Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այդ օրը գյուղում ուրիշ լռություն էր: Պատերի տակ նստած կանայք չէին խոսում: Զինվորի տուն ելումուտ անողների դեմքերը նույն էր` ոչինչ չասող:
Զինվորի տան բակում հավաքված տղամարդկանց լռությունը երբեմն խախտում էր մուրճի ձայնը: Ծանոթ-անծանոթ հավաքվել՝ նորոգում էին զինվորի տան մաշված թախտը: Տղամարդիկ լուռ էին, թվում էր, թե հաշտվել են զինվորի կորստի հետ, բայց` չէ, չասված բառերի հետևում հարցականներ կային, հայացքներում՝ ցասում:
Մաշված տան պատերի ներսում ծանրացել էր զինվորի մահվան բոթը: Պատերից կախված կարպետները կիսով չափ ծածկում էին սենյակի գորշությունը: Կիսամութ սենյակում կարպետներն անհրապույր էին, հասարակ լամպի լույսի տակ՝ առավել ևս: Պատերի ներսում ամեն բան զինվորին էր հիշեցնում, պատմում նրա չապրած տարիների մասին:
Այդ օրը զինվորի մայրը մենակ չէր: Նրա կողքին ուրիշ մայրեր կային: Մայրերի սգի մեջ բողոք կար, բողոքի մեջ՝ ցասում: Սենյակի օդը ծանրացել էր կանանց աղմուկից: Իրար հերթ չտալով` խոսում էին, պատմում կատարվածի մասին, այն ամենի մասին, ինչը չէին տեսել: Պատմում էին վստահ ու կասկածով, բորբոքված ու մեղմ, մեղադրում երկրին, բանակին, իրենք իրենց ու բոլորին:
Զինվորի մայրն այդ օրը բոլորի հետ էր, բայց մենակ՝ իր վշտի ու կարոտի հետ: Որդու հետ վերջին անգամ խոսել էր դեպքի նախորդ օրը: Տղան կարճ ասել էր՝ ամեն ինչ լավ է, ու անջատել հեռախոսը: «Երանի այդ օրը մի քիչ երկար խոսեր»,- ասում է մայրն ու պատմում որդու ապրած տարիների մասին: Պատմում է ու չի հագենում: Որդու՝ իրեն ասած վերջին բառերն անընդհատ կրկնում է ու մղկտում: 57-ամյա մոր ոտքերը քանի տարի է` ցավում են, ցավին չի դիմանում, դրա համար էլ տեղից չի շարժվում:
Այդ օրը մայրը ոտքերի ցավի մասին չհիշեց, չգանգատվեց նեղությունից, խարխուլ պատերից ու կարիքից: Ամուսնուն կորցնելուն մի կերպ դիմացել էր, բայց որդու կորստին դիմանալ կլինի՞: Բաց վերքին աղ լցնելու պես բան է մինուճար զավակի կորուստը:
Զինվոր կորցրած մորը մխիթարող բառեր երբեք չեմ ասել, չգիտեմ էլ, որ ասեմ: Ինձ հանդիպած զոհված զինվորների մայրերը երբեք չեն նեղացել երկրից, հայրենիքից: Իմ ճանաչած մայրերը իմացել են մի թշնամի ու իրենց ցասումն ուղղել այդ կետին: Բայց այս դեպքն ուրիշ է, զինվորը սպանվել է «մեր» գնդակից ու ամենևին էլ էական չէ՝ ինչպես: Այս մորը հայրենասիրության պաթոսով չես լռեցնի, ոչ էլ ինքդ կարող ես լռել: Երբ լռես, կմտածի, թե մի բան գիտես, չես ասում, իսկ որդուն կորցրած մայրն ամեն ինչ ուզում է իմանալ, ամեն լուր բերողից ուզում է լսել որդու վերջին բառերը, այդ բառերի մեջ տեսնել վերջին ժպիտն ու զգալ վերջին շնչառությունը:
Զինվորի մայրն այդ օրը մենակ չէր, նրա կողքին ուրիշ մայրեր էլ կային, բայց նրան այդ օրը ու երբեք ոչ ոք չի հասկանա:
Մի քանի օր էլ կանցնի, ու բոլորը կգնան, զինվորի մայրն իր վշտի հետ մենակ կմնա, զինվորի մայրը միայնակ կհաշվի որդու չապրած տարիները:
Թագուհի Մելքոնյան