Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրանագետ Արտյոմ Տոնոյանը և ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը, ամփոփելով տարին, ներկայացրեցին Իրան-Ադրբեջան և Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները, դրանց ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների և Արցախյան հակամարտության գործում:
Արտյոմ Տոնոյանը, խոսելով Իրան-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցած զարգացումների մասին, ասաց, որ այս տարի ադրբեջանական լրատվամիջոցները խոսում են տնտեսական ոլորտում էական փոփոխությունների մասին: «Նշվում է, որ երեք եռամսյակների ընթացքում այս երկրներում ապրանքաշրջանառությունը գրանցել է բավական մեծ աճ: Շատ է խոսվում Աստարա-Ռեշտ-Ղազվին երկաթուղու շինարարության մասին: Ադրբեջանական կողմը հատկապես ընդգծում է երկաթուղու տնտեսական և քաղաքական կարևորությունը: Մասնավորապես` լինում են ակնարկներ, որ այդ երկաթգիծը թույլ կտա ուժեղացնել Ադրբեջանի ազդեցությունը Իրանում և դրանով փորձել Արցախյան հակամարտության խնդրում և Հայաստանի հետ հարաբերություններում Իրանին «թեքել» իրենց կողմը»,- ասաց Տոնոյանը:
Նրա խոսքերով՝ 2017-ին Իրան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, որոնք, ըստ էության, շատ հակասական են: «Նախ՝ իրանական կողմի համար անընդունելի էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցն Իսրայել, որն Իրանի ավանդական թշնամին է համարվում: Բացի այդ՝ 2017-ին շարունակվել են շիա հավատացյալների ձերբակալությունները Ադրբեջանի կողմից»,- նշեց իրանագետը:
Իրանի դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցում, Տոնոյանի գնահատմամբ, բավական դրական է: «Ակնհայտ է, որ Իրանը պահպանել է չեզոք դիրքորոշում: Ադրբեջանցի պաշտոնյաների, անգամ` Ադրբեջանի նախագահի մակարդակով հանդիպումների ժամանակ ընդգծվել է, որ Իրանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դրա մասին է խոսում նաև Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ ՀՀ-ում գտնվելու ժամանակ արած հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Սա ընդգծում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը գալիս է Ադրբեջանից, այլ ոչ թե Հայաստանից»,- ասաց Տոնոյանը
Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը, անդրադառնալով Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին, նշեց, որ, ընդհանուր առմամբ, դրանք դանդաղ, դինամիկ զարգացող են: «Դրանք հեռու են ռազմավարական հարաբերություններ կոչվելուց: Պաշտոնյաները նշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն կարողանում օգտագործել երկու երկրների ռազմական պոտենցիալը, ինչի համար կան օբյեկտիվ պատճառներ»,- ասաց նա:
Մովսիսյանի գնահատմամբ՝ Թուրքիան չի կարողանա ընդգրկվել Արցախյան հակամարտության կարգավորման գործում: «Այսօր Ռուսաստանում կա կայսերական մտածողությամբ իշխանություն, որի համար անընդունելի է որևէ ուժի ակտիվացումը Հարավային Կովկասում, այդ թվում` նաև Արցախյան հակամարտությունում: 2017թ. Թուրքիան փորձեց ակտիվանալ Արցախյան կարգավորման գործում՝ հասկանալով, որ ադրբեջանական հասարակության համար ամենախոցելի թեման Արցախյան հակամարտությունն է և, դրա վրա «խաղալով», կարող է ինչ-որ դիվիդենդներ հավաքել ադրբեջանական հասարակությունից: Ադրբեջան- Թուրքիա հարաբերություններում շատ կարևոր է Արցախյան հակամարտության հարցը, քանի որ երկու երկրներին ավելի շատ կապում է հակահայկականությանը»,- ասաց Մովսիսյանը:
Հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու 2018 թվականն Արցախյան հակամարտության համար, նա պատասխանեց, որ հաջորդ տարի տարածաշրջանում սպասվում են լուրջ գործընթացներ, սակայն Արցախյան հակամարտության մեջ լարվածություն կգրանցվի այն ժամանակ, երբ բանակցությունները չշարունակվեն: