կարևոր
10411 դիտում, 5 ամիս առաջ - 2023-08-29 18:27
Իրավական

Արդարադատություն չկա, կա ասֆալտ. Սաղաթելյանների փաստաբան

Երևան քաղաքի  դատարանի «Շենգավիթ» նստավայրում այսօր նախատեսված էր Սաղաթելյան եղբայների գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եղբորը Նաիրի Սաղաթելյանին և հորեղբոր որդուն Գուրգեն Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խմբակային խուլիգանությանը մասնակից լինելու  համար: Նշենք, որ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանները մասնակցել են Պռոշյան փողոցում Նիկոլ Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային, որի շրջանակներում էլ նրանց մեղադրանք է առաջադրվել: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը  վստահեցնում է, որ  հերթական շինծու գործերից է.

«Քրեական գործը քաղաքական հետապնդման ակնառու դրսևորումներից է, որովհետև, թիրախավորելով Սաղաթելյան եղբայրներին,  իրավապահ համակարգը թիրախավորել է Իշխան Սաղաթելյանին՝ որպես «Դիմադրություն» շարժման համակարգող, նաև, ըստ այդմ, «Դիմադրություն» շարժմանն է թիրախավորել: Քրեական գործն ակնհայտ շինծու է, մտացածին և որևէ ապացույց չկա, որ նախ այդ օրը այդ միջադեպը տեղի է ունեցել, և ապացույց չկա, որ Սաղաթելյան եղբայրները որևէ մասնակցութուն են ունեցել տվյալ միջադեպին:  Քրեական գործով տուժող ճանաչված անձը հաստատում է որ չի ճանաչում Սաղաթելյան եղբայրներին, այդ թվում՝ այժմ չի ճանաչում, չի տեսել երբևէ այդ միջադեպի օրը, սակայն մեկ-երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա, իբրև թե՝ այդ միջադեպին մասնակցել են Սաղաթելյան եղբայրները, խուլիգանական դրդումներով իբր թե ծեծի են ենթարկել տվյալ անձին, որը, կրկնում եմ,  նշում է, որ չի ճանաչում Սաղաթելյան եղբայրներին, նաև՝ այժմ, փորձում են գործ կարել:

Ակնհայտ է, որ սրա նպատակն է ճնշում գործադրել, վախ առաջացնել Սաղաթելյանների ընտանիքում՝ փորձելով այդ կերպ լռեցնել ընդդիմադիր խոսքը»,-ասաց փաստաբանը:

Սերգեյ Հարությունյանը փաստաբանի՝ իր օրինակով վստահեցնում է, որ նման շինծու գործերը բազմաթիվ են, որտեղ մեկ կամ երկու ոստիկանի ցուցմունքով փորձում են  քրեական գործեր կարել, երբեմն էլ՝  հաջողության են հասել:

«Ցավալի է, որովհետև ստացվում է, որ իրավապահ համակարգը գործիք է դարձել մեկ անձի ձեռքում՝ նրա իշխանությունը պահելու, վախի մթնոլորտ ձևավորելու և նրան Ա կետից Բ կետ տեղափոխելու համար, այն դեպքում, երբ նույնիսկ պաշտոնական տվյալներով  հանցավորության դեպքերը 20 տոկոսից ավելի բարձացել են»,-ասում է փաստաբանը՝ հիմնավորելով օրինակներով:

«Երկրում, կարելի է ասել, այլևս չկա արդարադատություն, գիտեմ, ոմանք կարող են հակադարձել, որ արդարադատություն չկա, բայց՝ ասֆալտ կա, բայց  չեմ կարծում, որ նպատակն էր ոստիկանական ասֆալտապետություն կառուցելու՝ ժողովրդավարության և իրավական երկրի փոխարեն: Միանշանակ կարող եմ փաստել, որ այս գործով մենք հասնելու ենք դրական արդյունքների և հաղթելու ենք, որովհետև չկան ապացույցներ»: 

Նշենք, որ դատական նիստը հետաձգվել է՝ Սաղաթելյանների դեմ ցուցմունք տված ոստիկանների՝ չներկայանալու պատճառով:

 

Սերգեյ Հարությունյան

Փաստաբան