կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 17:01
Տնտեսական

Անտրամաբանական տոկոսադրույքներ` գրավատներում

Անտրամաբանական տոկոսադրույքներ` գրավատներում

Այսօր Հայաստանում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների` գրավադրված գույքի վրա կիրառվող տոկոսները մի քանի անգամ ցածր են գրավատների տրամադրած տոկոսներից: Գրավատները սովորաբար կիրառում են անտրամաբանական տոկոսադրույքներ` ընդհուպ մինչև 60 տոկոս:

 

Այս խնդրի մասին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը դեռևս նախորդ տարի խոսել էր Ազգային ժողովում` նշելով որ գրավատների գործունեությունը դուրս է Կենտրոնական բանկի վերահսկողությունից, և պետք է օրենսդրական նախաձեռնությունների միջոցով կարգավորել խնդիրը:

 

Փողի կարիք ունեցող քաղաքացիներին շատ հաճախ բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել մի պարզ պատճառով, որ նրանց տվյալները բավարար չեն` ցանկալի գումարը ստանալու համար, իսկ ահա գրավատները հեշտացված կարգով տրամադրում են անհրաժեշտ գումարը` միաժամանակ կիրառելով բարձր տոկոսադրույքներ:

 

Հարց է առաջանում` արդյո՞ք գրավատները իրավունք ունեն սահմանելու այնքան տոկոսադրույք, որքան իրենք են ուզում, թե՞ ոչ: Պարզվում է, որ օրենքը որևէ արգելք տոկոսադրույքների սահմանման մասով չունի: Գրավատները առանձին բիզնես ոլորտ են, որտեղ գործում են սեփական բիզնես-կանոնները: Բայց օրենքով չի թույլատրվում շարժական գույք դնել գրավատանը, այսինքն` խախտումը հենց այստեղ է: Շատ գրավատներ, օգտվելով նեղն ընկած քաղաքացու վիճակից, որպես գրավ, վերցնում են նրանց բնակարանները` միաժամանակ սահմանելով խելքից դուրս տոկոսներ, որոնց տակից քաղաքացին հետագայում դուրս չի կարողանում գալ:

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածը սահմանում է, որ «վաշխառությունը` պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաեւ անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

 

Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքները վերաբերում են բացառապես առևտրային բանկերին և տարբեր վարկային կազմակերպություններին: Հետևաբար, եթե որևէ վարկային կազմակերպություն ԿԲ-ի սահմանած տոկոսադրույքից 2 անգամից ավելի տոկոս սահմանի` նույնպես ենթարկվում է պատասխանատվության: Իսկ գրավատների պարագայում ավելի տարածված է անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք կատարելը, ասենք` անշարժ գույքի գրավադրումը 50-60 տոկոսով: Թե' առաջին և թե' երկրորդ դեպքում գործ ունենք օրենքի կոպտագույն խախտման հետ, և նման խախտումների դեպքում պետք է գործի անցնի արդեն Հայաստանի գլխավոր դատախազությունը: