Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քարոզարշավը հատեց եզրագիծը: Ինչպե՞ս այն ընթացավ, որքանո՞վ նոր ընտրական համակարգն ազդեց այս փուլում դրսևորված երևույթների վրա, դեռևս հարկ կլինի վերլուծել: Սակայն այն ի հայտ բերեց դրական և բացասական երկու երանգ, որոնք հնարավոր չէ անտեսել:
Ի տարբերություն նախորդ ընտրությունների, քաղաքական ուժերը մեծ չափով ձեռնպահ մնացին ընտրությունների կանխոշորված լինելու, ընտրություններին մասնակցելն անիմաստ համարելու գաղափարների տիրաժավորումից: Պատճառը մեկն է՝ գրեթե բոլորը իրավիճակը գնահատում են անկախնատեսելի: Այս ընթացքում անցկացված իրական և կեղծ բոլոր սոցհարցումները փաստում են, որ որևէ ուժ առանձին մեծամասնություն կազմելու հնարավորություն չունի և կախված ուժերի բաշխվածությունից, ԱԺ-ում հնարավոր է ցանկացած այնպիսի կոնֆիգուրացիա, որը կարող է հանգեցնել նոր իշխանության ձևավորման: Սա պայմանավորված է ընտրատեղամասերում այնպիսի մեխանիզմների ներդրմամբ, որը եթե ամբողջությամբ չի բացառել, ապա նվազնագույնի է հասցրել նախկին կեղծարարության հնարավորությունները:
Ընտրակաշառքի երևույթի դեմ այնպիսի տոտալ արշավ, ինչպիսին ձեռնարկեցին ընտրություններում ներգրավված ուժերի մեծամասնությունը, նախկինում երբևէ չի արձանագրվել: Պատճառն այն է, որ նախկինում կային ընտրությունների արդյունքների և լեգիտիմության վրա ազդող այնպիսի վտանգավոր մեթոդներ, որոնք երկրորդային էին դարձնում ընտրակաշառքները, ընտրողներին մոբիլիզացնելու և ուղղորդելու տեխնոլոգիաները: Այդ վտանգավոր մեթոդները չեն գործելու և դա ստիպում է շեշտը դնել արդեն ընտրատեղամասերից դուրս, փողոցում, տանը տեղի ունեցող խախտումների սահմանափակման վրա: Սա առաջընթաց է, որը չի կարելի չնկատել: Պատահական չէ, որ կեղծարարությունը նվազագույնի հասցնող տեխնիկական միջոցները ձեռք բերելու հարցում օժանդակած ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Գերմանիան և Մեծ Բրիտանիան երկու օր առաջ համատեղ հայտարարություն ընդունեցին, որում ասվում էր. «Մենք խորապես հավատացած ենք, որ այս քայլերը կնվազեցնեն քվեարկության օրը կեղծիքներ թույլ տալու հավանականությունը և կսահմանափակեն ընտրական գործընթացներին միտված միջամտությունները տեղամասերում: Մենք հստակ փաստում ենք, որ քվեարկությունը լինելու է փակ և, որ տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն»:
Այս հուսադրող երևույթի կողքին, սակայն նկատվում է վարչական ռեսուրսի հնարավոր շահագործումը և ընտրակաշառքի բաժանումը լեգիտիմացնելու թաքնված միտում: Դա պարզ երևաց մանկապարտեզների և դպրոցների մի շարք տնօրենների կողմից ՀՀԿ-ի օգտին պոտենցիալ քվեարկող ծնողների ցուցակագրման մասին փաստերի հրապարակմանն իշխանության արձագանքից: Անկախ նրանից՝ որքանո՞վ էր տնօրենների այս արարքն իրավաչափ, այն խնդրահարույց էր առնվազն էթիկական առումով: Որովհետև խնդիրն ուղղակիորեն առնչվում էր ուսումնական հաստատությունները քաղաքականացնելուն: Նույնիսկ այն դեպքում, երբ հրապարակումից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը քաղաքական ուժերին կոչ արեց ձեռնպահ մնալ ուսումնական հաստատությունները քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելուց, ավելի բաց սկսեցին պնդել, թե այդ կերպ ոչ թե վարչական ռեսուրս է կիրառվել, այլ մարդիկ պարզապես իրենց կուսակցական պարտականություններն են կատարել:
Այսպիսի արձագանքը վտանգավոր է նրանով, որ օրինաչափ է դարձնում ոչ միայն ընտրողների ցուցակագրումը, այլև բոլոր այն մեթոդները, որոնք թեկուզ օրենքին չհակասելով, ուղղված են ընտրողների մոբիլիզացմանը և ուղղորդմանը: Փաստորեն այս մասով շահագործվում է օրենսդրական հստակ կարգավորումների, սահմանափակումների բացակայությունը: Սա վտանգավոր է, որովհետև նախկինում նաև քաղաքական մեծամասնության համար անըդնունելի նման մեթոդների կիրառումը կարող է բացահայտ և մասսայական բնույթ ստանալ: Թե ինչ այլանդակությունների դա կարող է հանգեցնել, թերևս չարժե ասել:
Եվ, ահա այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է. «Լինեն հանրապետականները, կամ մեկ այլ կուսակցության ներկայացուցիչնեը, բարձրաձայնում եմ և խնդրում եմ, որ տարածեք, հասցրեք մեր հանրությանը. որ ով այսօր ցանկություն ունի ընտրակաշառք բաժանելու, նա անում է բարեգործություն: Ուրեմն նա մի մարդ է, ով պարզապես զբաղված է նվիրատվությամբ, պարզապես նվերներ է տալիս՝ առանց որևէ հույս ունենալու, որ այդ կերպ կգնի քվե»։
Պարզ է, որ Նաղդալյանն այս կերպ փորձում է յուրովի բացատրել, որ քվեարկությունը վերահսկել չկարողանալու պայմաններում անիմաստ է ընտրակաշառք բաժանել: Բայց, երբ ընտրակաշառքը նույնացվում է բարեգործության հետ, ընդ որում՝ այսքան բաց տեքստով, առաջանում է վտանգ, որ դա կարող է ընտրողներին գնելու միջոցով Աժ խցկվել ձգտողների կողմից ընկալվել որպես ընտրակաշառք բաժանելու և դրա օրինական լինելու բաց կոչ: Նույնիսկ անկախ նրանից, թե ընտրողը կքվեարկի՞ իրեն փող բաժանողի օգտին թե ոչ, բարեգործության անվան ներքո ընտրակաշառք բաժանելն ընտրողին այլասերելու ձև է: Ցանկացած նորմալ պետության խնդիրը ոչ թե իր քաղաքացուն այլասերելն է, այլ նրա ինքնագնահատականը իբրև քաղաքացի՝ բարձրացնելն ու արժևորելը: Նման մեկնաբանությունները չեն տեղավորվում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու տրամաբանության մեջ:
Գևորգ Դարբինյան