կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-29 22:00
Հասարակություն

Արտակի չապրած տարիները մերն են

Արտակի չապրած տարիները մերն են

Երբեմն ծաղիկներ գնում եմ, ուղղակի՝ առանց առիթի: Եթե փողոցում հանդիպում եմ Վարդանին՝ հենց իրենից եմ գնում. իր ծաղիկներն ուրիշ են` շունչ ես քաշում ու հասկանում՝ կյանք կա: Վարդանը Երևանի կոլորիտն է, փողոցներում շրջող կարմիր այտերով համեստ ծաղկավաճառը:

Այսօր էլ ճանապարհին նա պատահեց: Առանց մի բառ ասելու վերցրի կակաչների մի փունջ ու վճարեցի: Ասում են, բարևն Աստծունն է, բայց բարևելու տրամադրություն չունեի: Վարդանը խոժոռ հայացքով նայեց վրաս ու թե՝ էսպես չեղավ, առանց ժպիտի կակաչները չեն բացվի:

«Զինծառայողի հոգեհանգստի համար է»,-ասացի ես ու ներողություն խնդրեցի չբարևելու համար: Վարդանը նայեց ինձ, մի պահ քարացավ ու առանց երկար մտածելու՝ ձեռքի ողջ փունջն ինձ մեկնեց. «Սրանք էլ իմ կողմից տար... Զինվորին»,-ասաց ու լռեց:

Զինվորն էլ չկա, ծաղիկերն էլ վաղը թոշնելու են: Ծաղիկները ոչինչ չեն նշանակում կամ գուցե նշանակում են, բայց ոչ զոհվածի համար: Արտակը երբ ողջ էր՝ նրան ծաղիկներ չենք նվիրել, ոչ էլ շնորհակալություն ենք հայտնել նրա համար, որ նա կա, ապրում է, մեր կողքին է... Արտակին ծափահարել ենք, բայց հետո «թևերը կտրել» ենք, չենք օգնել, որ առաջ գնա:

Վանատուրցի դյուցազունի անունը գրվեց Դյուցազնագրքում, բայց ոչ Գինեսի գրքում, որովհետև ռեկորդը կրկնելու համար հարկավոր էր գումար վճարել, ինչը չկար…

Արտակի պատկերն աչքիս առաջ է՝ համեստ ու լուռ 15 ամյա ռեկորոդակիրը՝ հայոց եռագույն ուսերին: Այսօր էլ եռագույնը 20-ամյա զինվորի վրա էր, բայց արդեն անշնչացած ՝ հերոսացած մարմնին: Արտակի նկարի մոտ շարված էին նրա մեդալներն ու պատվոգրերը:

Նայում եմ ու հասկանում՝ ինչքան մանր ենք մենք՝ ողջերս, մեր խաղաղության համար զոհված զինվորի առաջ:

Հրազդանում սուգ է, Վանատուրի եկեղեցում տեղ չկար: Բոլորը եկել էին խոնահվելու զինվորի հիշատակի առաջ: Եկեղեցու ներսում՝ համատարած սգի ֆոնին մի տղամարդ ցածրաձայն կողքինի հետ «շտապ հարց» էր քննարկում, երևի «հազիվ էր բռնացրել»՝ ճշտում էր, թե քանի ձայն է հավաքել, ցուցակներն արդեն տվե՞լ է, թե ոչ… Մնացածն արդեն էժան է ու էական չէ:

Եկեղեցում եմ թողնում ծաղիկներն ու հեռանում: Աչքիս առաջ Արտակն է, ծաղկավաճառ Վարդանն ու զինվորի կորուստը «սգացող» տղամարդը… Մտորում եմ ու հասկանում՝ Արտակի չապրած տարիները մերն են... ընտրությունը մերն է՝ ապրել այդ տարիները Վարդանի, թե «սգացող» տղամարդու պես, արժանապատվորեն, թե՝ կեղծ:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ