կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 16:20
Քաղաքական

Սոցիալական ցանցերում կան նաև կոնկրետություն չունեցող ահազանգեր. դատախազություն

Սոցիալական ցանցերում կան նաև կոնկրետություն չունեցող ահազանգեր. դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը ԿԸՀ մամուլի կենտրոնում ներկայացրեց մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

Նա հայտնեց, որ մինչև քվեարկության օրը ներառյալ օպերատիվ կերպով աշխատանքային խումբն ուսումնասիրել է 226 մամուլի հրապարակումներ, քաղաքացիների հաղորդումներ և թեժ գծով ստացված հաղորդումներ: Այդ հաղորդումներից առերևույթ ընտրական բնույթ հանցագործության հատկանիշներ պարունակում էին 57-ը, և դրանցից 40-ով ավարտվել էին ստուգողական գործողություններ, դրանցում նշված հանգամանքները կա'մ հերքվել են, կա'մ չեն հաստատվել, մնացած դեպքում աշխատանքները շարունակվում են:

«Այսօր առավոտվանից ողջ համացանցի, մամուլի հրապարակումների մշտադիտարկում իրականացվել է, ոստիկանության տարածքային բաժինների կողմից ստացվել են ահազանգեր, ինչպես նաև դատախազության թեժ գծին շարունակվում են ահազանգերը: 15-00-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, 970 հաղորդում է ուսումասիրվել, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել են 131-ը, որոնք ուղարկվել են քննչական կոմիտեի և ոստիկանության տարածքային բաժիններ»,- հայտնեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այդ 131-ից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկնակի քվեարկության դեպքերին, 26-ը` քվեարկության գաղտնիությանը, 9 հաղորդում ուղարկվել է ստուգողական գործողություն կատարելու՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փաստերով, իսկ 15 դեպքով վստահված անձի, դիտորդի զանգվածային լրատվության միջոցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և ընտրական հանձնաժողովի աշխատանքներին  խոչընդոտելու վերաբերյալ ևս ուղարկվել են ստուգողական գործողություններ կատարելու: 8 դեպքով հաղորդումները ստացվել են ընտրակաշառքի վերաբերյալ, 2 դեպքով` կուտակումների վերաբերյալ և 23 դեպքով՝ ուղղորդումների:

Ըստ Հովհաննիսյանի` միտում է նկատվել, որ համացանցում ուղղակի հրապարակվում է տեղեկատվություն՝ չկոնկրետացված, բովանդակային ոչ մի տեղեկատվություն չպարունակող, և հորդորեց, որ հնարավորինս կոնկրետացված հրապարակումներ տարածեն, որ իրավապահ մարմինների գործունեությունն ավելի արդյունավետ լինել:

Նա ասաց, որ ներկայումս ուսումնասիրությունները ևս շարունակվում են: «Մինչ այժմ մեր կողմից իրականացված աշխատանքները մեզ հնարավորություն են տալիս կատարելու մի շատ կարևոր արձանագրումներ, որ ընտրական իրավախախումների վերաբերյալ մամուլի հրապարակումները, որոնք պարունակել են ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, դրանցից ոչ մեկը դուրս չի մնացել աշխատանքային խմբի ուշադրությունից, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը: