Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Կնետրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մեկնարկեց, ապա երկու ժամով ընդմիջվեց 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասերծված զինված խմբի գործով հերթական դատական նիստը:
Այս գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը պահանջում էր նիստերի դահլիճ բերել դատական նիստերից մեկի ժամանակ երեք ժամով հեռացված իր պաշտպանյալին:
Հիշեցնենք, որ երկու դատական նիստ առաջ դատավորը սանկցիա էր կիրառել Շիրխանյանի նկատմամբ և երեք ժամով հեռացրել նրան դատական նիստերի դահլիճից: Ըստ դատավորի՝ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ և ոտքի չի կանգնում, մինչդեռ, ըստ Շիրխանյանի և նրա պաշտպանի, նա ի վիճակի չէ կանգնել:
Այսօրվա դատական նիստում, երբ քննարկվում էր գործով նոր մեղադրող դատախազ ներգրավվելու հարցը, Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը բարձրացրեց իր պաշտպանյալին նիստերի դահլիճ բերելու հարցը:
Դիմելով դատավորին նա ասաց, որ եթե դատարանը համարում է, որ Վահան Շիրխանյանը դատարանի կողմից կիրառված սանկցիայի հիման վրա դեռեւս հեռացված է դատական նիստերի դահլիճից, ապա ժամկետները հաշվարկելիս դատարանը կոպտորեն խախտում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածը։
«Հիմա իմ պաշտպանյալն այստեղ չէ։ Իմ պաշտպանյալն ասելիք ունի այս դատավարությունում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ։ Մասնավորապես դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ Դուք հարցնում եք իմ կարծիքը, մինչդեռ ես այս հարցի վերաբերյալ պետք է իմանամ իմ պաշտպանյալի կարծիքը։ Ես գտնում եմ, որ այս դատավարությունն առանց պարոն Շիրխանյանի շարունակելը կոպտորեն խախտում է նրա իրավունքները»,- նշեց Հայկ Ալումյանը։
Դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է դատական երեք ժամին, որի լրանալուց հետո Վահան Շիրխանյանը կներկայացվի նիստերի դահլիճ։ Հայկ Ալումյանը նշեց, որ առանց Վահան Շիրխանյանի այս դատավարությունը չի կարող տեղի ունենալ։ Դատավորն ասաց, որ անընդհատ ձգձգելու միտում կա, Հայկ Ալումյանն էլ հակադարձեց, որ այն համոզմանն է, որ դատարանն է ձգձգում դատավարությունը։ «Արդեն 3 շաբաթ է անցել, դատարանի պատկերացմամբ՝ այդ 3 ժամը դեռ չի լրացել։ Դատարանը շատ լավ գիտի, ու դատարանն այս ամենն անում է, որպեսզի ձգձգվի, բայց այդ ձգձգման պատճառը իբրեւ թե մեղադրյալներն են կամ փաստաբանները։
Դատարանը շատ լավ գիտի, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել, դատարանն այդ ոտքի չկանգնելը մեկնաբանեց իբրեւ թե անհարգալից վերաբերմունք, ստեղծեց այս վիճակը, այնինչ այն փաստաթուղթը՝ էպիկրիզը, որը գտնվում է դատարանի տրամադրության տակ, պարզ երեւում է, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում կանգնել ոտքի վրա։ Ու Դուք սրա համար իրեն հանեցիք դատական նիստերի դահլիճից ու այդ օրը դատական նիստը ձախողեցիք»,- ասաց Ալումյանը։
Դատավոր Արմեն Բեկթաշյանը հիշեցրեց, որ կա փորձագետի եզրակացություն, որտեղ նշված չէ, որ Վահան Շիրխանյանը չի կարողանում կանգնել։ Հայկ Ալումյանը շարունակեց պնդել, որ սանկցիայով նախատեսված երեք ժամն անցել է, սակայն տեսնելով, որ դատավորը շարունակում է առանց իր պաշտպանյալի դատական նիստ անցկացնել՝ լքեց նիստերի դահլիճը: «Ձեր իրավունքն է»,- դիմելով Ալումյանին՝ ասաց Արմեն Բեկթաշայնը: Ալումյանի հեռանալուց հետո դատավորը երկու ժամով ընդմիջեց դատական նիստը Շիրխանյանի համար հանրային պաշտպան ներգրավվելու համար:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին են խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: