Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյայում թեժ քննարկումներ են, քանի որ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած բոլոր նախագծերը մերժվեցին: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ այս կառավարությունը բնավ օրիգինալ չէ և շարունակում է նախորդ բոլոր կառավարությունների արատավոր ավանդույթը:
«Կոնվեերային սիստեմով մերժում է ընդդիմադիր խմբակցությունների օրենսդրական առաջարկները: Դե, եթե կառավարությունը մերժում է, խորհրդարանական մեծամասնությունը կոնվեերային սկզբունքով ևս մերժում է բոլոր առաջարկները»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ ընդամենը առաջարկում են կասկածյալի և մեղադրյալի հարցաքննությունները տեսաձայնագրել: «Հիմա ի՞նչն է խանգարում, որ այս հարցը դարձնենք քննարկման առարկա: Խորհուրդ եմ տալիս քաղաքական մեծամասնությանը, որ գոնե մեկ անգամ չենթարկվեն կառավարության կոնվեերային որոշմանը, այն է` դակել, մերժել քաղաքական փոքրամասնության նախագծերը»,- ասաց Զոհրաբյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այդպես չէ, և ընդդիմադիրների ներկայացրած ոչ բոլոր նախագծերն են մերժվել:
Զոհրաբյանն էլ պատասխանեց. «Այստեղ ասվեց, որ ոչ բոլոր նախագծերին եք դեմ եղել: Նստած տեղերից սպառնալիքներ չներկայացնեք,մեզ դժվար է սպառնալը, սա ձեր ականջներին օղ արեք»:
Չնայած ընդդիմադիր պատգամավորների հորդորներին` գոնե քննարկման առարկա դարձնել իրենց առաջարկները, խորհրդարանական մեծամասնությունը մերժեց նրանց նախագծերը, ավելին` ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը ելույթում նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները «ժողովրդավարություն» են ասում, սակայն ժողովրդավարությունը քաղաքական մեծամասնության իրավունքն է:
Թովմասյանի այս ասածին հակադարձեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Եթե օրինակներ են բերվում, թե քանի երկրում այսպիսի բան կա, ապա ես ասում եմ` քանի՞ երկրում է եղել Ձեզ նման նախարար, քանի՞ երկրում է եղել Ձեզ նման հանձնաժողովի նախագահ, ոչ մի: Ուրեմն սահմանադրական մեծամասնության իրավունքները սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով: Քաղաքական մեծամասնության իրավունքները անսահամանափակ չեն, և ժողովրդավարությունը փորքամասնության իրավունքների մասին է նաև»,- ասաց պատգամավորը, ապա ընդգծեց, որ Թովմասյանը չի կարող ասել, թե մեծամասնություն են և ինչ ուզում են, կարող են անել:
«Դուք սխալ եք մեկնաբանու, պարո'ն Թովմասյան: Չգիտեմ` ով է ձեզ դաս տվել, էդ թեզը մտցրել ձեր մեջ, բայց չկա նման բան: Ամբողջ աշխարհի իրավական միքտը գիտի, որ քաղաքական մեծամասնության հիմքերը սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով և հնարավորություններով»,- հավելեց պատգամավորը:
Կրկին դիմելով Թովմասյանին` նա հորդորեց, որ իրենց ցույց չտան Սահմանադրության այս կամ այն հոդվածը: «Մենք գիտենք` ինչ իրավունքներ ունենք, բայց մենք քաղաքական հարց ենք բարձրացնում: Մենք ասում ենք` եթե ուզում եք երկիրը տեղից առաջ շարժվի, պետք է ընդդիմության ներկայացրած նախագծերը նույնպես քննարկման առարկա դառնան և ընդունվեն: Սրանք այնպիսի նախագծեր են, որ չեն էլ սպառնում ձեր իշխանությանը»,- ասաց նա:
Մարուքյանն այնուհետև անդրադարձավ Վահրամ Բաղդասարյանի ասածին, թե ընդդիմադիրների ներկայացրած ոչ բոլոր նախագծերն են մերժվում: «Պարոն Բաղդասարյանն ասում է` ստատիստիկան նայենք: Նայենք, «Ելք» խմբակցության բոլոր առաջարկները մերժվել են, ի՞նչ ստատիստիկա: Դուք սկսել եք այն մեծամասնության նման, որ` մենք շատ ենք, էսպես ենք ուզում, էսպես պետք է լինի»,- եզրափակեց նա: