Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին իրական վտանգ է սպառնում. այսօր լրագրողներին հայտնեց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը` մտահոգվելով, որ մինչև նրա գործով դատական նիստերի սկսվելը իր պաշտպանյալը հնարավոր է չապրի:
«ՔԿՀ-ում Շիրխանյանին աստիճանաբար սպանում են: Կա'մ դա արվում է ինչ-որ մեկի հրահանգով, կա'մ դիտավորյալ, կա'մ այն պատճառով, որ գործում են ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ: Սակայն մի բան փաստ է, եթե մենք հենց հիմա այդ մասին չաղաղակենք, հնարավոր է` մի քանի ամիս հետո Շիրխանյանն արդեն մահացած լինի: Նա պարզապես կարող է չհասնել դատարան, չմասնակցել իր դատին»,- ասաց Ալումյանը:
Նա հայտնեց, որ նախորդ շաբաթ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետը լրագրողներին թույլ չտվեց տեսակցել Շիրխանյանին ոչ թե այն պատճառով, որ Շիրխանյանի խոսքը տեղ չհասնի, այլ` որ լրագրողները նրան այդ վիճակով չտեսնեն: «Երեք օր առաջ ես նրան տեսա, պարզվեց, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում՝ 11 ամսվա մեջ, նա ՔԿՀ-ի տարբեր բժիշկների կողմից նշանակված մոտ 4000 դեղահաբ է ընդունել, սակայն դրա արդյունքումանրա վիճակը ոչ թե բարելավվել է, այլ ընդհակառակը՝ վատթարացել»,- ասաց Ալումյանը:
Փաստաբանը հայտնեց, որ Շիրխանյանն ինքնուրույն չի կարողանում շարժվել, շուրջ երեք ամիս է` անգամ ի վիճակի չէ մեկ հարկ ներքև իջնել և ՔԿՀ-ի լոգարանից օգտվել: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալն դեռևս այս տարվա մարտին ՔԿՀ-ում թոքի կաթված էր ստացել, ինչից հետո վիրահատել էին և անոթի մեջ ֆիլտր տեղադրել, որպեսզի հետագայում կաթվածը չկրկնվի: «Այժմ այդ պողպատե ֆիլտրը տեղից շեղվել է, ոտիկներով խրվել են արյունատար անոթի մեջ: Այժմ մեծ է ներքին արյունահոսության վտանգը, և սա միայն մի խնդիրն է, ինչի մասին ես բարձրաձայնեցի»,- ասաց նա՝ նշելով, որ ՔԿՀ-ի բժիշկները պատճառաբանում են, թե անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ այլ մասնագետներ պնդում են, որ Շիրխանյանի կյանքին լուրջ վտանգ է սպառնում:
Փաստաբանը հայտնեց, որ դեռևս նոյեմբերի 10-ին ՄԻՊ-ը որոշում էր կայացրել Շիրխանյանին անմիջապես տեղափոխել մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց, սակայն թե' պաշտպանի, թե' օմբուդսմենի դիմումները ՀՀ արդարադատության նախարարությունը չի կատարել:
Նշենք, որ Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված նաև գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ նշելով, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ ՝ խոշտանգումների արգելքի վերաբերյալ դրույթը: Պաշտպանը նշեց, որ բանը հասել է նրան, որ Շիրխանյանի առողջական վիճակով զբաղվում են նրա խցակիցները: «Շիրխանյանի ոտքը վիրակապելը և այլ բաներ ստիպված անում են խցակիցները: ՄԻՊ-ը պահանջել էր նաև նման դրսևորումները բացառել և պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի այն աշխատակիցներին, որոնց պատճառով Շիրխանյանը հայտնվել էր նման իրավիճակում»,- ասաց նա:
Ի դեպ, փաստաբանը նշեց, որ Շիրխանյանը մինչ օրս կալանավայրում հայտնված` ՀՀ ամենաբարձրաստիճան նախկին պաշտոնյան է: Եվ եթե ժամանակին արդարադատության նախարարությունը միջոցներ չձեռնարկի Շիրխանյանի կյանքը փրկելու համար, պետք է պատրաստ լինի Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ հերթական վճռին: