Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով` պետք է հստակ գիտակցենք, որ, ցավոք, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով խոսել բանակցային գործընթացում որևէ զարգացման մասին այսօր անընդունելի է: Նման հայտարարություն նա արեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե ընտրություններից հետո կսկսվեն ինտենսիվ բանակցություններ:
«Խոսելով բանակցությունների մասին` մենք միշտ պետք է գիտակցենք, որ բանակցություններն ունեն երկու հարթություն՝ նախ` ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում` առաջընթաց արձանագրելու համար, մյուսը՝ բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: Բնական է, որ համանախագահները հստակ գիտակցում են և ուղղակի հայտարարում ու խոսում և' Վիեննայի, և' Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունների մասին»,- ասաց Քոչարյանը:
Նրա կարծիքով` բանակցային գործընթացում հնարավորություն կլինի խոսելու առաջընթացի մասին, եթե կողմերի միջև լինի վստահություն: «Վստահության անհրաժեշտ մասն այն է, որ կողմերը չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն: Այդ իսկ պատճառով խոսվել է և' հետաքննության մեխանիզմների, և' ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացման մասին: Դա այն անհրաժեշտ պայմանն է, առանց որի վստահություն չի լինի»,- ասաց Քոչարյանը:
Հարցին` արդյո՞ք քննարկման առանցքում հինգ շրջանների հանձնումն է` հաշվի առնելով, որ «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, թե կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին, Քոչարյանը հակադարձեց թե դա Ադրբեջանի ցանկությունն է, որը նա պարբերաբար կա'մ իր շուրթերով, կա'մ այլ կերպ փորձում է սփռել: «Մենք դրան լուրջ չենք էլ վերաբերվում, որովհետև այդպիսի բան գոյություն չունի»,- ասաց նա:
Քոչարյանը կոչ արեց ադրբեջանական ցանկությունը չտիրաժավորել: «Հերիք է ադրբեջանական ցանկությունները տիրաժավորեք, բազմիցս ասվել է` այդպիսի հարց չկա, բայց կրկնվում է: Երբ Ադրբեջանից են դրա մասին անընդհատ խոսում, ես դա հասկանում եմ, բայց երբ մեր կողմից են ասում, չեղած բանը մատի փաթաթան են դարձնում, դա արդեն ամոթ է»,- նշեց նա: