կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-02 14:55
Առանց Կատեգորիա

Վարչապետի հետ բնականոն հարաբերություններ ունենք. Հրանտ Մարգարյան

Վարչապետի հետ բնականոն հարաբերություններ ունենք. Հրանտ Մարգարյան

Առաջիկա մեկ շաբաթում ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն նոր համագործակցության հուշագիր կստորագրեն: Այս եւ այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրույցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

-Պարոն Մարգարյան, մամուլը համառորեն գրում է, որ ՀՅԴ-ի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարված են: Այսօր էլ թերթերից մեկը գրել էր, թե իբր երեկ մի խնջույքում Կարեն Կարապետյանի կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները, թե իբր դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել։ 

 -Ներկա չեմ եղել այդ թերթի մատնանշած խնջույքին, չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր նման լուրեր են տարածում, այլ նպատակներ են հետապնդում: Ես չեմ ուզում այդ խաղին կուլ գնալ: Այդուհանդերձ, կատակի ժամանակ կարելի է շատ բան ասել, բայց, միեւնույն ժամանակ, կին նախարար ունենալը կատակելու բան չէ: 21-րդ դարում մարդկությունը ձգտում է, որ կանայք նույնչափ ներկայացվածություն ունենան քաղաքականության մեջ, կառավարությունների մեջ, որչափ տղամարդիկ: Ի՞նչ վատ կլինի եթե անգամ վարչապետն էլ կին լինի: Մերկելը կին է, վա՞տ վարչապետ է: Դրա մեջ ոչ մի անպատեհություն չկա, զարմանալու բան չկա, 21-րդ դարում պետք է այդպես մտածել:

-Այդուհանդերձ, լարվա՞ծ են Դաշնակցության եւ վարչապետի հարաբերությունները: Եվ, ի վերջո, ինչո՞ւ է ուշանում  ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:

-Իրականության մեջ նման բան չկա: «Լարվածություն»-ն այս դեպքում շատ կոպիտ բառ է: Բնականաբար, մարդիկ ենք, տեսակետներ ունենք, քննարկումներ են լինում, բայց, վերջիվերջո, կայացվում են որոշումներ: Համաձայնագրի տեքստը պատրաստ է, չստորագրելու պատճառ, որպես այդպիսին, չկա, ՍԴ որոշմանն էինք սպասում: Կարծում եմ, որ մոտ օրերս կլինի ստորագրման արարողությունը:

Մենք ունենք բնականոն հարաբերություններ վարչապետի հետ, ունենք տեսակետներ, երբեմն այդ տեսակետները համընկնում են, երբեմն՝ տարբերվում իրարից, բայց որեւէ լարվածություն մեր հարաբերություններում չկա:

-Կարեն Կարապետյանի համար ընդունելի՞ են ձեր երեք նախարարները:

-Նախ մեզ համար պետք է ընդունելի լինեն մեր նախարարները: Այստեղ է հիմնական հարցը` երբ երկու ուժ համագործակցում են, պետք է կարողանան մեկը մյուսի տեսակետն ընդունել: Իհարկե, իրավունք ունի մեր նախարարների մասին տեսակետ ունենալու, բայց նաեւ մենք էլ կարող ենք նրա նախարարների մասին տեսակետ ունենալ, եւ այդ տեսակետները կարող են տարբերվող լինել: Բայց կարծում եմ, որ այս հանգրվանում նման հարց չկա:

-ՀՀԿ-ՀՅԴ նոր ստորագրվելիք հուշագիրն անժամկե՞տ է, թե՞ մինչեւ 2018 թվականն է:

-Այս հանգրվանում մեր նոր համաձայնագիրը, ինչպես նախորդը, բնականաբար, անժամկետ է լինելու: Սակայն նույն համաձայնագրում նաեւ գրված է, թե որ դեպքում այն կարող է չեղյալ հայտարարվել: Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու ձեւը նախատեսել ենք, բայց համագործակցության համար ժամկետ չենք նախանշել:

-Շա՞տ է տարբերվելու նոր համաձայնագիրը գործողից:

-Չի տարբերվելու: Այս նոր համաձայնագիրը գործողի լրացված տարբերակն է: Կառավարությունն ինչպես պետք է աշխատի. այս մասով է, որ նոր լրացումներ կան:

-Դաշնակցությունը համագործակցության շուրջ համաձայնությունը ո՞ւմ հետ է ձեռք բերել, ո՞ւմ հետ է բանակցում ՝ նախագահ Սարգսյանի՞, վարչապետ Կարապետյանի՞…

-Ծրագրային խոսակցությունները եղել են երկուսի հետ: Կոնկրետ համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

-ՀՅԴ-ն պահպանելո՞ւ է իր երեք նախարարական պորտֆելները:

-Մի´ շտապեք, բայց կարծում եմ՝ այո:

-Նույն նախարարներո՞վ:

-Մի´ շտապեք, բայց կարծում եմ` այո:

-Իսկ հնարավո՞ր է` անգամ ընդլայնեք ձեր տեղն ու դիրքն իշխանության մեջ:

-Մենք փոքր երկիր ենք, ունենք ազգային խնդիրներ, եւ այստեղ ազգային ուժերի առավելագույն լարումը կարեւոր է: Դրա անհրաժեշտությունը տեսել է այն ուժը, որը մեծամասնություն ունի այսօր խորհրդարանում: Նրանք դիմել են մեզ, եւ մենք տեսել ենք, որ մեր երկրի եւ մեր ժողովրդի համար այն դերակատարությունը, որ կարող ենք ունենալ` կառավարությունում լինելով, իմաստավորված է: Մենք գնում ենք` դերակատարություն ունենալու: Մենք չենք տրվում որեւէ ուժի, մենք գնում ենք հստակ, ճշտված, սպիտակի վրա սեւով գրված նպատակների իրականացման համար համագործակցության եւ հույս, հավատ ունենք, որ դա մեզ կհաջողվի: Իսկ եթե չհաջողվի, մեզ համար վերադարձի կամուրջը միշտ կա ու կա:

վ քաղաքագիտական շրջանակներում, եւ մամուլում հաճախ կարելի է հանդիպել հետեւյալ մտքին, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ համագործակցության գնում է Սփյուռքում Դաշնակցության ունեցած տեղի եւ դիրքի պատճառով: Հայաստանի Դաշնակցության կարիքն ունի՞ ՀՀԿ-ն:

-Սփյուռքում Դաշնակցության գործոնի մասին դիտարկումը ճիշտ է, բայց դա իրականության միայն մի մասն է: Իսկապես, Դաշնակցության` սփյուռքյան համահայկական ուժ լինելու իրողությունը շատ է կարեւորում նախ Դաշնակցությունը: Սա կասկածից վեր է: Շատ բնական է, որ որեւէ ուժ, որ Դաշնակցության հետ համագործակցում է, նաեւ հաշվարկում է Դաշնակցության՝ համահայկական գործոն լինելու իրողությունը: Սա բնական է: Բայց սա չի նշանակում, որ նսեմանում է այն դերակատարությունը, որ մենք կարող ենք Հայաստանում ունենալ եւ ունենք Հայաստանում: Նույն այդ մարդիկ ընդունում են, որ Դաշնակցությունը Հայաստանում ամենակազմակերպված ուժն է, ամենակարգապահն է, ամենագաղափարականը: Դաշնակցությունը մեկ ամբողջություն է, չի կարելի մեկը մյուսից առանձնացնել:

-Այդուհանդերձ, ձեր դեմքը կորցնելու մտավախություն չունե՞ք՝  դարձյալ համագործակցության հուշագիր ստորագրելով ՀՀԿ-ի հետ:

-Ամենամեծ անպատեհությունն այն է, որ մենք չկարողանանք էական ներդրում ապահովել կառավարության գործի մեջ, հարցերը նույն կերպ մնան չլուծված, ինչ մինչ մեզ էր: Այո, մեր ամենամեծ վախն այն է, որ մենք կարող ենք մեր դեմքը կորցնել, որովհետեւ եթե չկարողանանք ինքնուրույնություն դրսեւորել, չկարողանանք հստակ դերակատարություն ունենալ, կա, իհարկե, այդ մտավախությունը: Մենք գնում ենք այս համագործակցությանը եւ հավատում, որ ունենք որոշակի առաքելություն՝ մեր գաղափարախոսությանը, մեր հայտարարված ծրագրերին համահունչ դերակատարություն ունենալ կառավարության մեջ: Այս հարցում վճռական ենք եւ  հավատով ենք: Նաեւ գիտակցում ենք, որ կարճ ժամանակվա փորձը տալիս է այդ որպես այդպիսին մասնակցություն ունենալու հնարավորությունը: Սակայն երբեք եւ երբեք չի կարող այս համագործակցությունը մեկնաբանվել այնպես, որ մենք տրվել ենք ինչ-որ դասավորվածության, հարմարվել ենք կացությանը: Դա բացառված է Դաշնակցության պարագայում: Եվ մենք ունենեք համապատասխան  կուսակցական կամքը, որ անհրաժեշտության դեպքում հետքայլ անենք: Եվ կարծում եմ, որ մեր համագործակցությունից մեր երկիրը կշահի, մեր հետքայլից մեր երկիրը չի շահի, բայց նաեւ գիտակցում ենք, որ մեր երկրին կարող ենք օգտակար լինել, կարելի է այս երկրին ծառայել, կարելի է այս երկրի զարգացման գործին մասնակից դառնալ՝ թե’ իբրեւ ընդդիմություն, թե’ իբրեւ իշխանություն: Այդպես չէ, որ եթե մենք իշխանության մեջ չլինենք, չենք կարող այս երկրին օգտակար լինել: Հավատում եմ, որ կարող ենք, բայցեւ հավատում եմ, որ կարող ենք շատ ավելի ազդեցիկ ներկայություն եւ մասնակցություն ունենալ գործի մեջ: Նպատակը չի փոխվում: Նպատակն այս երկիրն է եւ այս ժողովուրդը, որովհետեւ պետք է կարողանանք ժողովրդի հոգսը թեթեւացնել եւ մեր ազգային նպատակների մեջ ոչ մի նահանջ չարձանագրել:

-Ձեր նախարարները, այս կառավարությունը ձեր մատնանշած ուղիո՞վ են գնում:

-Մի բան կարող եմ ասել՝ այդ ուղիով պետք է գնան, համենայն դեպս, այդ ուղուց շեղված չեն: