Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել ենք, որ երեկ Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, նշեց, որ այս հանդիպումը բանակցային գործընթացի դրվագ էր, այնուամենայնիվ դրական փաստ է, որ հանդիպումը կայացավ:
«Դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը գործընթացից չհրաժարվելու, շարունակելու միտում ունի: Շատ կարևոր հանգամանք է, որ հանդիպման վերաբերյալ ինֆորմացիոն աղբյուրը էլի հայկական կողմն է: ՀՀ ԱԳՆ-ի տրամադրած տեղեկատվությունից ենք իմանում՝ ինչ է խոսվել ու քննարկվել: Եթե ուշադիր նայենք ադրբեջանական լրատվամիջոցները հենց ԱԳՆ խոսնակի վրա հղում անելով են տալիս որոշակի տեղեկատվություն»,- ընդգծեց պատգամավորը:
Հակոբյանը կարևորեց այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է՝ կարևոր է Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները իրագործվեն:
Պատգամավորը շեշտեց, որ հայկական կողմն իր դիրքորոշումը չի փոխում այդ հարցում և ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջին հերթին հենց այդ խնդիրն է առաջ քաշում: Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ ապրիլյան պատերազմից հետո 2 հանդիպում է տեղի ունեցել ամենաբարձր՝ նախագահների մակարդակով, և այդ ժամանակ էլ ձեռք են բերվել պայմանավորվածություններ և մինչև դրանք չիրականացվեն, ապա ըստ պատգամավորի, խոսել այլ երևույթների մասին իմաստ չունի:
«Սա շատ կարևոր է հաշվի առնել, կարևոր հանգամանք է, կարծում եմ՝ այս առումով բանակցությունների շարունակությունը դրական է լինելու , հայկական կողմը լավ դիրքեր է վերցրել՝ չհրաժարվելով Վիենայի և Սանկտ Պետերբերգի հանդիպումների ընթացքում պայմանավորվածությունների կյանքի կոչման պահանջից»,- նշեց նա: Պատգամավորի խոսքով՝ մենք պետք է նաև գիտակցենք, որ այս հակամարտությունը աշխարհի ամենաբարդ կարգավորման խնդիրներից մեկն է:
«Պիտի հասկանանք, որ բանակցություններ, կարելի է ասել չկան, եթե հակառակորդը կրակում է: Սակայն միևնույն ժամանակ կա բանակցային խաղ, բանակցային գործընթաց և իհարկե, հայկական կողմը պետք է այդ խաղին մասնակցի, այդ ուղղությամբ գնա»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ բանակցություններին չմասնակցելը մեզ ոչինչ չի տա և եթե միջնորդներն առաջարկում են հանդիպում, ՀՀ ԱԳ նախարարը չհանդիպելու խնդիր չունի:
Նա ընդգծեց, որ ՀՀ ԱԳ նախարարույթունն այս առումով իր գործը վատ չի կատարում: «Խնդիրն այստեղ Ադրբեջանն է, Ադրբեջանի պահվածքն է: Մենք հարգում ենք Մինսկի խմբի ձևաչափը, և այդ ձևաչափի կողմից՝ ցանկացած առաջարկի ադեկվատ արձագանքում ենք: Խնդիրն Ադրբեջանն է, նա էլ թող իր հարաբերությունները փորձի հարթել Մինսկի խմբի հետ»,- եզրափակեց նա: