կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 20:37
Հասարակություն

Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել կրթական ցուցահանդեսին

Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել  կրթական ցուցահանդեսին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Երևանում Բրիտանական դեսպանատան և Բրիտանական խորհուրդի կողմից կազմակերպված Best of British Education կրթական ցուցահանդեսին:

Բացման խոսքում ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Բրիտանական խորհուրդը ԿԳ նախարարության  հիմնական միջազգային գործընկերներից է.«Ցուցահանդեսը Բրիտանական խորհրդի կրթության ոլորտում ծավալած գործունեության ամփոփումն է: Այն նաև վկայությունն է տարիներ շարունակ կատարված մեծ աշխատանքի, որն իրականացվել է Բրիտանական խորհրդի կողմից, մասնավորապես անգլերեն լեզվի և մշակույթի տարածման ուղղությամբ: Այդ աշխատանքների ծավալը մեծ է՝ սկսած հրատարակչական գործից մինչև Շեֆիլդի համալսարանի գործունեություն»,- նշել է Լ. Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը և Բրիտանակական խորհուրդին ՝կրթական նախաձեռնություններին աջակցելու համար: ԿԳ նախարարի խոոսքով՝ անգլերեն լեզվի դասավանդման որակի բարելավման նպատակով տարբեր ծրագրեր են կյանքի կոչվել, կան նաև բազմաթիվ նոր նախաձեռնություններ, որոնք արդեն ընթացքի մեջ են: 

Best of British Education կրթական ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Դեսպանն ընդգծել է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում. «Կրթությունն ու մշակույթը դիվանագիտական հարաբերությունների կարևոր բաղադրիչ են՝ հաշվի առնելով, որ դրանց հիմքում ընկած են մարդկային փոխհարաբերությունները»,- իր խոսքում նշել է դեսպանը:

Կազմակերպիչների հավաստմամբ Best of British Education կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ինչպես տարբեր ոլորտների մասնագետների, այնպես էլ ուսանողների և դպրոցականների համար՝ ծանոթանալու Միացյալ Թագավորությունում, Հայաստանում և այլուր բրիտանական որակյալ կրթություն ձեռք բերելու հնարավորություններին, մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրերին ու անգլերենի ուսուցման և թեստավորման ծրագրերին:

Ցուցահանդեսի մասնակիցները կարող են  մանրամասն տեղեկություններ ձեռք բերելու այնպիսի կրթական ծրագրերի մասին, ինչպիսիք են.

•Chevening կրթաթոշակային ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական լավագույն համալսարաններում;

•John Smith Fellowship ծրագիրը, որի միջոցով հնարավոր է անվճար մասնագիտական վերապատրաստում ստանալ բրիտանական պետական և մասնավոր կառույցներում;

•Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը;

•Անգլերենի իմացության IELTS, APTIS թեստերը;

•CMI, CIMA և ACCA մասնագիտական որակավորումները;

•Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի առաջարկած ծրագիրը;

•Դիլիջանի միջազգային դպրոցը;

•Քեմբրիջի միջազգային դպրոցը;

•Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցը:

Ներկայացվել են նաև բրիտանական Longman/Pearson, Oxford University Press, Cambridge University Press, Dorling Kindersley և այլ հանրահռչակ հրատարակչությունների գրքերը, կազմակերպվել են դրանց շնորհանդեսները:

Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև շահելու հետաքրքիր մրցանակներ՝ մասնակցելով Treasure Hunt մրցույթին: