կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-01 15:45
Հասարակություն

Ամսական 6000 դրամ՝ բժշկական ապահովագրության դիմաց. 2018-ին կսկսվեն «բանակցությունները»

Ամսական 6000 դրամ՝ բժշկական ապահովագրության դիմաց. 2018-ին կսկսվեն «բանակցությունները»

Առաջիկա տարիներին նախատեսվում է Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ ներդնել։ Ավելին` շուտով անապահով քաղաքացիներն ապահովագրություն կստանան՝ պետբյուջեի հաշվին:

Yerkir.am-ը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց, թե 2018-ին ապահովագրության առումով ի՞նչ է սպասվում: Նախարարը պատասխանեց, որ առաջին քայլն այս ոլորտում 612 000 անապահով քաղաքացիներին ապահովագրություն տրամադրելն է: Նրա հավաստմամբ՝ այս նախաձեռնությանը ոչ ոք դեմ չի լինի, քանի որ պետպատվերի հաշվին է լինելու: Պետությունն, այսպիսով, անապահովների հանդեպ իր պարտքը կկատարի:

Մնացած բնակչության հետ կապված պատկերը մի փոքր այլ կլինի: «Նրանց հետ մենք երկխոսության մեջ կմտնենք, եթե ցանկություն կլինի մի քիչ ավելի քաղաքակիրթ ձևով անցկացնել այցելու-բժիշկ հարաբերությունները, ավելի բարեկեցիկ վիճակում տեսնել մեր բուժհաստատությունները, արդիական սարքավորումներ ունենալ, ապա, կարծում եմ, հանրությունն ինքը կպահանջի, որպեսզի ապահովագրական ծրագրերը կյանքի կոչվեն: Եթե հանրության հետ չգտնենք փոխհամաձայնություն, պարտադրաբար ոչինչ չենք անի: Կարծում եմ՝ ապահովագրությունն այն ինստիտուտն է, որը կարելի է ներդնել հանրային պահանջով»,-ասաց նախարարը:

Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ գումարի մասին կարող է խոսք լինել, այսինքն՝ սովորական քաղաքացին, ով գրանցված աշխատող չէ, որքա՞ն գումար պետք է վճարի, որպեսզի ապահովագրական փաթեթ ունենա, Ալթունյանը պատասխանեց, որ ամսական միջինը 6000 դրամ պետք է վճարի: «Մենք դեռ աշխատում ենք այն հարցի շուրջ, թե ապահովագրական վճարումների որ բանաձևն է ավելի ճիշտ՝ աշխատավարձից որոշակի տոկոս պահե՞նք, թե՞ ֆիքսված գումար սահմանենք։ Առաջին դեպքում բարձր աշխատավարձ ստացող մարդիկ կվրդովվեն, իսկ երկրորդ դեպքում քիչ վաստակողները կտուժեն։ Հնարավոր է՝ քաղաքացիներին բաժանենք մի քանի խմբերի, այսինքն՝  գումարի չափը տարբեր կլինի նրանց համար, ովքեր ամսական 200 000 դրամից պակաս են վաստակում, նրանց համար, ովքեր վաստակում են մինչև 500 000 դրամ և 500 հազար դրամից ավելի մեկ այլ գումարի չափ կսահմանվի»,- ասաց նա:

Նախարարի հավաստմամբ՝  բոլորը, սակայն, անկախ վճարման չափից, նույն ապահովագրական փաթեթից կօգտվեն: Ի դեպ, այդ ծառայությունները կներառեն ինչպես վիրաբուժությունը, այնպես էլ ուռուցքաբանությունը։ Իսկ ցանկացողները կարող են կամավոր ավելի վճարել և լրացուցիչ ապահովագրության փաթեթ վերցնել, որը կընդգրկի ավելի շատ ծառայություններ։

Հարցին` այդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվելու գործազուրկների, երեխաների և տարեց մարդկանց ապահովագրությունը, որոնք սոցիալական անապահովների շրջանակին չեն պատկանում, Ալթունյանը պատասխանեց, որ 7 տարեկանից բարձր երեխաների բժշկական ապահովագրության համար, եթե նրանք անապահով ընտանիքից են, պետությունը կվճարի, իսկ եթե անապահով չեն, ապա ծնողը պետք է վճարում կատարի: «Մինչև 7 տարեկան երեխաների ապահովագրության հարցը դեռևս չի քննարկվում, իսկ տարեցների համար, ովքեր անապահով չեն, պետք է ընտանիքի աշխատող անդամներից որևէ մեկը վճարի: Այսինքն՝ դա էլ պարտադրաբար չի լինելու՝ կուզե՞ն, կվճարեն ամսական 6000 դրամ և կունենան բժշկական ապահովագրություն, չեն ուզի, կարող են հրաժարվել»,- ասաց Ալթունյանը: