կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-12 12:54
Քաղաքական

Կարևորն այն է, որ ԵԽԽՎ նոր նախագահն անաչառ գործիչ է. Արթուր Ղազարյան

Կարևորն այն է, որ ԵԽԽՎ նոր նախագահն անաչառ գործիչ է. Արթուր Ղազարյան

Քաղաքագետ Արթուր Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ նախագահի փոփոխությանը: Նրա կարծիքով` երբ Ագրամունտի հետ տարաձայնություններ եղան, գուցե ազդեց նաև Սիրիա այցելությունը, բայց ավելի խորքային պատճառներ կային այդ տարաձայնություններում, որոնցից մեկն էլ ադրբեջանական «լվացքատան» գործի հետ էր կապված:

«Փաստը, որ թեև ուշացումով, բայց Ագրամունտը որոշեց հրաժարականի դիմում ներկայացնել, խոսում է հայկական քաղաքական դիրքերից: Փաստորեն, ստացվում է, որ ԵԽԽՎ-ում մենք հաղթանակ տարանք, երբ Ագրամունտը հրաժարական տվեց, և փոխարենը եկավ Ստելլա Կիրիակիդիսը»,- նշեց Ղազարյանը:

Ըստ նրա` այն փաստը, որ ԵԽԽՎ նոր նախագահը Կիպրոսի ներկայացուցիչն է, խոսում է այն մասին, որ նա հակաթուրքական տեսակետներ ունի, հակաթուրքական քաղաքական գծի կողմնակից է: Սակայն բանախոսը միաժամանակ նշեց, որ կարևորը ԵԽԽՎ նախագահի` անկաշառ և սկզբունքային գործիչ լինելն է: «Անկաշառ, սկզբունքային քաղաքական գործիչը մեզ համար շահեկան է, և պատահական չէ, որ մեր պատվիրակները հենց նրա թեկնածությունը պաշտպանեցին: Մեզ համար ԵԽԽՎ պրոհայկական  նախագահն այդքան էական չէ, որքան անաչառ նախագահը. նրա անաչառ գործունեությունը կբխի նախևառաջ Հայաստանի շահերից»,- ընդգծեց Ղազարյանը, ապա հավելեց, որ այս տեսանկյունից ԵԽԽՎ նախկին և ներկայիս նախագահներն անհամեմատելի են:

Նա անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ում ընդունված հակաադրբեջանական նախագծերին, որոնց դեմ են քվեարկել միայն թուրքական և ադրբեջանական պատվիրակները:«Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի ժողովրդավարական գործընթացների նահանջի հետ կապված նախագծին դեմ են քվեարկել նաև թուրքական պատվիրակության երկու ներկայացուցիչներ»,- ասաց նա:

Ղազարյանն ընդգծեց, որ ադրբեջանական հակահումանիստական գործունեությունն այնքան ցցուն է, որ նույնիսկ Թուրքիայի պատվիրակներն են կողմ քվեարկել նման հակաադրբեջանական նախագծին: