կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-05 17:56
Մշակույթ

Վաղուց պիտի գիտակցեինք, որ պատերազմող երկիր ենք, ու «Եվրատեսիլ»-ների փոխարեն բանակը պիտի զինեինք

Վաղուց պիտի գիտակցեինք, որ պատերազմող երկիր ենք, ու «Եվրատեսիլ»-ների փոխարեն բանակը պիտի զինեինք

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի նոյեմբերի 29-ին Լեհաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» ամենամյա մրցույթին։ Պատճառն Ադրբեջանի՝ Արցախում սկսած լայնածավալ պատերազմն է։ Հայաստանը 2007 թվականից մասնակցում է այդ մրցույթին, և այսօր, այս օրհասական պահին, երբ մինչև ատամները զինված թշնամի Ադրբեջանը, սիրիացի վարձկանների միջոցով ու Թուրքիայի բացահայտ աջակցությամբ մտնում է մեր տուն, նոր միայն գիտակցեցինք, որ մեզ այս՝ այլասերվածություն քարոզող մրցույթը հարկավոր չէ։

Մինչդեռ բազմիցս ենք ակնարկել, հիշեցրել ու բացատրել, որ պատերազմող երկիր ենք, ու ամենևին էլ կարիքը չկա օրնիբուն աշխատող հարկատուների հաշվին,  ամեն տարի  կլորիկ գումարներ ծախսելով, մեկնել այդ մրցույթին ու դոփել տեղում։ Այդ կլորիկ գումարներով Եվրոպայում անիմաստ «վոյաժներ» անելու փոխարեն վաղուց պիտի գիտակցեինք, որ պատերազմող երկիր ենք, ու «Եվրատեսիլ»-ների փոխարեն բանակը պիտի զինեինք։

Որպես փաստ՝ հիշեցնենք, որ նախորդ տարի՝ 2019-ին, «Մանկական Եվրատեսիլ» մեկնելու համար հարկատուների հաշվին գոյացած պետական բյուջեից հատկացվել էր 21 միլիոն դրամ, արդյունքում՝ հայաստանյան պատվիրակը գրավեց 9-րդ հորիզոնականը։

Իսկ արդեն երիտասարդ կատարողների «Եվրատեսիլ 2020»-ի համար, որպես պատերազմող երկիր, մեր սուղ բյուջեից 150 հազար դոլար վճարեցինք Եվրոպական հեռարձակողների միությանը։ Բայց կորոնավիրուսի պատճառով մրցույթը հետաձգվեց մինչև 2021 թվականը։  

Թեև տարեցտարի ակնհայտ է դառնում, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բոլոր տարբերակները` երիտասարդ կատարողների, մանկական, պարային եւ այլն, իսկական փողի քսակ են դառնում առանց այդ էլ թշվառ հայ հասարակության համար, որն օրնիբուն աշխատում, հարկեր է վճարում պետությանը, այնուամենայնիվ,  կլորիկ գումարներ են անխնա հատկացվում քաղաքականացված ու այլասերված մրցույթին, որտեղ մեր երկիրը հերթական անգամ, վերջից առաջին հորիզոնականները զբաղեցնելով, քոռուփոշման վերադառնում է հայրենիք: Եթե նախկինում Հայաստանը գոնե «Մանկական Եվրատեսիլ»-ում էր հաջողություններ գրանցում՝ գրավելով հիմնականում բարձր հորիզոնականներ, ապա նկատենք, որ վերջին երկու տարվա մեր մասնակցությունը 9-րդ հորիզոնականում էլ ավարտվում է: Ու կրկին տուժում ենք մենք` ՀՀ քաղաքացիներս:

Ինչևէ, գոնե պատերազմից հետո այս ամենը չմոռանանք, անցյալից դասեր քաղենք ու յուրաքանչյուր լուման գիտակցված ծախսենք, դարձյալ չնետվենք այլասերվածություն քարոզող ու մանկական հոգիները պղծող մրցույթների գիրկը։

Իսկ մինչ այդ Yerkir.am-ն առաջարկում է վերհիշել նախորդ տարիներին «Մանկական Եվրատեսիլ»-ի՝ Հայաստանի պատվիրակներին ու զբաղեցրած հորիզոնականները։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: Այդ տարի մրցույթին Հայաստանն առաջին անգամ ներկայացրեց Հայաստանի հանրային ռադիոյի «ԱՐԵՎԻԿ» խումբը՝ «Երազանք» երգով, եւ 136 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը:

Երկրորդ անգամ` 2008-ին, Կիպրոսում կայացած մրցույթում Հայաստանը ներկայացրեց 13-ամյա ՄՈՆԻԿԱ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԱՆ՝ «Իմ երգի հնչյունը» երգով, եւ 59 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

2009-ին Կիեւում կայացած մրցույթին Հայաստանի պատվիրակ ԼՈՒԱՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ներկայացավ իր հեղինակային «Բարսելոնա» երգով եւ 116 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

2010-ին Բելառուսում կայացած մրցույթում Հայաստանի պատվիրակ դարձած արցախաբնակ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ հաջողվեց իր «Մամա» երգով Հայաստան բերել մրցույթը: Պատանի երգիչը 120 միավորով հաղթանակ բերեց Հայաստանին: Արդյունքում` հաջորդ տարի Երեւանը դարձավ «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի մայրաքաղաքը:

 2011-ին ԴԱԼԻԹԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ հենց Հայաստանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ներկայացրեց մեր երկիրը «Մանկական Եվրատեսիլ»ում՝ «Welcome to Armenia» երգով եւ 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

2012-ին Նիդերլանդներում Հայաստանը ներկայացրեց COMPASS BAND խումբը` «Sweetie baby» երգով, եւ 98 միավորով զբաղեցրեց լավագույն եռյակի` 3-րդ հորիզոնականը:

2013-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում Հայաստանի պատվիրակ՝ 15-ամյա ՄՈՆԻԿԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ՝ իր «Choco Factory» երգով, զբաղեցրեց 6-րդ հորիզանականը:

 2014-ին Մալթայում կայացած մրցույթում ԲԵԹԹԻՆ` էլիզաբեթ Դանիելյանը, իր «Արեւի մարդիկ» երգով հավաքեց 146 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

2015-ին մրցույթի պատվիրակը 12-ամյա ՄԻԿԱՆ էր` Միքայել Վարոսյանը, որն իր «LOVE» երգի շնորհիվ, քվեարկության արդյունքներով եւ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով, 176 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

2016-ին Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը  ներկայացրին 13-ամյա երգչուհիներ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆՆ ու ՄԵՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Աղջիկները հանդես եկան «ՏԱՐԲԵՐ» երգով: Ժյուրիի քվեարկության արդյունքում 232 միավորով զբաղեցրին 2-րդ հորիզոնականը:

2017-ին մրցույթում Հայաստանի պատվիրակ 9-ամյա ՄԻՇԱՆ՝ իր «ԲՈՒՄԵՐԱՆԳ» երգով, սկզբում պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում հայտնվեց 4-րդ տեղում: Սակայն հանդիսատեսի քվեարկությունը փոխեց ընթացքը, Միշան 148 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

2018-ին Բելառուսում Հայաստանը ներկայացրեց ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ: 12-ամյա պատանին հանդես եկավ «L.E.V.O.N» երգով: Ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքում 125 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը:

2019-ին Լեհաստանում հայաստանյան պատվիրակը ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆՆ էր: 13-ամյա երգչուհին, հանդես գալով «Colors of your dream» երգով, ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքում 185 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ