Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման» մասին օրենքի փաթեթը: Հիմնական զեկուցող` ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքների փաթեթը ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հարցրեց, թե արդյո՞ք հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքները համադրելի են, բարձր չեն` նկատի ունենալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ցածր աշխատավարձերը: Երիցյանը նշեց, որ, համեմատած այլ զարգացած երկրների հետ, իհարկե, Հայաստանում տոկոսադրույքները բարձր են, բայց այնտեղ էլ են բնակիչները դժգոհ հիպոթեքային պայմաններից:
«Մեր հարևան երկրներում էլ տոկոսադրույքների մակարդակը նույնն է, եթե այնտեղ չկիրառվեն պետական ագրեսիվ դոտացիոն համակարգեր: Այնպիսի խնայողությունների մակարդակ, ինչպիսին մեզ մոտ է, եղած տոկոսադրույքները համադրելի են»,- ասաց նա:
Ներսես Երիցյանի համոզմամբ` այն ընտանիքները, որոնք ինչ-որ ձևով խնայում են, նրանց մոտ մեկից ավելի վարկ չի լինում կամ ընդհանրապես վարկ չի լինում: Բայց ընտանիքներ կան, որոնք վարկը վարկով են փակում, շատերը նույնիսկ չեն էլ հետաքրքրվում տոկոսադրույքով, ուղղակի վերցնում են այն վարկը, որն իր դուռն է գալիս, բայց արդյունքում ընկնում են պարտքերի տակ, որոնք բեռ են դառնում նրանց համար:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարց ուներ` արդյո՞ք համարում է, որ տոկոսադրույքն արտոնյալ է, եթե այլ երկրներում տոկոսադրույքը մինչև 7 տոկոս է: «Չե՞ք պատրաստվում վերանայել այդ 12 տոկոս դրույքը, ունե՞ք այդ ազդեցությունը, այդ տոկոսադրույքը հասանելի՞ է քաղաքացիներին»,- հարցրեց պատգամավորը:
Ներսես Երիցյանը նշեց, որ դոլարային հիպոթեքները ցածր են, բացի այդ` պետությունը որոշ ծրագրեր է իրականացնում երիտասարդ ընտանիքների ու մասնագետների համար, որոնց տոկոսադրույքները ցածր են: Իսկ 12 տոկոսը, ըստ նրա, 10 տարվա ռիսկի համար, մեր երկրում տրամաբանական է: Երիցյանը հավելեց, որ մեզ մոտ ավանդներն են բարձր, իսկ այն երկրներում, որտեղ տոկոսադրույքները ցածր են, դեպոզիտը զրո տոկոս է:
Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց, որ պատասխանը համոզիչ չէր: Նա նշեց, որ ցուցակ ունի, որում ներգրավված են 10 երիտասարդ ընտանիքներ, որոնք սոցիալապես լավ վիճակում չեն գտնվում և ցանկանում են մատչելի տոկոսադրույքով հիպոթեքային բնակարան վերցնել:
«Պետք է հետևողական լինել, որ 6-7 տոկոսով վարկեր տան այդ երիտասարդ ընտանիքներին: Պատրա՞ստ եք բանկերի հետ աշխատել, որ ցածր տոկոսադրույքներով հիպոթեքային վարկ տան»,- հարցրեց Վահրամ Բաղդասարյանը:
Ներսես Երիցյանը նշեց, որ ԿԲ-ն իր քաղաքականությունն է իրականացնում` երաշխավորելով կայունություն, և ԿԲ-ն չունի ադմինիստրատիվ լծակներ, որ ստիպի բանկերին ցածր տոկոսներ տալ, քանի որ նման լիազորություն չունի: Նա խորհուրդ տվեց երիտասարդ ընտանիքներին, որ դիմեն համապատասխան հիմնադրամին` մասնակցելու պետական ծրագրերին: «Եթե ունեն վարկունակություն, ապա կարող են այդ վարկերից օգտվել»,- ասաց Երիցյանը: