Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիան փոխվում է, ժամանակին մենք ասում էինք` ԶԼՄ-ներ, հիմա դառնում է զանգվածային կոմունիկացիայի միջոցներ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ նշելով, որ այսօր ընթերցողին տեղեկությունն ուղարկվում է բոլոր հնարավոր միջոցներով:
«Այն լրատվամիջոցը, այն կայքը, որն առաջինը հասցրեց տեղեկությունը, նա էլ շահում է։ Ընթերցողների մեծամասնությունը ուշադրություն էլ չի դարձնում, թե որ կայքն է կարդում: Կարող է անգամ լինել «պուպսիկ.ռու» կայք, իր ֆեյսբուքյան էջով, մեսինջերներով շատ լավ ալիք ստեղծել ու առաջինը հասցնել տեղեկությունը։ «Ֆեյսբուք»-ում վխտում են տարբեր անուններով, դոմեյններով կայքեր, որտեղ հիմնականում ապատեղեկատվություն է՝ գումար աշխատելու մոլուցքից դրդված։ Մեդիագրագիտությունից հեռու մարդիկ էլ սեղմում են, բացում ու կարդում։ Կոպիտ ասած՝ հայկական ցանցային լրատվական դաշտում տոտալ «բարդակ» է։ Այսօր «Ֆեյսբուք»-ում պոտենցիալ 2 մլն հայ կա, ու նրանցից ամեն մեկը դարձել է փոքրիկ ԶԼՄ»,- ասաց Քոչարյանը։
Ըստ փորձագետի՝ լրատվական դաշտը գրեթե ամբողջությամբ դարձել է անպատասխանատու, այսինքն՝ ով ինչ ուզում` գրում է, և ամեն ինչ մնացել է լրագրողի խղճին. եթե շարունակում է հարգել իր մասնագիտությունը, ուրեմն ամեն ինչ կարգին է, իսկ, այսպես ասած, վերահսկողական գործիքներն այլ նպատակներով են կիրառվում: Ըստ այդմ՝ Քոչարյանը վստահ է, որ դատարանների հարցը լուծելուց հետո իշխանությունը շատ լուրջ զբաղվելու է նաև ԶԼՄ-ներով:
Ինչ վերաբերում է ֆեյքերի դեմ պայքարին՝ մեդիափորձագետն ասաց, որ դրանց դեմ շատ բարդ է պայքարել: «Դաշտն աղավաղված է բազմահազար ֆեյքերի առկայությունից՝ լինի իշխանական, թե` ընդդիմադիր: Ցավոք, պատժում են միայն ընդդիմադիր ֆեյքերին, ոչ իշխանական, մինչդեռ իշխանության մեջ կան կարկառուն դեմքեր, կառավարությանը կից տարբեր կազմակերպություններ, որոնք այդ ֆեյքերի շարժի համար պատասխանատու են, բայց ձեռք չի տալիս նրանց պատժելը, թեպետ գիտենք, թե որ ֆեյքի տակ իշխանության ո՞ր ներկայացուցիչն է աշխատում: Եթե օրակարգային ինչ-որ հարց է առաջանում, այդ հարցի հանրային ընկալումը ֆեյքերի գործողությունների պատճառով աղավաղվում է, այսինքն ՝ կարող է նետվել ցանց, որ մածունը սև է, 30.000 ֆեյք լայքի, և հասարակությունը պիտի ընդունի, որ այդպես է: Կամ՝ ժողովուրդն ասաց, որ մածունը սև է, որովհետև այդպես Փաշինյանն է ասել, նա էլ իր հերթին կանգնում է և ասում՝ այսօրվանից մածունը սև է, որովհետև ժողովուրդն այդպես է որոշել: Իշխանությունն այս փաստն օգտագործում է՝ ներկայացնելու, թե դա ոչ թե իր որոշումն է, այլ ժողովրդինը»,- նշեց Քոչարյանը:
Մեդիափորձագետի կարծիքով` այս ամենը վտանգավոր է նրանով, որ Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում Ադրբեջանի հետ, սառը պատերազմում՝ Թուրքիայի հետ, և ընդհանրապես, տարածաշրջանային խնդիրներ են առաջանում, որոնց պետք է շատ ճիշտ արձագանքել։ «Ներկա պահին տարածաշրջանում լուրջ պրոցեսներ են գնում, ինչ-որ համակարգեր են փոխվում, նոր բաներ են առաջանում: Օրինակ՝ Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետն է փոխվում, այսինքն՝ իսլամիստները պարտություն են կրում, իսկ գիտենք, որ Ստամբուլի քաղաքապետը պոտենցիալ վարչապետ է, ինչպես Էրդողանի դեպքում եղավ: Սա պիտի հաշվի առնել, այսինքն՝ Էրդողանն ինչ-որ ձևով պիտի պատասխանի այս ամենին: Թե ոնց է նա պատասխանելու, ինչպես է զբաղեցնելու իր ժողովրդին, պարզ չէ, բայց մենք գիտենք՝ եթե շատ նեղն ես ընկնում, մի փոքր պատերազմ ես մի տեղ անում, որ ժողովրդին շեղես կամ ոգևորես: Երկրորդ՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունները նույնպես լարված են, ԱՄՆ-ն ուզում էր մեծ հարված հասցնել Իրանին, բայց Թրամփը վերջին պահին հետ կանգնեց: Ի դեպ, Թրամփի վարչակազմը միահամուռ չէ, և այն, ինչ անում են Բոլթոնը և Պոմպեոն, չի համապատասխանում նույն Թրամփի մտքին, որովհետև նրանք ավելի են ուզում սրել իրավիճակը: Ասածս այն է, որ եթե ՀՀ շրջանակներից հանդիպում են Բոլթոնի հետ և մտածում, որ Բոլթոնը ներկայացնում է Թրամփին` ամբողջությամբ, այդպես չէ, նրանք ունեն իրենց հստակ շահերը, կա կորպորացիա, որը կանգնած է նրանց թիկունքում: Եվ այս շահերը կարող են չհամընկնել Թրամփի գործողությունների հետ: Երրորդ՝ լարվել են ռուս-վրացական հարաբերությունները, չորրորդ՝ պրոցեսներ են գնում նաև Ադրբեջանում, քանի որ փոխվել է հատուկ ծառայությունների ղեկավարությունը, բայց, ցավոք, հայկական լրատվադաշտը, կարծես, անտեղյակ է այս ամենից, իսկ մեր շուրջը կատարվող ամեն ինչ կարող է ազդել մեզ վրա»,-ընդգծեց փորձագետը:
Նա զգուշացրեց ևս մի վտանգի մասին` այսօր չկա հաշվարկ, թե հայալեզու գրող քանի ադրբեջանցի ֆեյք կա, որը օրակարգ է ձևավորում սոցիալական տարբեր խմբերում: «Եթե պատերազմական բան սկսվի Ադրբեջանի հետ, կարող է լուրջ խնդիր լինել, որովհետև հիմա շունը տիրոջը չի ճանաչում, և չգիտենք՝ ադրբեջանցիները հայերեն գրող քանի ֆեյք ունեն, քանի ֆեյք է ներդրվել հայ հասարակության մեջ այս 1.5 տարում, որոնք օրակարգ են ձևավորում: Առաջ հեշտ էր այս առումով, քանի որ պետությունն ուներ կառույցներ, որոնք հակահայկական քարոզչության դեմ պայքար էին տանում, և այդ պրոցեսներն արագ լուծվում էին: Հիմա չգիտեմ` այդպիսի հաշվարկ արվո՞ւմ է, թե՞ ոչ, բայց դա, իրոք, խնդիր է»,- ամփոփեց Տիգրան Քոչարյանը: