Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար այս տարվա հունվարի 18-ին Աբելյան փողոցի շենքերից մեկի բնակարանի դիմաց դանակի մի քանի հարվածներից մահացած ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի անդամ Վազգեն Դալլաքյանի սպանության գործով դատական նիստը: Սակայն հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազը ծանրաբեռված է այլ դատական նիստով, ուստի այսօրվա նիստը հետաձգվեց:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի աթոռին նստած է 27-ամյա Գագիկ Աբրահամյանը: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գագիկ Աբրահամյանը 2015թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 33-րդ բնակարանի դռան դիմացի աստիճանահարթակում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու և իրենց անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Վազգեն Դալլաքյանի կենսական կարևոր օրգաններ հանդիսացող դեմքի, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսների և որովայնի շրջանում՝ սպանելով նրան:
Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով Գագիկ Աբրահամյանի շահերը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Արմեն Խաչատրյանը և Արմեն Մելքոնյանը: Վերջինս yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ երիտասարդին դանակահարել է ընտանիքը պաշտպանելու համար:
«Գագիկ Աբրահամյանը մարդասպան չէ, Գագիկն ուղղակի իրա տունն ու ընտանիքն ա պահել: Պատկերացնու՞մ եք գիշերվա 12-ին մարդն իր երիտասարդ կնոջ ու երկու տարեկան երեխայի հետ տանը քնած է, դուռը ծեծում են, բացում է և մի հարբած տղա հարցնում է՝ Աննան տու՞ննա: Գագիկը ասում է չէ, հետո ծեծողը նորից հարցնում ա, թե սա 32 բնակարա՞նն է, պատասխանում է` չէ, հետո հարցնում է` 32-ը ո՞րն ա, պատասխանում է` չգիտեմ ու դուռը փակում է: Երեխան էլ քնած է լինում, հետո նորից են գալիս դուռը թակում. Գագիկը հարցնում ա` ո՞վ ա, նա պատասխանում է՝ բաց՝ կիմանաս, հետո Գագիկը գնում չուլանից դանակ ա վերցնում ու հետո բացում դուռը, Վազգենը նորից հարցնում ա նույն բաները, Գագիկն էլ պատասխանում ա, որ արդեն ասացի , նա էլ ասում ա` խի՞ ես մուննաթ գալիս ու հարվածում ա իմ պաշտպանյալին: Այդ պահին Գագիկը միայն գոռում է, որ կինը դուռը փակի, որ էրեխուն հանկարծ վնաս չտա: Ինքը չգիտի, թե քանի հատ ա խփել , միայն անմիջապես դուռը փակել է, այսինքն եթե մարդասպան լիներ, կհետապնդեր, մենք գործ ունենք դասական անհրաժեշտ պաշտանության հետ»,-պատմեց պաշտպանը:
Մեր դիտարկամանը, թե բնակարանը 2 անգամ շփոթելը կամ հարվածելը հի՞մք էր նման դաժանությամբ մարդուն սպանելու համար, պաշտպանը պատասխանեց, որ իր պաշտպանյալն այլ ելք չի ունեցել: Հարցին, թե հնարավո՞ր չէր հարվածին նույն կերպ պատասխաներ, այսինքն գոնե բռունցքներով հարցերը լուծեր, Մելքոնյանը պատասխանեց. «Դռան հետևու երկու հաղթանդամ տղաներ էին, ի՞նչ պետք է աներ իմ պաշտպանյալը»:
Ի դեպ՝ Վազգենին ճանաչողները նկարագրում են, որ նա ամենևին էլ հաղթանդամ չէր, ընդհակառակը՝ նիհարավուն կազմվածք ուներ: Իսկ ինչ վերաբերվում է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելուն, ապա դա պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննության արդյունքներից: Պաշտպանը պատմեց, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացածը 2 տարի առաջ ինչ-որ Աննա անունով աղջկա հետ է խոսել, ով բնակվել է այդ շենքում և այդ օրն էլ խմել է ու հիշել այդ աղջկան: Սակայն ըստ փաստաբանի՝ քննիչները տեսակապով կապ են հաստատել Աննայի հետ, ով հայտնել է, որ 1 տարի առաջ ապրել է այդ շենքում, Վազգենի հետ երբևէ չի հանդիպել, այլ միայն շփվել է հեռախոսով: Այս գործում առկա իրարամերժ փաստերը քննության առարկա կդառնան դատաքննության ընթացքում: Ամբաստանյալի, վկաների ցուցմունքներից, նշանակված փորձաքննությունների արդյունքներից հետո միայն շատ հարցեր պատասխաններ կստանան:
Սակայն մի բան ակնհայտ է. մենք գործ ունենք երկու ընտանիքի ողբերգության հետ. մի դեպքում՝ չամուսնացած, երիտասարդ տղայի կորստի, մյուս դեպքում էլ՝ ընտանիքի հոր՝ ազատությունը կորցնելու վտանգի հետ: Ցավոք, առաջինի դեպքում կորուստն անդառնալի է...