Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բյուջետային գրասենյակը հրապարակել է 2016թ բյուջեի կատարման հաշվետվությունը:
Եվ այսպես` 2016 թվականին տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատ դանդաղեցին. Տնտեսական աճը կազմեց 0.2%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման և, դրա արդյունքում, տնօրինվող եկամուտների դեռևս ցածր մակարդակի ազդեցությունը:
Համախառն առաջարկ . 2016 թվականին` 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 0.2% աճ, ինչը զիջում է նախորդ տարվա ցուցանիշը 2.8 %-ային կետով: Ընդ որում՝ ՀՆԱ-ի աճին դրականորեն են նպաստել արդյունաբերության (0.8 %-ային կետ) և ծառայությունների (1.9 %-ային կետ) ճյուղերը, իսկ գյուղատնտեսությունը (-1.0 %-ային կետ) և շինարարությունը (-1.0 %-ային կետ) տնտեսական աճի վրա ունեցել են բացասական ազդեցություն:
2015-2016 թվականներին տնտեսության ճյուղերի ավելացված արժեքների նպաստումները ՀՆԱ-ի իրական աճին (%-ային կետ)
Արդյունաբերություն. 2106 թվականին արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալի 6.7% աճ: Արդյունաբերության աճին հիմնականում նպաստել են մշակող արդյունաբերության՝ 7.7% և հանքագործական արդյունաբերության 8.3% աճերը: Մշակող արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել ծխախոտային արտադրատեսակների (23.5%) և ոսկերչական արտադրատեսակների (97.7%) աճերով: Էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ճյուղերում արձանագրվել է համապատասխանաբար 2.0% և 7.0% աճ:
Գյուղատնտեսություն. 2016 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքն իրական արտահայտությամբ նվազել է 5%-ով: Գյուղատնտեսության նվազումը պայմանավորված է եղել բուսաբուծության 11.7% նվազմամբ: Բուսաբուծության նվազմանն ամենամեծ նպաստումն են ունեցել պտուղ, հատապտղի և խաղողի համապատասխանաբար 37.2% և 42.2% նվազումները: Միևնույն ժամանակ, անասնաբուծությունը և ձկնորսությունը դրականորեն են նպաստել գյուղատնտեսությանը՝ աճելով համապատասխանաբար 4.7%-ով և 3.0%-ով:
Շինարարություն. 2016 թվականին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները նախորդ տարվա նկատմամբ նվազել են 10.8%-ով: Շինարարության նվազմանը հակազդել է միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության աճը (28.3%), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման (54.6%), գյուղատնտեսություն, անտառային տնտեսության և ձկնորսությաւն (55.8%), հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման (89.4%), ինչպես նաև մշակող արդյունաբերության (61.7%) ոլորտներում իրականացված շինարարության աճը:
Ծառայություններ և առևտուր. 2016 թվականի ընթացքում մատուցված ծառայությունների ծավալը 2015 թվականի նկատմամբ աճել է 7.1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել մշակույթի, զվարճությունների և հանգստիտ (22.2%), տրանսպորտի (17.9%), ինչպես նաև ֆինանսական և ապահովագրական (3.9%) գործունեության տեսակների հետ կապված ծառայությունների աճով: Ինչ վերաբերում է առևտրին, ապա այստեղ շրջանառությունն աճել է 1%-ով:
Տրանսպորտ և կապ. 2016 թվականին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է բեռնափոխադրումների ծավալի 85.3% աճ` պայմանավորված հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով (2.4 անգամ) ներհանրապետական բեռնափոխադրումների զգալի աճով: Իսկ ահա ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 1.3%-ով` պայմանավորված հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով (հատկապես տաքսիներով) իրականացվող ուղևորափոխադրումների ծավալի 1.5% նվազմամբ:
Աշխատանքի շուկա. 2016 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի նկատմամբ աճել է 2.3%-ով` կազմելով 188851 դրամ: Իրական աշխատավարձը 2015 թվականի համեմատ աճել է 3.7%-ով, իսկ աշխատուժի արտադրողականությունն իրական արտահայտությամբ աճել է 6.8%-ով:
Գործազրկության մակարդակը 2016 թվականին նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 18.0%:
Համախառն պահանջարկ. 2016 թվականի տնտեսական աճն ուղեկցվել է սպառման վերականգնմամբ և 2015 թվականի նկատմամբ զուտ արտահանման բարելավմամբ: Առևտրի վերականգնման և սպառողների վստահության բարելավման պայմաններում սպառումը 2015 թվականի նկատմամբ իրական արտահայտությամբ աճել է 1.4%‑ով: Ընդ որում՝ մասնավոր սպառումն աճել է 1.0%-ով, իսկ պետականը՝ 3.8%-ով:
Գներ և սակագներ. 2016 թվականին միջին գնանկումը կազմեց 1.4%: 2016 թվականի տարվերջին 12-ամսյա գնանկումը կազմել է 1.1%: Տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ը արձագանքել է գնանկումային միջավայրին` իրականացնելով ընդլայնող դրամավարկային քաղաքականություն: Այսպես. վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 2.5 տոկոսային կետով` դեկտեմբերի վերջին կազմելով 6.25%:
Արտաքին հատված. Ընթացիկ հաշվի պակասուրդը մնացել է նախորդ տարվա ցածր մակարդակում: Այն կազմել է ՀՆԱ-ի 2.7%: Արտաքին ապրանքաշրջանառությունը 2016 թվականին կազմել է 5075.3 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 7.4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման և ներմուծման ծավալների աճ. արտահանումն աճել է 20%-ով` կազմելով 1782.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 1.6%-ով և կազմել է 3292.4 մլն ԱՄՆ դոլար:
2016 թվականին ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրությունը փոխվել է ի օգուտ ԵԱՏՄ երկրների: 2016 թվականի արտաքին առևտրաշրջանառության 30.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ (որից 27.8%-ը՝ ԵԱՏՄ), 24%-ը` ԵՄ և 45.6%-ը՝ այլ երկրներին: ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ երկների կշիռը նախորդ տարվա նկատմամբ աճել է 1.9 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորվել է դեպի այդ երկներ արտահանման 53% աճով (հիմնականում՝ Ռուսաստան):
2016 թվականի տարեկան միջին փոխարժեքը կազմել է 480.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց` նախորդ տարվա (477.9) նկատմամբ արժեզրկվելով 0.5%-ով՝ 2015 թվականի համապատասխան ցուցանիշի 13% արժեզրկման դիմաց:
Դրամավարկային հատված և ֆինանսական շուկա. 2016 թվականի տարեվերջին փողի բազան կազմել է շուրջ 1042.3 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 13.1%-ով: Ընդ որում, զուտ արտաքին ակտիվներն աճել են 35%-ով, իսկ զուտ ներքին ակտիվերը նվազել են 12.6%-ով:
2016 թվականի տարեվերջին փողի զանգվածը կազմել է 2180.1 մլրդ դրամ` տարեսկզբի նկատմամբ աճելով 17.5%-ով: Ընդ որում, զուտ արտաքին ակտիվների աճը կազմել է 31.1%, իսկ զուտ ներքին ակտիվներինը` 11.3%: 2016 թվականի ընթացքում դոլարայնացման մակարդակը նվազել է` ի տարբերություն 2015 թվականին արձանագրված աճի:
Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները 2016 թվականին նախորդ տարվա նկատմամբ աճել են 23.7%-ով, որին 13.4 %-ային կետով նպաստել է դրամային ավանդների, 10.3 %-ային կետով` արտարժույթային ավանդների աճը:
Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները 2016 թվականին նախորդ տարվա նկատմամբ աճել են՝ 14.9%-ով, 2015 թվականի 3.1% նվազման դիմաց: Վարկերի աճին 8.16 տոկոսային կետով նպաստել է դրամային վարկերի և 6.77 տոկոսային կետով՝ արտարժութային վարկերի աճը:
Ավանդների և վարկերի տոկոսադրույքները նվազման միտումներ են դրսևորել: 2016 թվականին ՀՀ դրամային ավանդների (մինչև մեկ տարի ժամկետով) միջին տարեկան տոկոսադրույքը կազմել է 11.6%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2.5 տոկոսային կետով: ՀՀ դրամով վարկավորման (մինչև մեկ տարի ժամկետով) միջին տարեկան տոկոսադրույքը կազմել է 17.4%՝ նվազելով 0.2 տոկոսային կետով:
Հարկաբյուջետային հատված. 2016 թվականի արդյունքներով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23.1%-ը՝ նախորդ տարվա 23.2%-ի դիմաց, իսկ հարկերը և տուրքերը՝ ՀՆԱ-ի 21.3%-ը՝ նախորդ տարվա 21.2%-ի դիմաց: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 0.3%, իսկ հարկերինը և տուրքերինը` 1.1%:
ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի ցուցանիշը 2016 թվականի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.6 %-ային կետով՝ կազմելով 28.6%: Ծախսերի աճին նպաստել են հիմնականում ընթացիկ ծախսերը` աճելով 3.5%-ով (նպաստումը` 3 տոկոսային կետ), իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 1.7%-ով` ծախսերի աճին նպաստելով 0.2 տոկոսային կետով:
Պետական բյուջեի պակասուրդը 2016 թվականին կազմել է ՀՆԱ-ի 5.5%-ը` նախորդ տարվա 4.8%-ի համեմատ: Պակասուրդի ֆինանսավորման 61.4%-ը կատարվել է արտաքին աղբյուրների միջոցների ներգրավմամբ, որով պայմանավորված` 2016 թվականին արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 45.9%` նախորդ տարվա 41.5%-ի համեմատ: Արդյունքում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 51.9%, իսկ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը` 56.7%: