կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-02 20:49
Քաղաքական

Ռեւանշիզմ, «վանդալիզմություն»…լրագրողները Տարոն Մարգարյանից «քննություն էին վերցնում»

Ռեւանշիզմ, «վանդալիզմություն»…լրագրողները Տարոն Մարգարյանից «քննություն էին վերցնում»

Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դավիթաշեն համայնքում հատված ծառերի խնդրին:

Հարցին` նա դա որակել էր վանդալիզմ, սակայն ծառերը սկսեցին կանաչել, և կալանավորված անձը ազատ արձակվեց, ուրեմն չէ՞ր ուսումնասիրել, որ խորը էտ է արվել և դրա համա՞ր է որպես վանդալիզմ բնութագրել, Մարգարյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք ուսումնասիրել ե՞ք, որ դա խորը էտ էր», ապա հավելեց. «Ես այդ կարծիքին չեմ, գործ է հարուցված, և քննություն է շարունակվում»:

Դիտարկմանը` ծառերը կանաչել են, իսկ այդ մարդուն ազատ են արձակել, քաղաքապետն արձագանքեց. «Եթե ծառը ծայրից ծայր էլ կտրես, ինքը ճյուղ տալու էր, դա մասնագիտական է, ինձ թվում է փորձաքննություն է ընթանում: Այսօր մենք ասում ենք` դա խորը էտ չի և բոլոր մասնագետներն են ասում: Դա ծառերի հատում է, իրավապահները զբաղվում են: Այսքան ժամանակ տեսել ե՞ք, որ ծառերի էտման համար գործ հարուցվի, փաստ է, որ հարուցվել է»:

Իսկ լրագրողի դիտարկմանը, որ նա այդ երևույթը վանդալիզմություն է համարել, իսկ հայերենում նման բառ չկա, Տարոն Մարգարյանն այդպես էլ չարձագանքեց:

Yerkir.am-ի դիտարկմանն էլ` քաղաքապետը կողմ է՞ ռևանշիզմին, նա արձագանքեց. «Ուզում ե՞ս իմ կարծիքն իմանալ: Ես իմ կարծիքն արտահայտել եմ այլ լրատվամիջոցի, կնայեք, կիմանաք»:

Նշենք, որ համաձայն կայքերից մեկի հրապարակած հարցազրույցի տեքստի, Տարոն Մարգարյանն ասել է.«Ես անձամբ դեմ եմ պատմության վերանայմանը, ռևանշիզմին, արհեստական մաքրազերծումներին»: Ցավոք, Մարգարյանն այսօր չկարողացավ արտաբերել այդ միտքը: