|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել հայ ականավոր սյուրռեալիստ գեղանկարիչ Լևոն Թութունջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Ցուցադրությանը ներկայացված են Թութունջյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահայտ «Դեղին դիմակ» սյուրռեալիստական ստեղծագործությունը, 24 գրաֆիկական աշխատանքներ և արվեստի տարաոճ 3 քանդակ:
1925 թվականից Թութունջյանի ստեղծագործությունները ցուցադրվել են եվրոպական հանրաճանաչ ցուցասրահներում, այդ թվում՝ Փարիզյան «Պյեր Կոլ» ցուցասրահում կազմակերպած սյուրռեալիստ արվեստի ցուցահանդեսին (1933թ.)` Պիկասոյի, Դալիի, Բրետոնի, Միրոյի, Մագրիտի, Ջակոմետիի և այլոց ստեղծագործությունների կողքին: Թութունջյանի «Դեղին դիմակ» ստեղծագործությունը, որը ցեղասպանությունը վերապրած արվեստագետի լավագույն գործերից է, վերջին անգամ ցուցադրվել է 1988-ին Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում: Ներկայացվող գրաֆիկական աշխատանքները աբստրակցիայի, թաշիզմի և սյուրռեալիզմի 1920-60-ական թթ. բացառիկ նմուշներ են: Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է պատկերասրահում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վկայություն» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին: Ցուցահանդեսում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրած արվեստագետների և նրանց սերունդների ստեղծագործությունները՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ և դեկորատիվ-կիրառական արվեստ, Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հավաքածուում պահպանվող «Արևմտյան Հայաստանը և հայկական կոտորածների արտացոլումը փոստային բացիկներում» խորագրով շուրջ 300 բացիկ: Ներկայացված են նաև Գրիգոր Աղասյանի՝ Ցեղասպանության թեմայով արված աշխատանքները: