կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-18 14:25
Քաղաքական

Թուրքիայում սպասվում են անկայունություն ու բռնաճնշումներ. Իսկանդարյան

Թուրքիայում սպասվում են անկայունություն ու բռնաճնշումներ. Իսկանդարյան

Այսօր «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկու օր առաջ Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեին: Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ մեծամասնությունը քվեարկել է նախագահական լիազորությունների ընդլայնման օգտին, ինչը նշանակում է, որ Էրդողանը կարող է պաշտոնավարել մինչև 2029 թվականը:

Իսկանդարյանի խոսքով` այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, չափազանց կարևոր է, և սահմանադրական հանրաքվեն Թուրքիայի «ադրբեջանացման» գործընթացում ընդամենը ուղիներից մեկն էր: «Թուրքիան այսօր ավելի ու ավելի է «ադրբեջանացվում», սուլթանացվում: Սահմանադրական հանրաքվեն տեղի է ունեցել մեծածավալ խախտումներով, քրդերի մասնակցությունը քիչ է եղել, ԵԱՀԿ-ն բացասական կարծիք է հայտնել: Այս ամենը վկայում է այն մասին, որ Թուրքիայում հասարակությունը պառակտվում է. քաղաքային` առավել զարգացած բնակչությունը դեմ է այն պրոցեսին, որն ընթանում է Թուրքիայում, իսկ գյուղական` ավանդական հասարակությունը կողմ է: Ուստի Թուրքիային սպասվում է անկայություն»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով` անկայունությունը Թուրքիայում սկիզբ է առել դեռևս 2015-ից, երբ Գեզի այգում սկիզբ առան հուզումներ, այդ ամենը շարունակություն ստացավ անցյալ տարվա հեղափոխության փորձով: Ինքը` Էրդողանը, կարողանում էր իր նպատակներին հասնել` Թուրքիայում լարվածության աճ հրահրելով: Ըստ քաղաքագետի` Թուրքիայում կշարունակվեն բռնաճնշումները լիբերալ տրամադրություններ ունեցողների, քրդական շրջանների նկատմամբ, կլինեն նաև խոսքի ազատության սահմանափակումներ:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Թուրքիան չունի որևէ հեռանկար` անդամակցելու ԵՄ-ին: Իրական բանակցություններ այդ թեմայով գոյություն չունեն, այդպիսի օրակարգ չկա, լուրջ հեռանկարներ էլ չկան: Թուրքիան գնալով վերածվում է Եգիպտոսի պես պետության, ոչ թե` եվրոպական: Եվրոպային էլ իր խնդիրները բավական են և Թուրքիայով չի հետաքրքրվում:

Ինչ վերաբերում է մահապատիժը վերականգնելուն, քաղաքագետի խոսքով` հայտնի չէ, թե որքանով այդ գաղափարն առաջ տանելը պետք կգա Էրդողանին` 2019-ի ընտրությունների համատեքստում, սակայն նա կշարունակի այդ միտքն առաջ տանել, մանավանդ` Թուրքիան որևէ հեռանկար չունի ԵՄ-ին անդամակցելու համար: