կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-06 12:30
Սպորտ

Ռուբեն Հայրապետյա՞նը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա. Շարմազանով

Ռուբեն Հայրապետյա՞նը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ ֆուտբոլասերները դժվար պահին պետք է շարունակեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կողքին լինել: Նա անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին անհաջողություններին և հոկտեմբերի 5-ին Լեհաստանի ընտրանուց կրած պարտությանը՝ 1-6 հաշվով:

«Մի լավ խոսք կա՝ հաղթանակն ունի բազում ծնողներ, իսկ պարտությունը՝ ոչ մի: Ես երեկվա խաղից հետո լսել եմ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մեկնաբանությունները, և կարծում եմ, որ այս դժվար պահին մենք պետք է լինենք հավաքականի կողքին: Ես հավատում եմ, որ մեր հավաքականն ի զորու է նոր խաղացողներով, նաև` այսօրվա թիմով, այսօրվա մարզիչի հետ 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական խաղերում ավելի հաջող հանդես գալ: Բրազիլիայի նման թիմը սեփական հարկի տակ 1-7 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին: Եթե Բրազիլիայի նման թիմը կարող է պարտվել 1-7 հաշվով, Հայաստանի հավաքականն էլ կարող է 1-6 հաշվով պարտվել»,- շեշտեց Շարմազանովը:

Նա հավաքականի վերջին անհաջողություններում չի տեսնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեղավորությունը: «Չեմ կարծում, որ այս պարտությունների մեջ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը կա: Ռուբեն Հայրապետյա՞նը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա: Նա այս տարիների ընթացքում ազնիվ ծառայել է հայկական սպորտին և հայկական ֆուտբոլին: Նրա նվիրվածության և պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում բազմաթիվ ակադեմիաներ են կառուցվել Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի այլ վայրերում: Այսինքն` պարոն Հայրապետյանն արել է ամեն ինչ` ֆուտբոլը զարգացնելու համար: Եթե պարոն Հայրապետյանին եք մատնանշում, լավ կլիներ նրան մատնանշեիք այն ժամանակ, երբ մեր հավաքականը 4:0 հաշվով հաղթում էր Սլովակիային, Դանիային»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց, որ 2012թ. հավաքականի արձանագրած հաջողությունների մեջ պետք է տեսնել նաև Ռուբեն Հայրապետյանի ներդրումը՝ ընդգծելով, որ ինքը չի տեսել, որ որևէ մեկն այդ ժամանակ նրա անունը տված լինի: «Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակահատվածում հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի հայկական ֆուտբոլը զարգանա: Նա ստեղծել է լավագույն պայմանները մեր թիմի համար: Մի հատ հարցրեք Արթուր Պետրոսյանին, Հարություն Վարդանյանին, Համլետ Մխիթարյանին, թե այն ժամանակ իրենք ինչ պայմաններում են մարզվել, երբ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ ֆրանսիացիներն էին բերում` համազգեստը մեզ նվիրում, և հիմա ինչ պայմաններում են մարզվում մեր թիմի ֆուտբոլիստները»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը վստահ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր պայմանները ստեղծել է հայկական ֆուտբոլի առաջընթացի համար, իսկ ֆեդերացիայի նախագահի գործառույթը հենց համապատասխան պայմաններ ապահովելն է:  «Մինչև մենք ուժեղ առաջնություն չունենանք, մենք չենք կարող ունենալ ցանկալի արդյունք: Իսկ ֆուտբոլը մեծ ներդրումներ է պահանջում: Նորմալ թիմ պահելու համար, որքան ես գիտեմ, առնվազն կես միլիոնից մինչև 1 միլիոն դոլար փող է պետք»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում անցկացրած 9 հանդիպումներից 7-ում պարտվել է՝ տանելով ընդամենը երկու հաղթանակ: Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է E խմբի նախավերջին հորիզոնականը՝ գերազանցելով Ղազախստանի ընտրանուն: Կրած 7 պարտություններից 5-ում Հայաստանի հավաքականը պարտվել է խոշոր հաշիվներով: