Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մադաղիսում օգոստոսի վերջին նոր նոր հասունանում է նուռը, պարզապես այնտեղ ծառայող զինծվորները չեն համբերում, մինչ նուռը կհասնի, նրանք համատարած ճաշակում էին նոր նոր կարմրող նուռը: Կարճ ասած` նուռ ճաշակելու ժամ է, թեև Մադաղիսում բնության տված պտուղները նռով չեն սահմանափակվում, այստեղ աճում է արքայանարինջ, թուզ:
14 ամսվա զինծառայող սերժանտ Արթուր Տոնոյանը Ջերմուկից է: Ռազմական կրթություն ունի`ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Այս զինվորի տարբերակիչ հատկանիշը չանհետացող ժպիտն է: Եվ իր համոզմամբ` ժպիտը շատ է օգնում ծառայության ընթացքում դժվարությունները հաղթահարելու գործում:
Yerkir.am-ի հետ զրույցի ընթացքում Արթուր Տոնոյանն արտահայտում է հանրահայտ մտքեր, այն, որ զինվորը հենց ծառայության ընթացքում է կոփվում, որպես տղամարդ, և որ, եթե չլինի զինվորական ծառայությունը, ուրեմն նա զրկված կլինի կոփվելու հնարավորությունից:
«Զինծառայության ընթացքում զինվորը լիքը բաներ է գիտակցում: Նախ ծառայության ընթացքում դու ես դառնում քո գլխի տերը, էլ ինչ` մամա, պապա: Դառնում ես ինքնուրույն, դու պետք է հավաքես քո անկողինը, դու ես քո արաքների պատասխանատուն»,- ասում է սերժանտը:
Հարցին, թե ինչպիսին են միջանձնային հարաբերությունները զինվորների միջև, պատասխանում է. «Դե……նորմալ»: Ուրեմն լինու՞մ են միջանձնային խնդիրներ: Արթուր Տոնոյանի պատասխանն է. «Կան ոչ թե խնդիրներ, այլ` խնդրահարույց զինվորներ»:
Ինչ վերաբերում է սահմանին ինժեներա-տեխնիկական և սպառազինության հագեցվածության հարցերին, զինվորը կարծում է, որ ամեն ինչ նորմալ է, միայն ինժեներա-տեխնիկական հագեցվածության հարցում աճելու տեղ դեռ կա, հատկապես կահավորանքի հարցում:
«Երկու առանցքային գործոնով մենք առավելություն ունենք հակառակորդի նկատմամբ: Առաջինը` մեր ոգեղենությունն է, որն արդեն ապացուցվել է ապրիլյան քառօրյայի ժամանակ: Իսկ երկրորդ գործոնն այն է, որ հակառակորդը բազմաթիվ զինատեսակների չի կարողանում տիրապետել»,- ասում է զինվորը` հորդորելով ծառայության մեկնող զինվորներին` ավելի խորը գիտակցել` ուր են գնում ծառայության և ինչի համար:
Մելանյա Մելքումյան