կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-04 21:30
Հասարակություն

Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ին մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ին մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հայաստանյան Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ին մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ ժամը 17:30-ին ս. Գայանե վանքում տեղի կունենա երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին:

Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Իսկ հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Այդ օրը ժամը 10:30-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կմատուցվի Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ ։

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: