Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տարեմուտի խոսքը` ընկերներին
Ընկերներ, տարին վերջանում է, նոր տարի է սկսվում, առջևում էլ խորհրդարանական ընտրություններ են: Բնականաբար, բոլորի ասելիքն այսօր առնչվում է ընտրություններին: Բայց իրականում՝ ինչ որ մենք մտածում ենք, ինչ որ ասում ենք, ինչ որ ապրում ենք, կապվում է Հայաստանի հետ, մեր ժողովրդի հետ և մեր ժողովրդի ապագայի հետ` անկախ ընտրությունների իրողությունից:
Այս առումով մենք ունենք երեք առաջնահերթություն, որոնք միայն կուսակցական առաջնահերթություններ չեն. դրանք մեր ազգի առաջնահերթություններն են: Երեք օրակարգ ունենք: Երեք օրակարգ, որոնք պայմանավորված են մեկը մյուսով, այսինքն՝ եթե մեկը հաջողի, կհաջողի նաև մյուսը, եթե ձախողենք մեկը, կձախողենք նաև մյուսը: Այնպես որ դրանք մեզ համար նույն չափ կարևոր և նույն չափով անհրաժեշտ են:
Առաջին օրակարգը. մենք վերջապես պետք է ստեղծենք մի Հայաստան, որն ունենա զարգանալու` բոլոր երկրների հետ համաչափ կարելիություն: Զարգացող Հայաստան պետք է ունենանք բոլոր առումներով՝ տնտեսական, մշակութային, քաղաքակրթական և մյուս առումներով: Զարգացող Հայաստանի պատկերացումը զանազան մարդկանց մոտ տարբեր է: Մեկն ասում է՝ Հայաստանը կզարգանա, եթե Ղարաբաղը տանք: Ղարաբաղն է նրանց համար պրոբլեմը. Ղարաբաղը տանք՝ Հայաստանը կզարգանա: Մյուսն էլ ասում է` ոչ, մարդուց է կախված, մարդիկ են վատը, այս մարդկանց փոխենք մեզանով՝ Հայաստանը կզարգանա: Մեկն էլ ասում է, որ մենք պետք է դուրս գանք ռուսական ճամբարից, գնանք Արևմուտք, որ Հայաստանը զարգանա:
Բազմաթիվ մոտեցումներ կան, բայց մենք, արդեն երկու տասնամյակից ավելի, մի ուղղություն ենք որդեգրել և այդ ուղղությունը շարունակում ենք: Մենք ասում ենք՝ Հայաստանի պրոբլեմները համակարգային են և համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Մենք այդ փոփոխությունների հիմքը դրել ենք նոր Սահմանադրությամբ: Դեռ շատ-շատերը չեն զգում, թե այս Սահմանադրությունն ինչ էական դեր կարող է ունենալ Հայաստանի կյանքում: Ընտրություններից հետո մենք կտեսնենք, որ սահմանադրությամբ պայմանավորված համակարգային փոփոխությունները որքան էական են և որքան խորքային: Մենք այդ համակարգային փոփոխության դրոշակակիրն ենք եղել, ջատագովն ենք եղել, գաղափարախոսն ենք եղել, պահանջողն ենք եղել 1991 թվականից սկսած: Այդ թվականից սկսացած՝ մենք մենակ ենք հետապնդել փոփոխության այդ պահանջը, որ տեղի ունեցավ միայն անցյալ տարի: Մենք մենակ ենք եղել, վերջում են մեզ միացել գրեթե բոլորը:
Մենք ասել ենք՝ ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի այնպես, որ հենց օրենքը երաշխավորի ընտրությունների արդարությունը: Այսօր ես կասեմ՝ կարևոր չափով այդ հարցը լուծված է: Այսինքն, առնվազն թվում է, որ ընտրատեղամասերում խախտումները բացառված են: Եվ սա մենք ենք արել, սրա պահանջը մենք ենք ունեցել: Մյուսներն ամեն ինչ պայմանավորել են անձերի փոփոխությամբ: Մենք ամեն ինչ պայմանանավորել ենք համակարգային փոփոխությամբ:
Մենք, իրականում, ընկերներ, հաջողել ենք մեր քաղաքական ուղղվածության առումով, մեր քաղաքականության մեջ, մեր ուղեգծի մեջ՝ հաջողել ենք: Չկա պահանջ, որ մենք դրած լինենք 1991 թվականից և այսօր լուծված չլինի: Սակայն խնդիր կա: Խնդիր կա, թե այս գարնանը՝ ապրիլին որ ուժն է հաղթելու: Արդյո՞ք այն ուժը, որ հասկանում է այս սահմանադրության կարևորությունը, որ իրականացնելու է այս խորքային փոփոխությունները, աշխատելու է, որ անարդարության արմատը վերանա այս երկրում, հասնելու է նրան, որ մեր երկրում որակը գնահատվի և ոչ փողը: Կկարողանա՝՞ այդ ուժն այս ամենը առաջ տանել: Թե՞ կգա մի ուժ, որը կձախողի այս աշխատանքը:
Ես հավատում եմ, անկեղծ եմ հավատում, որ համակարգային փոփոխությունների ուժը մենք ենք: Այս սահմանադրության ակունքներում կանգնած ենք եղել մենք: Մենք հավատացած ենք արել՝ ինչ որ արել ենք: Մենք քաղաքական, կուսակցական ինչ որ շահ հետապնդելու առումով չէ, որ գնացել ենք այս փոփոխություններին: Կարող է նաև, մեզ հետ եղել են մարդիկ, որ հակառակն են մտածել: Բայց մենք մտածել ենք՝ անել մի բան մեր երկրի համար, որը մեր կարծիքով ճիշտ է, որ, կարծում ենք, հիմնական փոփոխություն կարող է բերել, որ նոր ուղի կբացի մեր երկրի առջև: Եվ մենք այդ առումով արել ենք մեր գործը: Մնում է, որ մենք կարողանանք մեր գործը շարունակել:
Մեր երկրորդ օրակարգը Ղարաբաղն է: Զարգացող Հայաստանը գլխավոր երաշխիքն է Ղարաբաղի՝ Ղարաբաղի պայքարի մեջ հետդարձ չունենալու, նահանջ չունենալու, վերջնական դարձնելու մեր հաջողությունները: Ղարաբաղի պայքարը խոչընդոտ չէ, երբեք խոչընդոտ չի եղել Հայաստանի զարգացման համար: Այլ երևույթներ են պատճառ դարձել, որ մեր զարգացումը դանդաղել, ավելի նվազ թափ է ունեցել: Բայց երբեք Ղարաբաղը չի եղել պատճառը, որովհետև պատերազմը չարիք է, եթե դու այն չգիտակցելով ես դիմագրավում: Իսկ եթե դու գիտակցում ես, որ դա լինել-չլինելու հարց է, գիտակցում ես, որ դա քո արժանապատվության հարցն է, ապա քո երկիրն էլ այնպես ես կազմակերպում, քո տնտեսությունն էլ այնպես ես կազմակեպում, քո բանակն էլ այնպես ես կազմակերպում, որ կարողանաս թե զարգանալ, թե հաղթել: Եվ ես կարող եմ շատ այդպիսի երկրներ ասել, որ, պատերազմի մեջ լինելով, կարողացել են զարգացում ապահովել:
Վերջապես անընդունելի է, որ կան մարդիկ, որ երկար, շատ երկար տարիներ այս երկրում անընդհատ մտածում են Ղարաբաղի հարցից ձերբազատվելու մասին: Ես չեմ ասում, թե նրանք հակաղարաբաղյան դիրքորոշում ունեն: Բայց նրանք մտածում են, որ ղարաբաղի հարցը խոչընդոտ է, դա դժվարություն է, որը պետք է ոչ թե հաղթահարել, այդ դրանից ձերբազատվել: Սա թույլ մարդու, մարդկանց թույլ տեսակի մոտեցում է: Չասելու համար ապազգային, չասելու համար այլ որակումներ, այսքանն ասեմ՝ թույլ մարդու մոտեցում է, իսկ թույլ մարդը չի կարող դերակատար լինել երկրի զարգացման և հզորացման գործում: Ուժեղ կամքի տեր, հայրենասեր մարդն է, որ կարող է հայրենիքի զարգացման խնդիրը դարձնել իր կյանքի նպատակը: Եվ ով դարձրել է Հայաստանի զարգացումն իր կյանքի նպատակը, նրա համար պարտադիր է նաև Ղարաբաղի հաղթանակը, Ղարաբաղի վերջնական ազատագրումը: Այլ կերպ չի կարող լինել: Եթե մարդը չի մտածում Ղարաբաղի պայքարը հաղթանակի տանելու մասին, չի կարող մտածել նաև Հայաստանի զարգացման մասին: Նման մոտեցումն անընդունելի է: Մեզ համար կարևոր է, որ Ղարաբաղի պայքարը մենք տանենք մինչև հաղթանակ: Որովհետև դա էլ է երաշխիք Հայաստանի զարգացման համար: Հաղթող ուժն է, որ կարող է կարևորություն տալ բարոյական արժեքներին, հաղթող ազգն է, որ կարող է արժանապատվություն ունենալ և տեր կանգնել իր արժանապատվությանը, որ կարող է մի երկիր կառուցել, որ օրինակելի դառնա:
Եթե մարդն այդ արժեքներին չի հավատում, նա չի կարող հավատալ նաև մյուս արժեքներին: Եթե ես լավ մարդ եմ, անպայման նաև ընտանիքի լավ հայր եմ. չի կարող այլ կերպ լինել: Մարդը չի կարող տեղ-տեղ լավը, իսկ տեղ-տեղ վատը լինել: Ղարաբաղի հարցում, ես հավատում եմ, դժվարություններ շատ կան, բայց ամենամեծ դժվարությունը, ամենադժվար հաղթահարելին ներքին տկարությունն է, ներազգային ընկճումն է: Եվ դա է, որ մենք պետք է թույլ չտանք և հենց այդ պատճառով մենք այս ընտրություններում պետք է հաջողենք: Պետք է հաջողենք ոչ թե մեզ համար, այլ Ղարաբաղի համար, Հայաստանի համար: Պետք է հաջողենք Հայաստանի և Ղարաբաղի վաղվա օրվա համար և ոչ թե մեր անձնական կարիերայի ու բարօրության համար:
Ես հավատում եմ այդ հաջողությանը: Ձեզնից շատերի հետ մենք Ղարաբաղում ենք եղել: Նույն մղիչ ուժը, որ մեզ մղում էր Ղարաբաղում դժվարություններ հաղթահարելու, կռվելու, այսօր մեզ պետք է մղի այս ընտրություններին հաջողելու, որովհետև դրանով է պայմանավորված Հայաստանի և Ղարաբաղի վաղվա օրը: Եթե մենք այդպես չմտածենք, և այդ նվիրվածությամբ այդ պայքարին չմղվենք, նշանակում է սուտ է, մեր դաշնակցական լինելն էլ սուտ է, մեր անցյալի պայքարն էլ սուտ է: Լեզուս չի դառնում ասելու՝ մեր զոհված ընկերների հիշատակը մենք դրանով կտրորենք-կանցնենք: Մեր զոհված ընկերների գործի շարունակությունն ասում է՝ հիմա մենք պետք է խրամատում լինենք, այն խրամատում, որ ապահովելու է Ղարաբաղի հաղթանկը և Հայաստանի զարգացումը: Սրանք իրարից անջատ երևույթներ չեն, միմյանց մասնավորաբար հակադրվող երևույթներ չեն, ընդհակառակը՝ մեկը մյուսով պայմանավորված երևույթներ են: Եվ դա մենք պետք է կարողանանք անել:
Երրորդ օրակարգը, որ մենք ունենք, որ, ես կարծում եմ, առաջինի և երկրորդի չափ կարևոր է, արտաքին միջամտությունների բացառումն է մեր երկրում: Մեր ժողովուրդն իր իմաստնությամբ, մեր ժողովուրդն իր համոզմունքներով, իր պատմությամբ, Ղարաբաղում կերտած հաղթանակով, աշխարհին պետք է ապացուցի, որ կարող է ինքն իր գլխի տերը դառնալ, և ժամանակավոր դժվարությունները երբեք ու երբեք չպետք է պատճառ լինեն, պատրվակ դառնան արտաքին միջամտության: Ես հասկանում եմ, այսօր աշխարհում շատ-շատ երևույթներ իրար հետ փոխկապակցված են: Անկախությունը չի նշանակում առանձնացում: Ես հասկանում եմ՝ պետք է ապրել աշխարհի հետ, բայց պետք է մեր ազգային շահի առումով բացառել արտաքին միջամտությունը մեր երկրում: Ոչ Արևմուտքը, ոչ Արևելքը, ոչ Հյուսիսը և ոչ Հարավը իրավունք չունեն մեր երկրում վիճակ ստեղծել մեր դեմ, ավելի ճիշտ` մերոնց միջոցով մեր դեմ վիճակ ստեղծել: Մենք դա պետք է բացառենք: Այլ խոսքով դրան ասում են 5-րդ շարասյուն: Ես չեմ ասում, որ բոլոր արտաքին ուժերը մեր թշնամիներն են, բայց բոլոր արտաքին ուժերն էլ ունեն ազգային շահի իրենց գիտակցությունը, որտեղ մեր շահի գիտակցությունը հարաբերության մեջ կարող է շատ թույլ լինել: Որևէ պետության համար Լաչինը, Քելբաջարը, Զանգելանը ի՞նչ արժեք ունեն: Մեզ համար է, որ դրանք արժեք ունեն, որովհետև դա հայրենիք է, և նաև մեր անվտանգության երաշխիքն է: Իրենց համար դա ի՞նչ արժեք ունի՝ կարելի է տալ Ադրբեջանին, դրա դիմաց ինչ-որ բան շահել: Կարելի է, իրենք այդպես են մտածում: Իրենք մեղավոր չեն, մեղավորը մենք կլինենք, եթե թույլ տանք, որ նրանք մեր մեջ եղանակ ստեղծեն: Մենք պետք է բացառենք արտաքին միջանտությունները: Եթե չկարողացանք բացառել դա՝ Հայաստանը չի զարգանա, Ղարաբաղում հաղթանակ չենք ունենա:
Մենք պետք է դառնանք այս երկրի ապահովության, անվտանգության երաշխիքը: Այդ երաշխիքը միայն սահմանին կանգնելն ու կռվելը չէ: Այդ երաշխիքը պետք է ապահովենք նաև նրանով, որ թույլ չտանք մեր մեջ օտարը ոտքի տեղ ունենա, կարողանա մեր մեջ եղանակ ստեղծել, վիճակ ստեղծել: Մենք ոչ մի երկրի հետ էլ թշնամի չենք, ոչ մեկի վատն էլ չենք ուզում, բայց մենք մեր լավի գիտակցությունն ունենք: Պետք է գիտակցենք, որ այն, ինչ մենք անում ենք օտարին դուր գալու համար կամ օտարին միջամտելու հնարավորություն տալու համար՝ անընդունելի է, և մենք դա պետք է բացառենք: Դա պետք է բացառվի, որպեսզի մեր երկիրը զարգանա, որպեսզի Ղարաբաղում մենք նահանջ չարձանագրենք: Սրա համար պետք է մենք այս ընտրություններում հաջողենք: Մենք ընտրություններին պետք է հաջողենք ոչ թե առանձին-առանձին մեր անձի համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար, այլ Հայաստանի և Ղարաբաղի համար, մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար:
Հավատացած եմ, դրա երաշխավորը Դաշնակցությունն է: Հավատացած եմ, մենք այսօր էլ ` նախորդ ընտրություններում ունեցած քվեների չափից շատ ավելի մեծ դերակատարում ենք ունեցել այս երկրում և շատ ավելի մեծ գնահատանքի ենք արժանացել: Բայց տարբեր է լինելու, եթե մենք կարողանանք իրապես, մեր քվեների առումով, մեր բաժինը մեծացնել երկրում:
Ընկերներ, այս գիտակցությամբ է, որ մենք պետք է պատրաստվենք եկող տարվան, այլապես մենք մեր կրավորականությամբ, անգործությամբ, տատանումներով, հանգստասիրությամբ, կամա-ակամա մեր երկրին ու մեր ժողովրդին վնասած կլինենք: Մենք պետք է կարելին անենք, կարելին անենք հենց այն հասկացողությամբ, որ եթե ճակատում լինեինք և թշնամու դեմ կռվեինք, կանեինք: Մենք մեր ներքին այս մրցակցության մեջ մեր առավելագույնը պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք հաջողության հասնել: