կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-16 21:43
Արցախ

Բաց նամակ՝ Կարեն Կարապետյանին

Բաց նամակ՝ Կարեն Կարապետյանին

«Իմ այգին» հիմնադրամի բաց նամակը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին. 

Մեծարգո պարոն Վարչապետ,

Շուրջ մեկ ամիս առաջ Արցախում մեկնարկել ենք մի նախաձեռնություն, որը կոչել ենք «Իմ այգին»: Նախաձեռնության նպատակը համահայկական ներուժի՝ Արցախի զարգացմանը յուրովի մասնակից դարձնելն է: Այս դեպքում ձեւաչափը մի քիչ այլ է՝ մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին անվանական պտղատու ծառ ունենալ Արցախում, հատկապես ազատագրված տարածքներում: Այս տարի մենք սկսում ենք Արցախի հարավից՝ Արաքսի հովտում հիմնելով նռան, արքայանարնջի եւ սերկեւիլի այգիներ:

Այս նպատակով հիմնադրել ենք «Իմ այգին» բարեգործության եւ աջակցության հիմնադրամը եւ կոչ արել մեր հայրենակիցների մասնակից դառնալ նախաձեռնությանը:

Այս կերպ փորձում ենք աջակից լինել նաեւ կյանքի կոչելու Արցախի պետական կարևորագույն ծրագիր և հավատացած ենք, որ ունենալու ենք աջակցողներ և հետևորդներ: 

Հուսով ենք, որ արդեն իսկ ծանոթ եք հիմնարդամի գործունեությանը և կոչերին: Ուզում ենք տեղեկացնել Ձեզ և մեր հանրությանը, որ մենք արդեն տնկել ենք մոտ հինգ հազար նռան, սերկևիլի և արքայանարնջի տնկիներ և շարունակում ենք մեր ծառատնկման աշխատանքները՝ հավատացած լինելով, որ բոլոր ծառերն ունենալու են իրենց տերերը՝ հնարավորություն ընձեռելով մեզ շարունակել ծառատունկի աշխատանքները:

Հետևելով Ձեր գործունեությանը և կոչերին, համոզված ենք, որ Դուք անձնապես անմասն չեք մնա մեր ծրագրի և գաղափարի կյանքի կոչման գործում: Շատ կցանկանաինք, որ Դուք նույնպես ունենայիք Ձեր անվանական ծառը Արաքսի հովտում՝ համոզված լինելով, որ Ձեր այդ նախաձեռնությամբ կունենաք բազմաթիվ հետևորդներ:

Այս նամակը փոխանցում ենք Ձեզ հրապարակայնորեն, ակնկալելով, որ Դուք նույնպես մեզ կարձագանքեք հրապարակայնորեն՝ մաս կազմելով մեր ծրագրին:

Ընդամենը անհրաժեշտ է հիմնադրամի 1570025483500100 հաշվեհամարին փոխանցել 1 ծառի համար 5000 ՀՀ դրամ և Արաքսի հովտում ունենալ անվանական պտղատու ծառ:

Ակնկալիքով եւ հարգանքով՝ 
«Իմ այգին» բարեգործության եւ աջակցության հիմնադրամի հիմնադիրներ

16 մարտի 2017 թ.
Ք. Ստեփանակերտ