կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-06 15:25
Մշակույթ

Օպերայի թատրոնը մի՛ համեմատեք Լա Սկալայի կամ Մետրոպոլիտենի հետ, ամո՛թ է

Օպերայի թատրոնը մի՛ համեմատեք Լա Սկալայի կամ Մետրոպոլիտենի հետ, ամո՛թ է

Տեղեկացրել էինք, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ օպերայի շենքը պետք է վերածվի ընտանեկան հանգստի վայրի, և այնտեղ պետք է ռեստորաններ բացվեն:

Այսօր, անդրադառնալով այդ թեմային, երգիչ, երգահան Վահան Արծրունին նշեց, որ նախ պետք է հասկանալ` արդյո՞ք մենք նման քաղաքակրթական մակարդակի ենք հասել, քանի որ այլ երկրների օպերային թատրոնների ներսում գործող ռեստորանները հասանելի են միայն ընտրյալներին, և այնտեղ կարող ես հանդիպել, ասենք, մենակատարներին, երաժիշտներին, բայց այդ թատրոններում ներկայացումների տոմսերի գինը սկսվում է 50 եվրոյից:

«Այս դեպքում քաղաքակրթական նիշի մասին է  խոսքը, որի ներքին ռեսուրսը մեր հանրությունը չունի, այդ իսկ պատճառով էլ անհեթեթ է խոսել քաղաքակրթական դրսևորումների մասին: Կարող ենք խոսել «Օպերա» ակումբի օրինակով, որ օպերայի շեմքում է տասնամյակներ ու կարծես չի էլ պատրաստվում լքել տարածքը: Բացի այդ` մենք ունենք օրինակներ, երբ կապիտալիզացվել են հանրային մշակութային օբյեկտները, օրինակ` Փոսի թատրոնը, և կապիտալիզացիայի արդյունքում արվեստը դուրս է եկել այնտեղից, ու մնացել է միայն առևտուրը»,- ասաց Արծրունին:

Նա նշեց նաև, որ, բացի այդ, օպերայի թատրոնն այդ ստատուսն ու համբավը չունի, և ամոթ է, երբ Լա Սկալան կամ Մետրոպոլիտենն են որպես օրինակ բերում: «Մեկ խնդիր էլ կա` մեր երկրում պրակտիկան հետևյալն է` պայմանագրով ինչ-որ կազմակերպություն մտնում է մշակութային օջախ, որոշ ժամանակ աշխատեցնում, իսկ հետո տարածքի այդ մասը սեփականաշնորհում»,- ասաց Արծրունին:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ պետք է անկեղծ խոսել, թե դրա դրդապատճառը որն է: Ըստ նրա` բյուջեն ահավոր ծանր վիճակում է, կրճատվել են բոլոր մշակութային օջախներին տրամադրվող ֆինանսները, և պահանջ կա` փորձեք գումար վաստակել, ինչպես կարող եք:

«Ամենակարևոր քայլը չի արվում` օրենք մեկենասության մասին: Իսկ ինչ վերաբերում է օպերայի թատրոնին, ապա, այո, օպերա պահելը մեծ ծախս է, բայց ես ունեմ դրա դեղատոմսը, որովհետև տեսել եմ բազմաթիվ օրինակներ արտերկրում` հրապարակը, որտեղ կան բազմաթիվ սրճարաններ, և ավտոկայանատեղին թող իրենց վարկերը վճարեն օպերային: Բայց քանի որ մեզ մոտ ամեն ինչ արդեն բաժանված է, ու «հարազատ» մարդկանց են տվել, հիմա այլ տարբերակներ են ուզում գտնել»,- ասաց Բաբայանը: