերչական աշխատանք կատարելու արդյունքում, ունեցանք ԵՄ-ի հետ համաձայնագիրը, և հիմա միակ երկիրն ենք, որ, ԵԱՏՄ անդամ լինելով, համաձայնագիր ունենք ԵՄ-ի հետ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն բանին, որ Սերժ Սարգսյանը չտվեց ամենակարևոր և սպասված հարցի պատասխանը` 2018-ից հետո ո՞վ կլինի երկրի վարչապետը, ապա Մինասյանն ասաց. «Կուսակցությունը կորոշի` իր գործընկերների հետ : Նախագահը շեշտեց, որ այն անձինք, ովքեր պրոֆեսիոնալ են, կարող են պետական շինարարության այս հատվածում օգուտ բերել երկրին, կօգտագործվեն»:
Սիմոնյանի դիտարկմանը` նախագահի հարցազրույցը ենթադրում էր` ես մնալու եմ, Մինասյանն արձագանքեց. «Եթե առողջ է, կարող է, հսկայական ճանապարհ է անցել, պատերազմող երկրի նախագահ է եղել, պաշտպանության նախարար է եղել, ի՞նչ է, պետք է ոչինչ չանի՞»:
Սիմոնյանն էլ հակադարձեց, որ իշխանությունը պետք է փոխվի, որ երկիրը չլճանա: