կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-07 16:35
Իրավական

«Ապակեպատ» արդարադատություն՝ առանց հրապարակայնության

«Ապակեպատ» արդարադատություն՝ առանց հրապարակայնության

Շենգավիթի դատարանի տխրահռչակ ապակեպատ դահլիճի խնդրին բախվել եմ դեռևս 4 տարի առաջ, երբ հերթական քրեական գործը լուսաբանելիս ստիպված էի գործընկերոջս հետ որոշակի տարածություն կտրել-անցնել՝ ապակիներից այն կողմ գտնվող դատավորի պահանջները կատարելու համար:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ քննվող գործի մեկնարկն ուղղակի արարողակարգ էր հիշեցնում: Տեսանկարահանելու համար դատավորից թույլտվություն ստանալու համար ստիպված եղանք մոտ 10 րոպե վատնել և կտրել-անցնել որոշակի տարածություն: Դահլիճում` ապակիներից այնկողմ, մեզնից հավաքեցին լրագրողական բեյջերը և տարան դատավորի մոտ, ով հետո մեր ինքնությունը ևս մեկ անգամ ստուգելու նպատակով իր մոտ կանչեց: Շրջանցելով դահլիճը` հասանք ապակիներից այն կողմ և մանրամասն նկարագրեցինք, թե ինչ պարտականություններ ենք իրականացնելու (բնականաբար, ձայնագրել և տեսանկարահանել):

Դատավորը, իհարկե, թույլ չտվեց տեսանկարահանել: Իսկ ձայնագրառում իրականացնելը գրեթե անհնար էր, քանի որ դահլիճում տեղադրված դինամիկներից գրեթե ոչինչ չէր լսվում:

Այս տարիների ընթացքում տխրահռչակ դահլիճից իմ գործընկերները բազմիցս դժգոհել են: Դատական նիստերից մեկի ընթացքում էլ լրագրողներն անգամ ստիպված են եղել կուլ տալ դատավարությունը խեղաթյուրված լուսաբանելու՝ կողմերից մեկի մեղադրանքները, մինչդեռ այդ դահլիճում գոնե մեկ անգամ եղածները կփաստեն, որ ամուր նյարդեր ու կենտրոնացում է հարկավոր` դատավարության կողմերի կամ դատավորի արտաբերած խոսքերը գուշակելու համար:

Անցել է 4 տարի, սակայն ոչինչ չի փոխվել: Գործընկերներս հաճախ խուսափում են այս դահլիճում քննվող քրեական գործերը լուսաբանելուց՝ ավելորդ նյարդային լարվածություն չունենալու և հերթական անգամ տհաճ իրավիճակներում չհայտնվելու պատճառով (պաշտպանների խոսքերը սխալ ձևով ներկայացնել և այլն):

Հնչեղություն ունեցող քրեական գործերից մեկով այսօր հերթական անգամ ստիպված էինք այս դահլիճում գուշակել պաշտպանների, դատախազի և դատավորի խոսքերը: Ավելին` ստիպված էինք, շունչներս պահած, նստել, որպեսզի հերթական անգամ չարժանանայինք նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանի անհարկի դիտողություններին:

Ուշագրավ է, որ այս դատավորը, դատավարության հրապարակայնությունն ապահովելու փոխարեն արդեն երկրորդ դատական նիստն է` ուշադրությունը սևեռում է լրագրողների շարժուձևի և, որ ամենազավեշտալին է, անգամ դեմքի միմիկայի վրա: Տպավորություն է, որ լրագրողները գտնվում են ոչ թե դատարանում, այլ քրեակատարողական հիմնարկում:

Պետք է փաստել, սակայն, որ դատական համակարգում լրագրողներին արհամարհող դատավորների կողքին կան նաև այնպիսիք, ովքեր հարգանքով են մոտենում լրագրողի մասնագիտությանը, մեզ համար ավելորդ լարվածություն չեն ստեղծում և լրագրողներին չեն նայում դատական «բարձրությունից»:

Բոլորը, այդ թվում` լրագրողները, պարտավոր են դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսեւորել: Իսկ դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ եւ վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաեւ նպաստել դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը:

Թագուհի Մելքոնյան