կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 15:41
Առանց Կատեգորիա

Կառավարություն փոխեցինք, նոր նախարարներ, վարչապետ ունեցանք, բայց ուշադրության կենտրոնում օպերայի թատրոնը մնաց

Կառավարություն փոխեցինք, նոր նախարարներ, վարչապետ ունեցանք, բայց ուշադրության կենտրոնում օպերայի թատրոնը մնաց

Դեռ 2013-ի սեպտեմբերին, ֆինանսների նախարարի հրամանով, ստուգումներ են անցկացվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ստուգումների արդյունքների վերաբերյալ ակտ է կազմվել հոկտեմբեր ամսին, սակայն հարցը միայն վերջերս է բարձրացվել, և պարզ է դարձել, որ թատրոնում նախարարությունը մի շարք ֆինանսատնտեսական թերացումներ է հայտնաբերել: Yerkir.am-ի զրուցակիցն է թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը: 

 

-Պարո'ն Աղաբաբյան, ֆինանսների նախարարությունն արձանագրել էր, որ չեն ապահովվել ներկայացումների քանակի, հանդիսատեսների թվի ու դահլիճի ծանրաբեռնվածության ցուցանիշները: Ի՞նչ կասեք այս մասին:

 -Օպերայի թատրոնն իրենից ներկայացնում է պետական ոչ առևտրային կազմակերպություն, ֆինանսավորվում է բյուջեից և արտաբյուջետային միջոցներով' տոմսերի վաճառքի հասույթից, դահլիճի վարձակալությունից, տանիքում վարձավճարի տակ դրված ալեհավաքներ կան: Դրանց գոյությունն անցանկալի է, նաև` իմ կողմից, քանի որ ես շատ եմ գնահատում շենքի ճարտարապետությունը, և թատրոնի շենքը Երևանը բնութագրող շենքերից մեկն է: Քանի որ մենք սնվում ենք բյուջեից, ֆինանսների նախարարության վերստուգող վարչության կողմից 2013-ին մենք անցկացրինք բյուջեի գծով ստուգում' 2010-2013թթ. առաջին կիսամյակի համար, և նախարարության հայտնաբերածը ոչ թե խախտում կամ չարաշահում է, այլ հաշվառման թերություն: Թատրոնը 2012-2013թթ. անցավ բավականին լուրջ վերազինման, որի համար շուրջ 8 մլն եվրո ծախսվեց: Թատրոնը 2012-ին հանդիսատեսին սպասարկել է 4 ամսվա կտրվածքով, իսկ 2013-ին' 6 ամսվա: Այսինքն' ֆինանսների նախարարության ստուգման ժամանակաշրջանում սկզբում ոչ լիարժեք, հետո' զրոյական վիճակով է գործել թատրոնը: Թատրոնի կոլեկտիվը Պարոնյանի, Սունդուկյանի թատրոնների, կոնսերվատորիայի, Բաբաջանյանի դահլիճներում է հանդես եկել, ուստի այդ ժամանակաշրջանի համար ուղղակի հնարավոր չէր ֆիզիկապես ապահովել ներկայացումների քանակը, հանդիսատեսների թիվն ու դահլիճի ծանրաբեռնվածության ցուցանիշները:

 

-Իսկ այդ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ պետական բյուջեից` սուբսիդիայի գումարներից 4.5 մլն դրամը չի ծախսվել, սակայն ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացված հաշվետվության մեջ այդ փաստը չի արձանագրվել:

-Սրանք ոչ թե անհայտացած կամ կորած փողեր են, այլ տարեկան նախահաշվում արված թերություններ:  Տեսեք' 2010-ին պետբյուջեից մեզ հատկացվել է 575 մլն դրամ, որից 1,3 մլն-ը միայն չի ներկայացվել հաշվետվության մեջ, 2011-ին տրամադրված 673 մլն-ից' 1 մլն, իսկ 2012-ին 681-ից միայն 2,2 մլն դրամի շեղում է հայտնաբերվել: Այդ շեղումները պայմանավորված են եղել առաջնահերթ և հիմնավորված մի շարք ծախսերի իրականացման հետ: Օրինակ` 2013-ի տարեվերջին պետք է նախահաշիվը ճշտեինք ու մինչև նորեմբեր պետք է ասեինք' որքան էլեկտրաէներգիա, գազ, ջուր կսպառենք, և մենք այդ ժամանակ չէինք նախատեսում, որ այդ աստիճանի սառնամանիք էր սկսվելու, և գազի ծախսը մեկին մեկ էր ավելանալու: Լիարժեքորեն չես կարող կանխատեսել, Նոստրադամուս կամ Վանգա պետք է լինել, որ 1-3 միլիոնն այնքան ճիշտ կողմնորոշել, որ շեղում չլինի: Ու քանի որ մենք նախահաշվային փոփոխությունները չեն ներկայացրել հաշվետվության մեջ, մենք այդ գումարը հետ ենք վերադարձնում բյուջե:

 

-Պարո'ն Աղաբաբյան, 2013-ին ՀՀ պետական բյուջեից 24,2 մլն դրամ հատկացվեց Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության համար, սակայն ներկայացումը, եթե չեմ սխալվում, այդպես էլ կյանքի չկոչվեց:

-7-8 տարի առաջ, ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի նախաձեռնությամբ, բեմադրվեց «Կարմեն» օպերան: Այն շատ լավն էր, բայց երկար կյանք չունեցավ: Սակայն քանի որ լավ էր ստացվել, որոշվեց վերաբեմադրել և, օգտագործելով հնի բազան, նոր շունչ տալ: Բայց հետո հանկարծ հասկացանք, որ ինչպե՞ս պետք է ներկայացնենք' հին զգեստների, դեկորների հետ չէր նայվի նորը: Որքանո՞վ է ճիշտ, որ հին դեկորների կողքին նորը լինի: Մեր մեջ վախ առաջացավ, թե ճիշտ չի ընկալվի: Ֆրանսիայի դեսպանը խոստացավ 15-20 մլն գումար տրամադրել, բայց չստացվեց: Մենք մնացինք անորոշ մի կետում, հետ գնալ չէինք ուզում, քանի որ արդեն սկսել էինք ինչ-որ բան անել, առաջ էլ չենք կարող գնալ' գումար էր պետք: Պետք է փաստեմ, որ 2013-ին պետբյուջեից մեզ տրամադրված գումարից ծախսեր չեն արվել, իսկ ներկայացումն ամենաուշը մինչև տարեվերջ կյանքի կկոչվի: Այդ գումարն անձեռնմխելի է, դա պետական պատվեր է, և ոչ ոք իրավունք չունի այդ գումարից ինչ-որ ծախս անելու:

 

-Այս խոսակցությունները որտեղի՞ց են ծնվում, և ինչո՞ւ է վերջին շրջանում թատրոնի շուրջ թոհուբոհ բարձրացել:

-Դե, ես էլ եմ զարմանում: Կառավարություն փոխեցինք, նոր նախարարներ, վարչապետ ունեցանք, երկրում բավականին փոփոխություններ եղան, բայց ուշադրության կենտրոնում օպերայի թատրոնը մնաց: Ցանկացած հիմնարկ էլ ֆինանսական խնդիրներ է ունենում: Ինչո՞ւ է մեր հիմնարկը թիրախ դարձել, չգիտեմ, չնայած, մյուս կողմից, ասում են' հակագովազդը նույնպես գովազդ է:

 

-Այս պահին հիմնարկում արտաքին աուդիտ է, չէ՞, իրականացվում:

-Այո, և արդեն 50-60 տոկոս ծախսերի ծավալը մարսել ենք: Կարծում եմ' մինչև հունիսի 10-ը անկախ աուդիտը կվերջացնի իր աշխատանքը, իսկ եզրակացությունը կհրապարակվի:

 

-Թատրոնում իրադարձությունների երթը սկսվեց, երբ պարտադիր կենսաթոշակայինի համար պահումներ էին արվել: Այդ ժամանակ, որքան էլ հավաստիացնում էին, որ այդպես չէ, լարված մթնոլորտ էր: Հիմա ի՞նչ ընթացքի մեջ է թատրոնը:

-Ներքին կոնֆլիկտ երբևէ թատրոնում չի եղել: Բնականաբար, ես ինքս' որպես քաղաքացի, կարծում եմ, որ այս պահին օրենքի կիրառումը, համենայն դեպս` պարտադիր բաղադրիչով, տեղին չէ: Մեզ մոտ միջին աշխատավարձը 70-80 հազար դրամ է, և այս գումարից պահում անենք ու դեռ մի բան էլ պահանջենք բարձր տրամադրությամբ գալ թատրոն ու երգել, չենք կարող: Շատերն այս աշխատավարձով տուն են պահում, բայց ուզում եմ ասել, որ բողոքի ալիքն օրենքի դեմ էր: Թող լինի կամավոր, ովքեր հնարավորություն և ցանկություն ունեն, թող վճարեն:

 

Կարինե Հարությունյան