կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-17 12:58
Տարածաշրջան

Ամեն ինչ կմնա նույնը. թուրքագետ

Ամեն ինչ կմնա նույնը. թուրքագետ

Մեծ քաղաքաները՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը դեմ են քվեարկել այս փոփոխություններին. թուրքագետ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեին: Թուրքագետի կարծիքով` Թուրիքայում սահմանադրական փոփոխությունների այս արդյունքները սպասելի էին, սպասելի էր, որ էրդողանը հաղթանակ է տանելու:

«Մեծ քաղաքաները՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը դեմ են քվեարկել այս փոփոխություններին: Դեմ են քվեարկել ծովեզրյա քաղաքները, ինչը շատ հետաքրքիր արդյունք է»,- ասաց նա՝ շեշտելով՝ Էրդողանը հաղթանակ է տարել կենտրոնական մասերում, եթե Անկարան չհաշվենք:

Սաֆրաստյանը նշեց, որ, ինչպես սպասելի էր, քրդաբնակ շրջանները դեմ են քվեարկել փոփոխություններին: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ քրդամետ կուսակցությունը, որը հնարավորություն էր ստացել գործելու, գլխատված էր, առաջնորդները բանտերում էին, եթե այդպես չլիներ, «դեմ»-ի կողմնակիցներն ավելի շատ քվեներ կստանային:

Սաֆրաստյանի խոսքով՝ այս վերափոխումները Թուրքիայի բնակչությանը հոգեհարազատ չեն: «Թուրքիայի այն շրջանները, որ կրթական ցենզ ունեն, ըստ էության, դեմ են քվեարկել: Ովքեր հետ են մնացել ժամանակակից զարգացման տենդեցներից ՝ կողմ»,- ասաց նա:

Սաֆրաստյանը նաև նշեց, որ այն 5 միլիոն թուրքերը, ովքեր բնակվում են Եվրոպայում, և որոնց ձայների համար պայքար գնաց, այդ պայքարի արդյունքում հաղթեց Էրդողանը, ինչը ևս նպաստեց «Այո»-ի հաղթանակին:

«Եվրոպայի հետ պայքարում հաղթեց Էրդողանը, մանավանդ` Գերմանիայի թուրք ընտրողները կողմ քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին»,- ասաց նա և նշեց, որ մի հանգամանքն էլ, որ Էրդողանը հաղթեց, այն էր, որ քաղաքական խոշոր կուսակցություններից ամենածայրահեղականը՝ պանթուրքիստական կուսակցությունը, սատարեց Էրդողանին:

Սաֆրաստյանի կարծիքով` առաջիկա երկու տարին Թուրքիայում բավականին լարված կլինի, որովհետև օրենքները պետք է փոփոխվեն և համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը: 

Ըստ նրա՝ խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել հանրաքվեի վերջնական արդյունքների վրա: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, ըստ Սաֆրաստյանի, Հայաստանն իր տնտեսական վիճակով այժմ հետաքրքիր չէ Թուրքիային, ուստի սպասել հարաբերությունների զարգացման պետք չէ: Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայի քաղաքականության մեջ առհասարակ փոփոխություններ սպասել պետք չէ:

«Նոր երևույթներ սպասել պետք չէ. Թուրքիան ամեն ինչ կանի, որ քրդական պետություն չառաջանա, կամ ինքնավարություն լինի Սիրիայում: Հայաստանի հետ հարաբերություններում սպասելի ինչ-որ քայլերի էլ չի գնա: Ամեն ինչ կմնա նույնը»,- ասաց նա:

Թուրքագետն ընդգծեց, որ Եվրոպան, որքան էլ դժգոհ է Թուրքիայից, կապերը երբեք չի խզի նրա հետ, այլ կփորձի օգտագործել որպես հակակշիռ Ռուսաստանին: «Սա մեծ ռազմավարական դիվանագիտական խաղ է, որի մեջ ներգրավված է Թուրքիան»,- հայտարարեց նա: