կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-30 19:49
Քաղաքական

Աշխատածս գումարը տալիս էի Վազգենին եւ Վանոյին, որ զենք գնեն. հարցազրույց միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ

Աշխատածս գումարը տալիս էի Վազգենին եւ Վանոյին, որ զենք գնեն. հարցազրույց միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ

Araratnews.am-ի զրուցակիցն է ճանաչված պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը:

Արտավազդ Սահակյան – Բժիշկ: Ծնվել է  1953 թվականի փետրվարի 22-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: 1982-1984 թթ. ուսանել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրայում։

1989 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտատների դոնորային զոնա» թեմայով, պարգևատրել է Մոսկվայի բժշկական ինստիտուտի գիտական խորհրդի և ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի խրախուսական պատվոգրով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Վերապատրաստվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում։

Բժշկությունը Ձեզ համար մասնագիտությո՞ւն է, թե՞ կոչում:

Բժշկությունը, իհարկե, մասնագիտություն է, իսկ կոչումը ձեռք է բերվում տարիների քրտնաջան, պատասխանատու աշխատանքով եւ նվիրվածությամբ: Բժշկի կոչումը ստանում ես տարիների մեծ վաստակի շնորհիվ:

Եվ այդ տարիների ընթացքում ո՞րն եք համարում Ձեր ամենահաջողված կամ ամենահիշվող վիրահատությունը:

Ես ունեմ 40 տարվա վաստակ, որից վերջին 35 տարիները նվիրել եմ միկրովիրաբուժությանն ու պլաստիկ վիրաբուժությանը: Չեմ կարող առանձնացնել կոնկրետ մի դեպք, որովհետև դրանք շատ են, անհնար է անգամ վերհիշել եւ թվարկել, բայց միշտ ունեցել եմ հսկայական եռանդ, ձգտում` բարդ, անհնարին թվացող իրավիճակներից ելք փնտրելու: Դժվար մասնագիտություն է, առաջին մեկ տարին, կարելի է ասել, անցկացրել եմ առնետների եւ ճագարների հետ՝ նրանց ոտքերը պոկելով, կպցնելով, իսկ 1982 թվականից սկսվեց նոր ճանապարհ:

Շատ դժվար էր ընդհանուր վիրաբուժությունից անցում կատարել վերջույթներին: Աստեղային ժամս երևի եղել է 1985 թվականի մարտի 14-ը, երբ առաջին տրանսպլանտացիան կատարեցի Հայաստանի պատմության մեջ: Մոսկվայում եթե վիրահատությունը կատարում էին 15-20 հոգով, ապա ես կատարեցի մեն-մենակ:

Շատ դժվար ճանապարհ եմ անցել, առկա էին արհեստական դժվարություններ, չեմ ուզում հիմա վատը հիշել, բայց իրոք դժվար պայքար էր ընթանում: Այդ աստիճանավորված, բյուրոկրատ խավի հետ մենք գտնվում էին անոթային վիրաբուժության կազմում: Մոսկվան պահանջում էր ստեղծել առանձին միկրովիրաբուժության բաժանմունք, որին խոչընդոտում էր տեղական ղեկավարությունը, իսկ տրանսպլանտացիայի թույլտվությունը իմ զեկուցագրից հետո այն ժամանակվա առողջապահության նախարար Բորիս Վասիլևիչ Պետրովսկու հրահանգով արվեց, միայն այդ ժամանակ ինձ թույլ տվեցին գնալ այդ վիրահատությանը:

Խոչընդոտները ոչ թե Մոսկվայում էին, այլ այստեղ՝ Հայաստանում: Ինչևէ, մենք ունեցանք ամբողջ Խորհրդային Միության մեջ ամենամեծ հաջողությունները՝ 40 տրանսպլանտացիա կատարվեց, որից 39-ը պսակվեցին հաջողությամբ, այն դեպքում, երբ Մոսկվան կատարել էր 33 տրանսպլանտացիա եւ 17 հաջողված դեպք էր ունեցել:

Եվ այսպես շարունակ… Երկրաշարժ, պատերազմ, շարունակական ուսում արտերկրում:

Այսինքն՝  Ձեզ դժվարությա՞մբ են թույլ տվել կատարել առաջին տրանսպլանտացիան:

Ես հոգեբանական շատ ծանր վիճակում էի, երբ կատարեցի առաջին վիրահատությունը: Վիրահատության նախորդ օրն էլ ինձ հերթապահ էին նշանակել, գերհոգնած վիճակում էի:

Մեկ տարի շարունակ պայքարում էի, որ ինձ թույլ տան գնամ վիրահատության, անընդհատ դիմում էի բաժնի վարիչին  եւ մերժում ստանում: Դրանից հետո մեկնեցի երիտասարդ գիտնականների կոնֆերանս, այնտեղ Սովետական Միության գլխավոր միկրովիրաբույժը հարցրեց՝ տրանսպլանտացիա արե՞լ եմ, ասացի՝ այդ ե՞րբ թույլատրեցին, որ չարեցի: Երբ հետ եկա Հայաստան, Ալեքսանդր Միքայելյանն ինձ կանչեց եւ բացատրություն պահանջեց, որից հետո թույլ տվեց անել առաջին տրանսպլանտացիան:

Ես ամեն ինչ արեցի միայնակ, քանի որ ղեկավարությունը, այսպես ասած, դեմ էր, բոլորը հրաժարվեցին ինձ օգնելուց, միայն ներկայիս պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանն ինձ օգնեց, սակայն 8-րդ ժամին Տիգրանն էլ ասեց՝ չի կարող դիմանալ եւ լքեց ինձ: Շատ ցավալի օրեր էին… 12-րդ ժամին վիրահատությունը հաջողությամբ ավարտեցի եւ դարձա օրվա հերոսը: Միքայելյանն էլ արդեն թույլ չէր տալիս իր աշխատասենյակից դուրս գալ:

Ձեզ թույլ  չէին  տալիս տրանսպլանտացիա կատարել որովհետև վստահության խնդի՞ր կարթե՞ պայքարելու համար «պատժում» էին:

Պայքարելու համար պատժում էին, միանշանակ, որովհետև ապագա ճակատագիրս էլ այդպես դասավորվեց մինչև Արցախյան շարժումը: 1989 թվականին իմ առջև անգամ պայման էին դրել` լքել պոստը եւ հեռանալ, իմ դեմ շատերն էին պայքարում, շատերին դուր չէր գալիս, որ ես ընդգրկվել էի Արցախյան ազատագրական շարժման մեջ:

Եվ ինչպե՞ս ստացվեց, որ Դուք ընդգրկվեցիք Արցախյան շարժման մեջ:

Հա՛, ես միայն այս վիրահատություններով չէի զբաղվում: Շատ լուրջ մտածում էի, թե ինչպես անել, որ Հայաստանը հզոր, ծաղկուն երկիր դառնա: 90-ականներին ինչ գումար աշխատում էի արտասահմանում, բերում, տալիս էի Վազգենին եւ Վանոյին, որ զենք գնեն: Որքան էլ զարմանալի լինի ձեզ համար, Հայաստանի Հանրապետության անունից առաջին պաշտոնական բանակցությունները օտար երկրի հետ վարել եմ ես՝ Վազգեն Մանուկյանի կառավարության անունից:

Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը:

1990 թվականի դեկտեմբերին Փարիզում Իրանի կառավարության հետ: Խոսքը վերաբերում էր Հայաստանի տնտեսական զարգացմանը: Փարիզում ինձ հետ աշխատում էին իրանցի երկու ներկայացուցիչներ, որոնցից տեղեկացա, որ Իրանի առողջապահության նախարարությունը ցանկանում է պայմանագիր կնքել Ֆրանսիայի հետ, որպեսզի իրաքյան պատերազմի վիրավորները բուժվեն Ֆրանսիայում: Վազգենի հետ որոշեցինք, որ անպայման պետք է փորձեմ հանդիպել Իրանից ժամանած պատվիրակությանը: Շատ դժվար էր, դեռ գործում էր Սովետական Միությունը, այսինքն՝ մենք ընդհատակյա շրջանցելով խորհրդային արտգործնախարարությանը` փորձում էինք կոնտակտի մեջ մտնել նրանց հետ: Պարսիկները պետք է հանդիպման համաձայնություն տային, եւ քանի որ նրանք միշտ բարեհաճ են եղել մեր նկատմամբ, ինձ հաջողվեց հանդիպել: Մեր ցանկությունը մեկն էր, որ իրանցիներն իրենց միջոցներով Մեղրիում կառուցեն միջազգային հոսպիտալ, սակայն դեպքերը շատ  արագ զարգացան: Հայաստանում աշխատանքից ազատվեց վարչապետ Վազգեն Մանուկյանը, իսկ Իրանում պաշտոնանկ արվեց առողջապահության նախարարը, ում հետ մենք բանակցում էինք համագործակցելու նպատակով: Ափսոս, այդ ծրագիրը չհաջողեց, բայց սա իրանցիների հետ համագործակցելու առաջին քայլն էր:

Հարցազրուցը՝ Շողիկ Գալստյանի

Սկզբնաղբյուր՝ Araratnews.am: