կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-02-02 14:07
Քաղաքական

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը դեղին քարտ ցույց տվեց իշխանություններին. Արմենուհի Կյուրեղյան

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը դեղին քարտ ցույց տվեց իշխանություններին. Արմենուհի Կյուրեղյան

ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին արձագանքի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ: Նա կարծում է՝ համազեկուցողների արձագանքից պետք է եզրակացնել, որ օրենսդիր և գործադիր մարմինները իրավունք չունեն որևէ կերպ ճնշում գործադրելու դատական մարմինների՝ Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների և ընդհանրապես դատավորների վրա, որ նրանք պարտավոր են գործել Սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունների շրջանակում և դրանից դուրս յուրաքանչյուր քայլ դատապարտելի է: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հայտարարող իշխանավորները ճիշտ դասեր կքաղեն  ԵԽԽՎ հանձնաժողովի արձագանքից և կհրաժարվեն իրենց որդեգրած հակաժողովրդավարական, հակապետական, հակասահմանադրական գործելաոճից:

- Ինչպե՞ս կգնահատեք ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Մասնավորապես նրանք անհանգստություն են հայտնել Կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ:

- Կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության համատեքստում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների արձագանքը իրականության արտացոլումն է առ այն, որ օրենսդիր և գործադիր մարմինները իրավունք չունեն որևէ կերպ ճնշում գործադրելու դատական մարմինների՝ Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների և ընդհանրապես դատավորների վրա, որ նրանք պարտավոր են գործել Սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունների շրջանակում և դրանից դուրս յուրաքանչյուր քայլ դատապարտելի է ու հակասում է ժողովրդավարական երկրի գաղափարախոսությանը: Մեծ հաշվով` ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը դեղին քարտ է ցույց տվել իշխանություններին և դիմել «լրջացե՛ք» կոչով: Ես հույս ունեմ, որ օրվա իշխանությունը չի տառապում քաղաքական դալտոնիզմով և հաջորդիվ մեր երկրին չի արժանացնի միջազգային հեղինակավոր կառույցների կողմից տրված կարմիր քարտին:

- «Իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան և հարգեն այն իրենց գործողություններում և խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը»: Ըստ Ձեզ` համազեկուցողների այս դիտարկումը ո՞ր կողմին է վերաբերում:

- Այսօր երկրում ունենք մի իրավիճակ, երբ բազմակուսակցական ժողովրդավարության անվան տակ հաստատված է միակուսակցական իշխանություն և մեր երկրի վարչապետին դա էլ է քիչ ու նա ձգտում է միանձնյա իշխանության հաստատման: Եվ այդ ճանապարհին նա ոչ մի քայլի առաջ չի ընկրկում: Իր նպատակին հասնելու համար նա բազմիցս արդեն խախտել է սահմանադրական կարգն ու շարունակում է խախտել այն տարբեր գործողություններով ու հայտարարություններով: Նա իր տարբեր ելույթներով տարբեր մարդկանց մեղավոր է նշանակում, իսկ օրենսդիրի ու գործադիրի իր կուսակից ընկերները՝ կամա թե ակամա, հասկանալով թե չհասկանալով, ընդունելով թե չընդունելով, բայց իրար հերթ չտալով խոսում ու գործում են այնպես, որ իրենց ղեկավարի ախորժակը բավարարեն: Եվ այդ պարագայում էլ ինչպե՞ս  հարգեն անմեղության կանխավարկածի սկզբունքը: Համազեկուցողների՝ Ձեր մեջբերած դիտարկումն առաջին հերթին, իհարկե, հենց օրենսդիրին և գործադիրին է վերաբերում: Սակայն այն հավասարապես վերաբերում է նաև դատական մարմիններին: Նրանով փաստվում է, որ իրավունքի գերակայութան սկզբունքը պետք է գործի բոլոր դատավարական գործընթացներում, և դատավորներն ու դատարանները չպետք է ընկրկեն իշխանությունների ցանկությունների առաջ:

- Տիկին, Կյուրեղյան, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները՝ սկսած արդարադատության նախարարից, ողջունում են համազեկուցողների արձագանքը: Ստացվում է, որ ընդդիմությունն ընդգծում է, որ պետք է զգուշանալ այս արձագանքից, իշխանությունը հակառակը՝ ողջունում է: Ի՞նչ պետք է անել այս դեպքում:

- Այո,  իշխանության ներկայացուցիչները, սկսած արդարադատության նախարարից, ողջունում են համազեկուցողների արձագանքը: Գիտեք, կա՛մ այդ մարդիկ իսկապես չեն ընկալել, ի վիճակի չեն ընկալելու, կա՛մ չեն ուզում ընկալել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի արձագանքի բուն էությունը: Ինձ թվում է, որ նրանք ամեն ինչ լավ էլ ընկալել են, պարզապես միակողմանի ներկայացնելով, թաքցնելով ԵԽԽՎ զեկուցողների մտահոգությունները, փորձում են հանրությանը շեղել գործադիր իշխանությանը՝ խելքի գալու ԵԽԽՎ կոչերից:

- Կարծիք կա, որ իշխանության ներկայացուցիչները խմբագրել են և միայն արձագանքի դրական մասն են ներկայացնում, ինչո՞ւ:

- Այն, որ իշխանությունները խմբագրել են և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի արձագանքի միայն դրական մասն են ներկայացնում հանրությանը, դա փաստ է: Բայց ասեմ, որ իզուր էլ խմբագրել են: Ինչո՞ւ, որովհետև հասարակության այն մասը, ում իրենք կարող են մոլորեցնել, բոլորովին չի էլ կարդալու այդ տեքստը, լինի այն խմբագրված, թե չխմբագրված:  Իսկ հասարակության գիտակից զանգվածը, որը վաղուց արդեն հանրության մեծ մասն է, ի վիճակի է տարբերելու և գնահատելու խմբագրված և իրական տեքստերը, իսկ խմբագրման փաստն ինքնին արդեն նպաստում է իշխանությունների գործունեության գնահատականի նվազմանը:

- «Մենք արդեն իսկ ընդգծել ենք, քաղաքական դերակատարների կողմից այնպիսի գործողություններից և հայտարարություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա»: Ինչպես կմեկնաբանեք համազեկուցողների այս դիտողությունը:

- Նույն փաստաթղթում համազեկուցողները դիմել են իշխանության բոլոր ճյուղերին և կոչ արել քաղաքական դերակատարներին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից,  որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա: Ակնհայտ է, որ միայն շատ մեծ ցանկության դեպքում կարելի է չտեսնել, չհասկանալ, որ կոչն ուղղված է իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերին: Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հայտարարող իշխանավորները ճիշտ դասեր կքաղեն  ԵԽԽՎ հանձնաժողովի արձագանքից և կհրաժարվեն իրենց որդեգրած հակաժողովրդավարական, հակապետական, հակասահմանադրական գործելաոճից և, վերջապես, կմտածեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում ազգային անվտանգության ռազմավարությունների մշակման և իրականացման ուղղությամբ, եթե իհարկե, դեռ հնարավոր է:

ՀեղինակԱմալյա Առաքելյան