Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն (նստավայրը՝ Թբիլիսի)՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել պապական նվիրակին վերջին հինգ տարիների նրա աշխատանքի, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի և անձնական մեծ ներդրման համար:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ վերջին հինգ տարիները նոր հնչեղություն հաղորդեցին Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերություններին՝ ամրապնդելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու առկա փոխըմբռնումը։ Նախագահ Սարգսյանի համոզմամբ, այդ ժամանակահատվածում տեղի ունեցած, հիրավի, պատմական իրադարձությունները՝ Վատիկանում Հայաստանի դեսպանության հիմնումը, բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի «Այցը առաջին քրիստոնյա երկիր»՝ Հայաստան, Պապի կողմից ի լուր աշխարհի էկումենիկ պատարագի մատուցումը հայ ժողովրդի ցեղասպանված որդիների հավերժ հիշատակին, աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոսի շնորհումը, նոր բովանդակությամբ հարստացրին միջպետական օրակարգն ու լրացուցիչ հնարավորություններ բացեցին համագործակցության հետագա խորացման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին իր հետագա առաքելության իրականացման ժամանակ էլ կհիշի Հայաստանը և կշարունակի մնալ մեր երկրի և ժողովրդի լավ բարեկամը:
Արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ իր գործունեության ողջ ընթացքում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, թե երախտապարտ է, որ իրեն հնարավորություն և շնորհ տրվեց մասնակցություն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված պատմական իրադարձությունների կայացմանը: