Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արագածոտնի մարզում ՀՅԴ ցուցակով ռեյտինգային թեկնածու է Կարեն Շահազիզյանը, ով Աշտարակ քաղաքում արդեն երկրորդ անգամ է ընտրվել ավագանու անդամ` ընդ որում` ամենաշատ քվեները ստանալով:
Yerkir.am-ի հետ զրույցում Շահազիզյանը նշեց, որ իրենց մարզում ՀՅԴ-ն ռեյտինգային կարգով առաջադրել է 7 թեկնածու: Ըստ նրա`իրենց 7 հոգանոց թիմը առանձնանում է նրանով, որ որևէ մեկը օլիգարխիկ դեմք չէ, մարդիկ են, ովքեր մաքուր կենսագրություն ունեն:
Մեր զրուցակցի կարծիքով` այս ընտրություններին ժողովուրդը հենց ՀՅԴ-ին պետք է իր վստահության քվեն տա, քանի որ Դաշնակցությունն իր պատմության ընթացքում միշտ հայ ժողովրդի կողքին է եղել, հայ ժողովուրդն արդարության պահանջ ունի, իսկ Դաշնակցությունը հենց արդարությունը և հայ ժողովրդի պահանջը կատարելու համար է:
«Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսը, որ ներկայացրել ենք, դա ընդամենը լոզունգ չէ: Առաջին քայլը, որին պիտի հասնենք արդարության հասնելն է, հային Հայաստանում պահելու խնդիրն ենք դրել: Յուրաքանչյուր խնդիր էլ ունի իր լուծման ճանապարհը, իսկ լուծման ճանապարհը Դաշնակցությունը դրել է իր յոթ կետերում և, ընդհանրապես, այն առաջարկություններում, որոնք հավանության են արժանացել նաև իշխանության կողմից»,- ընդգծեց նա:
Շահազիզյանի խոսքով` անգամ իրենց ստացած քիչ քվեներն էլ ապացուցում են, որ Դաշնակցությունն ամենաուժեղն է Հայաստանում: «Համեմատենք մյուս կուսակցություների հետ. շատ կուսակցություններ մի քանի հազար անգամ ավելի անդամներ ունեն, բայց ստացվում է, որ նրանք չեն հավատում իրենց կուսակցությանը, դրա համար ստանում են ավելի քիչ քվեներ, քան ունեն անդամներ, իսկ ՀՅԴ-ն իր քիչ անդամներով ու համակիրներով ավելի շատ քվեներ է ստանում»,- ասաց նա:
Շահազիզյանը նշեց նաև, որ այսօր խոսվում է ընտրակաշառքների մասին, շատ քաղաքական ուժեր հենց դրա վրա էլ դրել են իրենց հույսը: «Այսօր միակ ուժը, որ ընտրել է արդարության ճանապարհը, Դաշնակցությունն է: Դաշնակցությունը երբեք որևէ ձայն չի գնել ու չի անելու այդպես: Մեր քվեն մաքուր քվե է, և մենք նպատակ ունենք այս երկրում արդարություն հաստատել»,- ասաց նա` հավելելով, որ գիտակցական քվեի կողմնակից է ՀՅԴ-ն, և ժողովուրդը երբեք չի կարող այս վիճակից դուրս գալ, եթե չհավատա այն ուժին, որը մշտապես եղել է իր կողքին:
Շահազիզյանը ընդգծեց, որ մեզնից յուրաքաչյուրը պիտի սիրի հայրենիքը` որպես պետություն: «Մենք, հարյուրավոր տարիներ չունենալով պետություն, այսօր ստացել ենք այս պետությունը, և այսքան անփույթ գտնվել ու երկիրն այս վիճակում թողնելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Դաշնակցականն այնտեղ է, որտեղ խնդիր կա, դաշնակցականն այնտեղ է, որտեղ լուծման ճանապարհ կա, Դաշնակցականն այնտեղ է, որտեղ վտանգ կա»,- շեշտեց նա:
Հարցին` արդյո՞ք կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ՀՅԴ-ի վարկանիշը չի ընկել, մեր զրուցակիցն արձագանքեց. «Վարկանիշը ընկնում է այն դեպքում, եթե համեմատում են Դաշնակցությանը: Դաշնակցությանը երբեք չպետք է խառնել մյուս կուսակցություններին, որովհետև Դաշնակցությունը մի ուրիշ հասկացություն է, և դա այսօր չէ, որ պետք է ապացուցվի: Դաշնակցությունը երբեք չի դավաճանել իր սկզբունքներին: 90-ական թվականներից մենք ասում ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից ենք, արդյունքում` այսօր ունեցանք այն: Այս ընտրական գործընթացը կարող է որոշ թերություններ էլ ունենալ, սակայն, դրանով հանդրեձ էլ, սա արդեն մի մեծ քայլ է դեպի առաջ: Դաշնակցությունն ինչ ասել է, միշտ կատարել է»:
Հարցին էլ` մտավախություն չունե՞ն, որ ձայների կորուստ կունենան, Շահազիզյանը պատասխանեց, որ, ընդհակառակը, ժողովուրդը հավատում է Դաշնակցությանը: «Դաշնակցությունը չի կարող իր նախկին քվեներից մի քանի անգամ ավելի քվե չստանալ այս ընտրությունների ժամանակ: Դաշնակցության յուրաքանչյուր անդամ, անկախ նրանից, թե որ տարածքում է առաջադրվել, յուրաքանչյուրի քվեն Դաշնակցության քվեն է լինելու: Իզուր չէ, որ Դաշնակցությունը միակ կուսակցություն է, որը մրցակցություն չունի առաջադրված ռեյտինգային թեկնածուների միջև, որովհետև միասնական մի ճանապարհ ենք գնում` հանուն մեր կուսակցության, հանուն մեր երկրի, հանուն մեր ապագայի, և ձայները մի քանի անգամ ավելանալու են այս ընտրություններին»,- եզրափակեց նա: