Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեղծագործություն կենսասիրության, իրական սիրո, իսկական ընկերության, արիության մասին. տեղի ունեցավ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Աշխարհում ամենաընթերցվող ու ամենասիրելի վեպերից մեկն առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից է թարգմանվել հայերեն ու արդեն հասանելի է հայ ընթերցողներին: Վեպը թարգմանվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:
«Ռեմարկը 20-րդ դարի ամենահայտնի գրողներից է, նրա նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն: Նրա կյանքի բոլոր դեգերումներն արտացոլված են այս վեպում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կա գլխավոր նախադասություն, որն արտացոլում է ամբողջ վեպի գաղափարը: Այս վեպում դա հետևյալն է. «Քսաներորդ դարի երեսին կա՛մ պետք է ծիծաղել, կա՛մ, լուրջ ընդունելով, ինքնասպան լինել»: Դժվար է Ռեմարկին թարգմանել: Ամենամեծ դժվարությունը հեղինակի ոճին հավատարիմ մնալն է, նրան չդավաճանելը շատ կարևոր է»,- շնորհանդեսի ընթացքում նշեց գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:
Ռեմարկը թարգմանչի սիրելի հեղինակն է. Վանուհին հույս ունի, որ հայ ընթերցողը կկարդա «Երեք ընկեր»-ը վեպն ու կդառնա Ռեմարկի երդվյալ երկրպագուն:
Գրքի խմբագիր Լուսինե Համբարյանն էլ շեշտեց, որ Ռեմարկը հետաքրքիր ու յուրահատուկ պատկերավորման համակարգ է օգտագործում, ոճական արտահայատչամիջոցներն են հատուկ ընտրված: Նրա ստեղծագործությունն իր վերապրումների արդյունքն է, և այս դեպքում առկա պատկերներն արհեստածին չեն:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը շնորհանդեսի ընթացքում հատուկ շեշտեց այն փաստը, որ իրենք գիրքը չեն վերահրատարակել, քանի որ Էրիխ Մարիա Ռեմարկի ստեղծագործությունները հայերեն թարգմանելու և հրատարակելու հեղինակային իրավունքներն առաջին անգամ են ձեռք բերվում:
«Ռեմարկն ամենասիրված, ամենապահանջված հեղինակներից է: Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում ամենասիրվածը «Արևմտյան ռազմաճակատ» գործն է, մեր կիսագնդում «Հաղթական կամար»-ն է, իսկ ավելի շատ մարդիկ սիրում են «Երեք ընկեր»-ը: Բայց մեկ է, մենք բոլոր գործերը թարգմանելու ենք: Քանի որ մեր հրատարակչության հիմնադիր նախագահի ամենասիրած գիրքը «Երեք ընկերն» է, դրա համար սկսեցինք այս գործից»,- շնորհանդեսի ընթացքում նշեց Շավարշ Կարապետյանը:
Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին հատվածներ «Երեք ընկեր»-ը վեպի էկրանավորումներից:
Նշենք, որ Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:
Ռեմարկի մյուս՝ «Հաղթական կամարը», «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Վերադարձ», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» և այլ գործեր արդեն իսկ թարգմանվում են հայերեն: Դրանք «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ շուտով կդրվեն ընթերցողի սեղանին: