կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-16 17:19
Քաղաքական

Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է երկու երկրների համար` Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ 25 տարիները դարձել են բոլոր ուղղություններով երկու պետությունների դաշնակցային փոխգործակցության ամրապնդման տարիներ: Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման և ամրապնդման գործում Նախագահը մեծապես կարևորել է «Գազպրոմ» ընկերության դերը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա: 

Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և ներկայացրել իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունը, Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում ունեցած ներդրումն ու զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով իրականացվող ներդրումային նախագծերը, որոնցում կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը: 

«Գազպրոմ» ընկերության վարչության նախագահը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է նաև մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում «Գազպրոմ Արմենիա»-ի աջակցությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկի՝ «Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում ուսումնամարզական համալիրի կառուցման ընթացքի մասին: Բացառապես սոցիալական ուղղվածությամբ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններով՝ մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, մի շարք մարզաձևերի համար նախատեսված սրահներ ներառող այդ համալիրի շինարարությունը, Ալեքսեյ Միլլերի հավաստմամբ, մինչև հաջորդ տարեվերջ կհասցվի ավարտին: 

Կարևորելով «Գազպրոմ» ընկերության ներկայացվածության մակարդակը Հայաստանի տնտեսությունում, ինչպես նաև վերջինիս ներգրավվածությունը իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում՝ Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել ընկերությանը բոլոր ծրագրերի իրականացման գործում: