կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-10 21:43
Հասարակություն

Ադրբեջանի նախագահն արգելափակել է իր Twitter-ն Աննա Աստվածատուրյան-Թերքոթի համար

Ադրբեջանի նախագահն արգելափակել է իր Twitter-ն  Աննա Աստվածատուրյան-Թերքոթի համար

Հայ-Ռուսական համալսարանում՝  նոյեմբերի 10-ին` ՀՌՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի լրագրության ամբիոնի հրավերով հյուրընկալվել է ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ և ակտիվիստ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը:

Նա մեր համալսարանի ուսանողներին ներկայացրել է իր հասարակական գործունեությանը վերաբերող մանրամասները, ԼՂ հիմնահարցի բարձրաձայնման և Արցախի ճանաչման հարցում Սփյուռքում կատարվող աշխատանքները, ինչպես նաև՝ իր հեղինակած «Ոչ մի տեղ․արտաքսման մի պատմություն» գիրքը, որի մի քանի օրինակը սիրով նվիրել է Հայ-Ռուսական համալսարանի գրադարանին:

Վերջին հինգ տարիներին Աննան ակտիվորեն պայքարում է ԱՄՆ-ում իրականացվող հակահայկական լոբբինգի դեմ:

«Ադրբեջանցիները միլիոնավոր դոլարներ են ծախսում այդ նպատակի վրա՝ օգտագործելով նաև այնտեղ գործող թուրքական կառույցները: Սակայն, իմ և ԱՄՆ-ում ապրող Բաքվից բռնագաղթած մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ մեզ հաջողվում է տապալել ԱՄՆ տարբեր նահանգներում նրանց կողմից ներկայացվող հակահայկական բանաձևերը: Ադրբեջանցիները ունեն նավթադոլարներ, մենք՝ 10 միլիոնանոց սփյուռքահայություն և իմ կարծիքով սա մեր գլխավոր հաղթաթուղթն է, որը մենք պետք է ավելի ակտիվ օգտագործենք»,- պատմել է Աննա Աստվածատուրյան-Թերքոթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում ապրող Բաքվից բռնագաղթած մեր հայրենակիցները մեծ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին:

Աննա Աստվածատուրյան-Թերքոթը նշել է, որ մինչև օրս Ադրբեջանի ԱԳՆ-ը իրեն չի ներառել  իր «սև ցուցակում»: «Ինձ համար անհասկանալի է(հեղ.- ծիծաղում է), թե ինչու՞ մինչև հիմա ես չեմ հայտնվել այդ ցուցակում, սակայն ձեզ հայտնեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արգելափակել է իր Twitter-յան էջը ինձ համար, ինչը ինձ որոշ չափով «մխիթարում» է»,- հայտնել է նա:

Անդրադառնալով իր հեղինակած «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) գրքին (լույս է տեսել 2012թ.-ին, որն այս տարվա մայիսին թարգմանվել է ռուսերեն), որը հիմնված է իր երիտասարդ տարիքի օրագրի նշումների վրա, Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ասել է հետևյալը.

«Այդ գրքում ես պատմում եմ իմ երջանիկ մանկության մասին, Բաքվում մեր ապրելակերպի և խաղաղ կեցության մասին, որն ավարտվեց 1988թ.-ին: Այնտեղ նկարագրել եմ, թե ինչպես էինք մենք Բաքվում առերեսվում ազգային բռնությանն և բնաջնջմանը ադրբեջանական իշխանությունների կողմից, նկարագրում եմ Հայաստանում իմ կյանքը` որպես փախստական, ԱՄՆ-ում իմ կեցության առաջին տարիներին»,- տեղեկացրել է նա՝ հավելելով, որ այժմ նա աշխատում է իր երկրորդ գրքի վրա: 

ՀՌՀ մամուլի ծառայություն