կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-22 12:49
Քաղաքական

Հայ ժողովուրդը մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղությունը. քաղաքագետ

Հայ ժողովուրդը մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղությունը. քաղաքագետ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի հիմնահարցին: Ըստ քաղաքագետի` Հայաստանում Արցախյան հիմնահարցի հետ կապված կա երկու տեսակետ:

«Մեկը փոխզիջումների տեսակետն է, բայց դա նշանակում է հայկական կողմի զիջում: Երկրորդ տեսակետը ժողովրդի տրամադրությունն է»,- ասաց նա, ապա հավելեց. «Հայ ժողովուրդը մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղությունը, որի թիմը աղանդ է հիշեցնում»:

Շիրինյանի խոսքով` երկու տեսակետի պայքար լինելու է, և մեր ժողովրդի տեսակետը հստակ է: «Արտաքին քաղաքական իրադրությունն այնպիսին է, որ ի վնաս մեզ որևէ բան չի լինի, եթե մենք չուզենանք հանձնվել: Եթե Ռուսաստանը շահագրգիռ է Ադրբեջանին իր գիրկ տանել, ապա Հայաստանի հաշվին չի կարող նման բան անել: Ինչ մնում է Եվրոպային և ԱՄՆ-ին, ապա նրանք ոչ միայն շահագրգռված չեն, այլ «ոչ»-ի տեսակետ կունենան, որ Ռուսաստանի դերն ավելի չբարձրանա այս տարածաշրջանում»,- նշեց նա:

Շիրինյանի կարծիքով` ոչ միայն ոչ մի թիզ հող չպետք է զիջել թշնամուն, այլև հարմար պահին պետք է առաջ շարժվել: Նա ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանին թուլացնելու քաղաքականություն է շարունակում վարել: «Ապրիլյան պատերազմով էլ հաջողություն չգրանցեց Ադրբեջանը, ստրատեգիական իմաստով ոչ մի հարց չի լուծել, հիմա հյուծման պատերազմի է անցել, և սա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը Ադրբեջանին չպարտադրի հարյուր տոկոսանոց խաղաղություն, ինչի համար համախոհներ են պետք, հարկավոր է Իրանի հետ երկխոսության գնալ»,- ասաց քաղաքագետը:

Շիրինյանի կարծիքով, Հայաստանը մեկ բան պետք է անի` Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը տա Արցախին, իսկ ինքը` հակաադրբեջանական ալյանս ստեղծվի, ինչի համար տևական աշխատանք է պետք, բայց արժի դա անել:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, Շիրինյանի խոսքով, դա ուղերձ էր, որ Ադրբեջանը չափն անցել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններում: «Դրա դեմն են առնում, ընդգծում նրա` ոչ ժողովրդավար լինելու հանգամանքը: Ադրբեջանի ականջը քաշելու փորձ են անում, որ ձգտում է դեպի Ռուսաստան, և դա կապում են Արցախի հարցի հետ: Ես կուզենամ, որ ՀՀ-ում դա չուռճացնեն: Սա Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքն էր, որը ցանկանում է Ռուսաստանի հետ մերձենալ»,- կարծիք հայտնեց քաղաքագետը` մեկ անգամ ևս ընդգծելով, որ Իրանի հետ պետք է գնալ լուրջ բանակցությունների, և որ Իրանի նախագահի ընտրությունները ողջունելի են: