Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական դատարանը որոշել է մերժել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավոր, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Դիմումի շրջանակներում Վ. Շիրխանյանը խնդրել էր որոշում կայացնել իր նկատմամբ Դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:
Այդ մասին Եվրոպական դատարանը 2017 թվականի փետրվարի 9-ին ծանուցել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, ինչը սահմանված կարգով ուղարկվել էր Եվրոպական դատարան:
Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով դիմումատու Շիրխանյանի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված նյութերը, որոշել է մերժել դիմումատուի խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Շիրխանյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման հարցով նրա պաշտպանը դիմել էր ՄԻԵԴ ՝ պահանջելով, մինչ գործի վերջնական հանգուցալուծումը, շտապ կարգադրել՝ Շիրխանյանին տեղափոխել հիվանդանոց:
Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը Yerkir.am-ին հայտնեց, որ նախքան ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի վերաբերյալ կարգադություն արձակելը, ՀՀ կառավարությունն արդեն իսկ Շիրխանյանին տեղափոխել էր հիվանդանոց, այսինքն այն, ինչ պետք է Եվրոպական դատարանը կարգադրեր՝ նախարությունն արդեն արել էր և համապատասխան փաստաթղթերն ուղարկել ՄԻԵԴ, ինչի արդյունքում և դիմումը մերժվել է:
«ՀՀ կառավարությունը զգալով թե ինչ է սպասվում, Շիրխանյանին տեղափոխել էին հիվանդանոց, մեկ շաբաթից ավելի պահել էին այնտեղ և ՄԻԵԴ-ին զեկուցել, որ արդեն իսկ հետազոտել են նրան»,-ասաց նա:
Նշենք, որ ներկայումս ՄԻԵԴ-ում Շիրխանյանի վերաբերյալ այլ գանգատ ևս կա: Խոսքը վերաբերվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումների արգելում) և 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների խախտմանը: Շիրխանյանի անունից ներկայացված հիշյալ գանգատը ՄԻԵԴ-ն ընդունել է վարույթ և դասել առաջնահերթ քննվող գործերի շարքը: