Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հնգամյա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շարունակեց պնդել, թե ինչքան կարևոր է իմանալ` ով է 2018-ին լինելու վարչապետի պաշտոնի թեկնածուն, և նշեց, որ իրենց հստակ հարցին վարչապետ Կարեն Կարապետյանը միայն պատասխանեց, թե պատրաստ է լինել:
«Ես էլ եմ պատրաստ, լիքը մարդ պատրաստ է լինել վարչապետ: Քաղաքական մեծամասնություն մենք չունենք, բայց ուզում ենք հասկանալ` այսօրվա վարչապետն ունի՞ քաղաքական մեծամասնություն, թե՞ չէ, այդ հարցին չեք կարողանում պատասխանել»,-ասաց նա և շարունակեց պնդել, թե վարչապետն «անհավես է, անէմոցիա» և էլ նախկինի նման չէ:
Մարուքյանը առանձնացրել էր վարչապետի ելույթների հիմնական դրույթները, թե սահմանը փակ է, 7 մլն հայ դրսում է, մշակույթը հզոր զենք է, պոպուլիզմից պետք է հրաժարվել: «Երկրում ամենից շատը ձեզ են պոպուլիզմի համար մեղադրում: Հիմա 49% ձայն եք հավաքել ձեր պոպուլիզմի համար, էդ էլ անցավ, էլ չեն հավատում»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ արտաքին պարտքի մասին որևէ խոսք չկար ծրագրում, և անհավասարաչափ էին բաշխված համայնքների զարգացման մասին դրույթները: «Այնպես չեք արել, որ գյուղերը չդատարկվեն, բայց փոխարենը Երևանում գյուղ եք ուզում ստեղծել: Ինչի՞ համար, արտագա՞ղթն է կանգնելու, թե՞ տնտեսությունն է զարգանալու»,- հարցրեց նա:
Ըստ պատգամավորի՝ այսքան ժամանակ տեղյակ էլ չէ, թե վարչապետի տեսլականը ՀՀ արտաքին քաղաքականության մասին ինչպիսին է, մանավանդ, եթե, իհարկե, վարչապետը պատրաստվում է 20018-ին էլ շարունակել մնալ որպես վարչապետ:
Էդմոն Մարուքյանը կազմել էր վարչապետի` այլ երկրներ այս 10 ամիսների այցերի ցուցակը` Մինսկ՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին մասնակցելու համար, Մոսկվա, ապա` Թբիլիսի, Ղրղզստան` ԵԱՏՄ միջկառավարական նիստին մասնակցելու համար: «Սրանից հետո էլի մի քանի հայ-ռուսական հանդիպումներ, բայց հարց է առաջանում` բարձր տեխնոլոգիաների մասին եք խոսում այն դեպքում, երբ առաջադեմ մոտեցումները, փողը Արևմուտքում է, մի հատ արևմտյան այց չի կազմակերպվել, և հարց է` փորձել եք, չի՞ եղել, թե՞ չեք էլ կազմակերպել: Այս հարցերը կարևոր են ու մտահոգիչ: Ի՞նչ է արվում, որ ներդրումները գան, այդ մարդկանց ո՞վ պետք է համոզի»,- հարցրեց նա:
Մարուքյանը նշեց, որ վարչապետի բոլոր այցերը ԵԱՏՄ են, մինչդեռ այսօր ԵԱՏՄ շրջանակներում են ՀՀ քաղաքացիների շահերը ոտնահարվում: «ՀՀ վարորդական իրավունքով հնարավոր չէ ՌԴ-ում ծառայություններ կամ ազատ տեղաշարժ իրականացնել, ինչո՞ւ չեք պաշտպանում պարոն վարչապետ: Կարմիր լույսի տակ անցնելու համար մարդկանց դեպորտ են անում, պատկերացնո՞ւմ եք, եթե Գերմանիայում Բելգիայի քաղաքացուն դեպորտ անեն»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև միջավայրի փոփոխության խնդրին: «Երբ ասում էինք Ասոցացման համաձայնագրին միանալու մասին, դա նշանակում էր, որ ներդրումներ էին գալու, հիմա այլ ճանապարհ ենք գնացել, ներդրումներ չեն գալիս, միջավայրն էլ չի փոխվում, բացի խոսքի, թղթի մակարդակից, այլ բան չենք տեսնում»,- ասաց նա:
Նա մեջբերեց Համաշխարհային բանկի կանխատեսումները, որոնք, ըստ նրա, լրիվ այլ են, մինչդեռ կառավարության ծրագրով նախատեսվում է 5% աճ: «Այդ թվերը չկան, ասել են` գրեք, հետո կասեն` դե հիմա չեղավ»,- ասաց նա և եզրափակեց, որ եթե վարչապետը չի կարողանում մեկ ԱԺ խմբակցության հետ հանդիպել, ի՞նչ խորհրդարանական երկիր դառնալու մասին կարող է խոսք գնալ: «Դուք պետք երեք օր այս շենքից չգնայիք, և պետք չէր խնդիրը բարդել «Ելք»-ի վրա: Ասացիք` մյուս անգամ, բայց մյուս անգամվա համար էլ շանս չեք ունենա»,- եզրափակեց Մարուքյանը: