կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-04 16:39
Քաղաքական

Քաղաքացին ավելի առարկայորեն կզգա իր քվեի ուժը

Քաղաքացին ավելի առարկայորեն կզգա իր քվեի ուժը

 Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը:

- Քարոզարշավն արդեն մոտենում է իր ավարտին, այս ընթացքում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ակտիվ հանդիպումներ ունեցավ մարզաբնակ ուսանողության հետ: Դրանք ի՞նչ հանդիպումներ էին, և արդյո՞ք արդյունքը գոհացուցիչ է:

- Նախ նշեմ, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին մեր միության անդամները պատշաճ իրազեկել են արդեն շուրջ մեկ տարի: 2014թ. նոյեմբերից, երբ հայեցակարգը հրապարակվեց, մենք կազմակերպում էինք սեմինարներ, դասախոսություններ, հանդիպում-քննարկումներ, այլ խոսքով` մենք խորապես տեղեկացված էինք բարեփոխումներից, և երբ արդեն պաշտոնապես սկսվեց քարոզչությունը, մենք նպատակահարմար գտանք մեր գիտելիքը փոխանցել նաև մարզաբնակ ուսանողներին, նրանց հետ քննարկել բարեփոխումների նախագիծը, փորձել լսել նրանց կարծիքներն ու մտահոգությունները: Տարիքային տարբերության, զանազան այլ գործոնների բերումով` ուսանողները կաշկանդվածություն են զգում քաղաքական հայտնի գործիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկել իրենց հետաքրքրող հարցերը: Մեր հանդիպումներն անցել են անկաշկանդ մթնոլորտում, տարբեր կարծիքների արտահայտմամբ, տարբեր դիրքորոշումների ներկայացմամբ: Կարծում ենք` մեր առջև դրված խնդրում հիմնականում հաջողել ենք:

Մենք մեր հասարակության ամենատարբեր հատվածների, հատկապես` ուսանողության հետ հանդիպումների ընթացքում նրանց ներկայանում ենք պարզ ճակատով: Դա նախևառաջ գալիս է Դաշնակցության դիրքորոշումից, անցնող 25 տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրությանն առնչվող հարցերում մենք պարզ ու շիտակ ենք եղել, մենք բաց խաղաքարտերով ենք խաղացել, և այս պարզությունն ու շիտակությունն է, որ այսօր մեզ հնարավորություն է տվել անվարան հանդիպելու ուսանողության հետ: Ի տարբերություն այլ կուսակցությունների երիտասարդական թեւերի, մենք փորձեցինք աշխատել նաև մարզաբնակ ուսանողների հետ:

- Մասնավորապես ո՞ր քաղաքներում եք հանդիպումներ ունեցել, դրանք ի՞նչ ձևաչափով են անցկացվել:

- Հանդիպումներ անցկացրել ենք Իջևանում, սահմանամերձ Բաղանիսում, Հրազդանում, Արտաշատում, Վանաձորում և Գյումրիում: Հիմնականում հանդիպել ենք տեղաբնակ ուսանողության հետ: Նրանք այդ քաղաքների և մայրաքաղաքի ԲՈՒՀ-երի ուսանողներ են: Հանդիպումների ձևաչափը տարբերվում էր մեզ հայտնի նախընտրական հանդիպումներից: Նախ` էլեկտրոնային տարբերակով ներկայացվում էին Սահմանադրությամբ կարգավորվող` պետական կառավարման ճյուղերի լիազորություններն ու պարտականությունները, այնուհետև սխեմաներով` 1995թ.ին ընդունված Սահմանադրությունը, 2005-ի փոփոխություններով գործող Սահմանադրությունն ու առաջարկվող նախագիծը: Ուսանողները վիզուալ տարբերակով ավելի լավ ու պատկերավոր էին հասկանում Սահմանադրության կարգավորման առարկան: Մեր մի քանի հանդիպումների մասնակցել են նաև տեղում գործող այլ կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, ծավալվել է բավական հետաքրքիր, երբեմն` իրարամերժ քննարկում, ինչն ավելի պարզ է դարձրել, առաջարկվող փոփոխություններով պայմանավորված, քաղաքական ուժերի մոտեցումների նմանություններն ու տարբերությունները:

-Հիմնականում ո՞ր հարցերն էին հետաքրքրում ուսանողներին:

-Հնչած հարցերը տարաբնույթ էին` կառավարման համակարգի փոփոխությունից մինչև դատական իշխանության բարձրագույն մարմինների կառուցվածքի ու կազմության փոփոխություններ, մարդու իրավունքներից մինչև ներքաղաքական հարցեր: Իհարկե, կան մտավախություններ, որոնք օրինաչափ են հասարակության բոլոր շերտերում, կապված իշխանությունների վերարտադրման խնդրի, պատերազմական իրավիճակում բանակի արդյունավետ և մոբիլ ղեկավարման, կուսակցությունների քաղաքական հասունության, քաղաքական մշակույթի ոչ բավարար զարգացվածության և այլնի հետ: Կարծում ենք` հնչած հարցերն իրենց հստակ պատասխանները ստացել են, և մտահոգությունները փարատվել են:

-Ըստ Ձեզ` ո՞րն է սահմանադրական բարեփոխումների այն կարևոր կետը, որը դրական տեղաշարժերի է հանգեցնելու երկրում:

- Ես դժվարանում եմ կոնկրետ դրույթ կամ առանձին գլուխ առանձնացնել, այս փաթեթը մեզ համար ընդունելի է իր ամբողջության մեջ: Կառավարման ձևի փոփոխությունը ենթադրում է սահմանադրաիրավական ամենանատարբեր կարգավորումների արմատական փոփոխություն: Ամբողջ նախագիծն ինքնին շատ եմ կարևորում, կարևորում եմ կառավարման կոլեգիալ ձևի անցումը, դատական համակարգի անկախացումը, ընդդիմության քաղաքական պատասխանատվության էական բարձրացումը, պետական տարբեր մարմիններում ընդդիմությանը քվոտաների տրամադրումը, համամասնական ընտրակարգը, մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների առանձնացումը հիմնարար իրավունքներից և առաջինների իրագործման գործում պետության քաղաքականության ամրապնդումը, մեկ ներկայացուցչական ինստիտուտի գոյությունը և այլն: Փոփոխությունները շատ են, և կարող ենք փաստել, որ սահմանադրական մտքի` 90-ականների կեսերին ընդհատված զարգացումը այս նախագծով ոչ միայն վերականգնվեց, այլ նաև նոր հաջողություններ գրանցեց:

- Ի՞նչ կտան սահմանադրական բարեփոխումները ՀՀ քաղաքացուն:

- Սահմանադրական փոփոխությունների արդյունքում մեր քաղաքացին ավելի առարկայորեն կզգա իր քվեի ուժը, դա այն գիտակցումն է, որի բացակայությամբ էլ նաև պայմանավորվում են մեր ընտրական համակարգի բազմաթիվ թերությունները: Մեր երկրում ցանկացած համապետական ընտրությունից հետո մեծ թվով` հարյուրհազարավոր ձայներ են փոշիանում՝ չվերածվելով քաղաքական կապիտալի, հաղթողն ունենում է ամեն ինչ, իսկ պարտվողը, եթե անգամ ստացել է 49 %, մնում է ձեռնունայն: