կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-13 13:31
Հասարակություն

Արդեն մեր նոր տանն ենք քնել, մնում է` գազի հարցն էլ լուծեն, որ մի տաք ճաշ ուտենք

Արդեն մեր նոր տանն ենք քնել, մնում է` գազի հարցն էլ լուծեն, որ մի տաք ճաշ ուտենք

Երեկ Տավուշի մարզպետարանից տեղեկացրել էին, որ հակառակորդի կրակոցների պատճառով Այգեպարի հրդեհված տների բնակիչներին նույն գյուղում բնակարաններ են հատկացվել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը տեղեկացրեց, որ իրականության չեն համապատասխանում շրջանառվող լուրերն այն մասին, թե բնակարանները կտրամադրվեն առաջիկայում, դրանք արդեն հանձնվել են իրենց տերերին:

 

Արշալույս Գևորգյանը տուժած ընտանիքներից մեկի անդամներից է, ով էլ ուրախությամբ նշեց, որ այս գիշեր իրենք արդեն իրենց նոր հատկացված տանն են քնել:

 

«Տեղափոխվել ենք այնտեղ: Մեր հագուստեղենից այն, ինչ փրկել ենք կրակի բերնից` տեղափոխել ենք նոր տուն: Պայմանները վատը չեն` երեկ հոսանքն են քաշել, այսօր ասում են` ջրի հարցը կլուծվի: Մնում է գազի հարցն էլ լուծեն, որ կարողանանք մի տաք ճաշ ուտենք: Հասկանալի է, որ միանգամից հո բոլոր հարցերը չեն լուծվի, կամաց-կամաց կլուծվեն, մենք էլ կհարմարվենք»,-ասաց Արշալույս պապը` հավելելով, թե` «Էն, որ ասում են ուրիշի տանն ենք մնացել, էսենց-էնենց` սուտ բաներ են` հավատալ միք»:

 

Այգեպարի գյուղապետն էլ իր հերթին տեղեկացրեց, որ բնակարանում 10-15 տարի մարդ չի բնակվել ու պարզ է, որ իդեալական պայմաններ չեն, բայց անհրաժեշտ տարրական բոլոր պայմանները առաջիկա օրերին կլուծվեն անպայման:

 

«Կոմունալ հարմարանք կա, բնակարանում գույք էլ կա`պահարան, անկողին… Հիմա ջրատար ենք անցկացրել, ջրի հարցն այսօր կլուծվի: Գազի հարցն էլ առաջիկայում կլուծվի, թղթաբանական 1-2 հարց է մնացել»,-ասաց Այդինյանը:

 

Լուսանկարը` Մաղաքիա վարդապետ Ամիրյանի