կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-10 10:40
Քաղաքական

Սարգսյանը դեղին քարտ է ցույց տվել Աղվան Հովսեփյանին. «Ժամանակ»

Սարգսյանը դեղին քարտ է ցույց տվել Աղվան Հովսեփյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Քննչական կոմիտե, որտեղ ունեցել է բավականին ուշագրավ ելույթ՝ հետաքրքիր շեշտադրումներով, որոնց համախառն գնահատմամբ հնարավոր է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը դեղին քարտ է ցույց տվել Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Սերժ Սարգսյանը բավականին, այսպես ասած, դիվանագիտորեն քողարկված շեշտադրումներով, սակայն բավական թափանցիկ ակնարկներով դժգոհել է Քննչական կոմիտեի գործունեությունից, նրբորեն ընդգծելով իրավապահ համակարգի աշխատանքի վրա դրա բացասական ազդեցությունը: Սարգսյանը կոչ է արել քննիչներին գործակցել դատախազության եւ ոստիկանության հետ, ինչով գործնականում Աղվան Հովսեփյանին ակնարկել է, որ նրա գլխավորած կառույցը տեսնում է ընդամենն իրավապահ համակարգի փաթեթում եւ չնայած Հովսեփյանի այսպես ասած համակարգային ստաժին՝ իշխանության համակարգի համատեքստում, ամենեւին չի պատրաստվում նրան տալ առաջնայնություն:

Եվ էլ ավելին, նկատի ունենալով Սարգսյանի մի շարք շեշտադրումներ ոչ միայն դատախազության եւ ոստիկանության հետ աշխատելու, պատասխանատվությունը դատախազների եւ դատարանների վրա չբարդելու մասին ակնարկները, այլ նաեւ վերջին օրերին Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած աղմկոտ սպանություններն ու «քրեական ռազբորկաների» բացահայտման մասին խոսքերը, հնարավոր է եզրակացնել, որ նա Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցին կամ ուղղակի Աղվան Հովսեփյանին մեղադրում է իրավապահ համակարգի ընդհանուր անարդյունավետության համար: Այդ առումով իսկապես ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը որոշեց աղմկոտ սպանություններին եւ քրեական պատմություններին անդրադառնալ հենց Քննչական կոմիտեում, գործնականում դրա վրա դնելով բացահայտման պատասխանատվությունը: Բանն այն է, որ այդ սպանությունները հանրային մեծ քննադատության սլաք ուղղեցին ոստիկանությանը: Դրանք օբյեկտիվ արձագանք էին, թե նաեւ քաղաքական, ներգերատեսչական շարժառիթներով պայմանավորված թիրախավորումներ՝ օգտվելով առիթից, իհարկե դժվար է ասել, հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը, թե՛ այլ պատճառներ, բայց հարվածը միարժեք ընկավ ոստիկանության վրա: Ահա այդ իմաստով հատկանշական է, որ Սարգսյանն իր Քննչական կոմիտե այցով եւ այնտեղ այդ սպանություններին ու «ռազբորկաներին» իրավապահների արձագանքի մասով անդրադարձով փոխեց սլաքը եւ ոստիկանության վրայից այն տեղափոխեց հենց Քննչական կոմիտեի վրա:

«Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի եւ անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլեւ դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ»,- հայտարարում է Սերժ Սարգսյանը: Այդպիսով, Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին ցույց է տալիս դեղին քարտն ու գործնականում նրբորեն մեղադրում անգամ «միայնակ խաղի» եւ իրավապահ համակարգը հանրային ընկալումներում այսպես ասած սաբոտաժի ենթարկելու համար: Գործնականում, Սարգսյանը դրանով մի կողմից թուլացնում է Աղվան Հովսեփյանի ներիշխանական դիրքերը, մյուս կողմից՝ որոշակի քարտ-բլանշ տալիս դատախազությանն ու ոստիկանությանը, այսինքն՝ դատախազ Արթուր Դավթյանին եւ ոստիկանապետ Վովա Գասպարյանին:

Ներիշխանական ներկայիս վերադասավորումների եւ կառավարման նոր համակարգում նոր դասավորության, իշխանության նոր տրամաբանության ու ստատուս-քվոյի պայմաններին իրավապահ համակարգն ադապտացնելը, անկասկած, ռազմավարական խնդիր է, եւ Սերժ Սարգսյանն այդ առումով գործնականում ընդգծում է թերեւս իր առաջնահերթությունն այդ խնդրի մասով: Համենայնդեպս, առայժմ Սարգսյանը հենվելու է դատախազության եւ ոստիկանության վրա: Դա համակարգային մոտեցում է, թե՞ Սարգսյանը առաջնահերթությունը որոշել է անձնային վերաբերմունքից ելնելով, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի, Արթուր Դավթյանի եւ Վովա Գասպարյանի հանդեպ անձնական վերաբերմունքով, անվստահությամբ եւ վստահությամբ, դեռեւս պարզ չէ:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: