կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-05 14:45
Տարածաշրջան

Թուրքիայում Էրդողանի վարկանիշը բարձրացել է. սոցհարցում

Թուրքիայում Էրդողանի վարկանիշը բարձրացել է. սոցհարցում

Թուրքիայում գործող MAK խորհրդատվական կենտրոնը սոցհարցում է անցկացրել` պարզելու բնակչության  դիրքորոշումը ներքաղաքական գործընթացների վերաբերյալ: Հարցումը կատարվել է Թուրքիայի տարբեր շրջաններում, մասնակցել է 2700 քաղաքացի: Հարցվածների մեծամասնությունն ասել է, որ հնարավոր նախագահական ընտրություններում քվեարկեն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP-ԱԶԿ) օգտին: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ Sabah պարբերականի կայքը՝ ներկայացնելով սոցհարցման արդյունքները:

Ըստ Ermenihaber-ի՝ հարցման արդյունքում պարզվել է, որ Էրդողանի՝ 71.15%  կազմող ընտրազանգվածը ձևավորվել է ոչ միայն ԱԶԿ-ի, այլ  նաև գլխավոր  ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետկան (CHP-ԺՀԿ), «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (HDP-ԺԴԿ) կուսակցությունների ընտրողների հաշվին: Ըստ սոցհարցման արդյունքների՝ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել իշխող ԱԶԿ-ի ընտրազանգվածի մեծամասնությունը, ԱՇԿ-ի, ԺՀԿ-ի և ԺԴԿ-ի ընտրազանգվածի, համապատասխանաբար, 82%, 34% և 36%-ը:

Նշվում է, որ այս արդյունքն «արտացոլում է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո առաջացած ազգային միասնության ոգին»:

Խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում հարցվածների 53.55%-ը  նշել է, որ  կնախընտրի  ԱԶԿ-ին, ԺՀԿ-ի օգտին պատրաստ է  քվեարկել 22.25%-ը, ԱՇԿ-ի ընտրազանգվածը կազմել է 14.7%, իսկ քրդամետ կուսակցությանն ընտրողների թիվը նվազել է մինչև 7.5 %, ինչը ընտրական շեմից ցածր ցուցանիշ է: