կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 12:05
Տնտեսական

Հիպոթեքային վարկերի տոկոսադրույքը կարող է հասնել 20 տոկոսի. Բանկերի միության նախագահ

Հիպոթեքային վարկերի տոկոսադրույքը կարող է հասնել 20 տոկոսի. Բանկերի միության նախագահ

Yerkir.am-ի զրուցակիցն է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

 

-Պարո'ն Ճզմաչյան, մի փոքր խոսենք հիպոթեքային վարկավորման այսօրվա շուկայից: Ի՞նչ վիճակ է այսօր այս ոլորտում, մանավանդ`2014-ի ավարտին տեղի ունեցած ֆինանսական խառնաշփոթից հետո:

 

-Անկասկած, անցյալ տարվա դժվար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից հետո հիպոթեքային շուկայում տեղի են ունեցել որոշ ճշգրտումներ քաղաքականության մեջ: Դրանք վերաբերում են և' ժամկետների փոփոխություններին, և' տոկոսադրույքների բարձրացմանը: Առավել ևս, որ դրանք տրամադրվում են դրամով: Եթե դրամի փոխարժեքը 17 տոկոսով արժեզրկվել է, իհարկե, պետք է լինի տոկոսադրույքների աճ: Բանկերի կողմից կլինեն խստացումներ վարկերի տրամադրման հարցում: Թեև պետք է նշել, որ վերջին 2 տարիներին հիպոթեքային շուկայում նկատվում է աճ: Մասնավորապես` հիպոթեքային վարկերը 2014-ին, 2013-ի համեմատ, ավելացել են մոտավորապես 20 տոկոսով:

 

- Դուք նշեցիք, որ հիպոթեքային շուկայում նախորդ տարի արձանագրվել է 20 տոկոս աճ, բայց, այնուամենայնիվ, քանակական առումով, նախորդ տարի տրամադրվել է մոտավորապես 3000 հիպոթեքային վարկ, այնինչ` 2008-ի առաջին կիսամյակում միայն տրամադրվել է 14.000 հիպոթեքային վարկ:

 

իպոթեքային վարկավորումը կամ ընդհանրապես վարկավորումը դնել թվային համեմատության մեջ, կարծում եմ, սխալ կլինի: Այստեղ անհատական վարկավորման մասին է խոսքը, և բնական է, որ բնակիչների որոշ մասի մոտ պակասել է բուն եկամուտը, եթե վերածենք այն դոլարի: Բայց ովքե՞ր են այն անձինք, որոնց բանկերը, թեկուզ խստացված ձևով, տրամադրում են վարկեր: Դրանք այն անձինք են, որոնց աշխատավարձերը ինդեքսավորված է, այսինքն` դրամի արժեզրկման պարագայում նրանց աշխատավարձերը համապատասխան չափով բարձրացել են, և նրանք ինչպես վարկունակ կային, այնպես էլ մնացել են: Բայց մենք ունենք բնակչության մեծ խավ, որոնք մեզանում գերակշիռ մաս են կազմում, չեն ստանում ինդեքսավորված աշխատավարձ, հետևաբար, նրանք դժվարությամբ կստանան վարկ կամ ընդհանրապես չեն ստանա:

 

-Այսօր մեծ խնդիր է հիպոթեքային վարկով բնակարան ստանալը, քանի որ մեր աշխատավարձերը պետք է միջինից բարձր լինեն, գերազանցեն 250.000 դրամը: Նման պայմաններում չե՞ք կարծում, որ Հայաստանի համար այս վարկատեսակը ճոխություն է, քանի որ միջինից բարձ աշխատավարձ այսօր հանրապետությունում ստանում է մոտավորապես 15 տոկոսը:

 

-Այստեղ անհատական մոտեցման խնդիր է` նայած, թե դուք ինչ մեծության բնակարան եք ուզում ձեռք բերել: Կարող է լինել այնպես, որ ձեզ անգամ 700.000 դրամանոց աշխատավարձն էլ չբավականացնի: Իսկ մարդ էլ կա, որ հնարավոր է 25 քմ տարածքով բնակարան է ուզում ձեռք բերել, և այդ պարագայում անգամ 250.000 դրամ աշխատավարձն էլ է շատ: Ամեն դեպքում բանկը հաշվի է առնում ձեր սոցիալական վիճակը և չի կարող թողնել ձեզ առանց մի կտոր հաց վաստակելու:

 

-Մեզ մոտ հիպոթեքային վարկերի տոկոսադրույքներն անհամեմատ բարձր են: Եվրոպայում և ԱՄՆ-ում տատանվում են 2-5 տոկոսի սահմանում: ԱՊՀ շատ երկրներում գրեթե նույն տոկոսադրույքներն են, ինչ Հայաստանում, բայց եթե համեմատենք նույն ԱՊՀ երկրների սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանի հետ, կստացվի, որ ամեն դեպքում մեզ մոտ հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները բարձր են: Ռուսաստանում և Վրաստանում գրեթե նույն մակարդակն է: Այդ տոկոսադրույքներն ինչպե՞ս են ձևավորվում:

 

-Եթե այդ վարկերը ծրագրային են, եթե այդ վարկերի տրամադրման մեջ կա կառավարության գործոնը, ապա տոկոսադրույքը պակաս կլինի, իսկ եթե դուք չունեք այդ ամենը և բանկի ռեսուրսը, որի հաշվին նա հիպոթեքային վարկ է տրամադրում, կազմված է բնակչությունից ստացված ավանդներից, բնականաբար, բարձր կլինի այդ տոկոսադրույքը: 2014-ի ավարտին ավանդները տրամադրվում էին հիմնականում 12 տոկոսով, իսկ հիպոթեքային վարկի տոկոսադրույքը կազմում էր միջինը 14 տոկոս, բայց հիմա ավանդները տրամադրվում են մինչև անգամ 18 տոկոսով, հետևաբար` հիպոթեքային վարկերը այժմ կարող են տրամադրվել նաև մինչև 20 տոկոս տոկոսադրույքով:


- Պարո'ն Ճզմաչյան, այսօր մեր բնակիչներից շատերը խուսափում են հիպոթեքային վարկից, քանի որ երկարաժամկետ պարտավորություն վերցնելը ռիսկային է: Նրանք վստահ չեն, որ 25 տարի կշարունակեն աշխատել, և ընդհանրապես, թերահավատորեն են վերաբերվում գործող համակարգին: 

 

- Հիպոթեքային վարկի յուրահատկությունն այն է, որ դրա ժամկետը կարող է տևել մինչև կյանքի վերջը: Բայց ռուսի ասած՝ վախենում է նա, ով անտառ չի գնում: Հիպոթեքային վարկը սկսեց ինձ հիշեցնել ԽՍՀՄ տարիները, երբ ամբողջ կյանքդ տան վարձ էիր մուծում, բայց, ի վերջո, այդ տունը քեզ չէր մնում: Ես հասկանում եմ, որ քաղաքացիները մտածում են` իսկ եթե վերցնեմ, հետո ինչպե՞ս է լինելու: Դա հնարավոր է, բայց մինչև հիմա դա այդպես կտրուկ չի նկատվել:

 

-Խոսենք նաև նոր օրենքից: Ինչպես ասվում էր հայտնի ֆիլմում` թող լինի այնպես, որ մեր ցանկությունները համընկնեն մեր հնարավորությունների հետ: Կարո՞ղ եք վստահաբար ասել, որ այս օրենքն այդ երկուսի համադրությունն է, և բնակարան ձեռք բերել ցանկացողին նոր օրենքը տալիս է այդ հնարավորությունը:

 

-Ես գտնում եմ, որ կառավարությունն այս օրենքով իմպուլս է տվել, որ բնակիչներն ավելի ռիսկով մոտենան այդ քայլին և վերցնեն բնակարաններ: Ինչի մասին է սա խոսում: Բավական մեծ կոմպոնենտ, որը վարկի տոկոսն է, կառավարությունը վերցնում է իր վրա: Ինչ վերաբերում է մեկնարկային պայմաններին, օրինակ` կանխավճարի տրամադրումը, կարծում եմ` բանկը պետք է ունենա երաշխիք, և սկզբնական պահանջները կարող են փոփոխական չլինել:

 

- Ի՞նչ կանխատեսումներ կանեիք, այժմ կարելի է ասել բանկերը հարմարվում են ֆինանսական շուկայում ստեղծված նոր վիճակին, իսկ մինչ այդ վարկերի տրամադրումը, հատկապես` սպառողական վարկերի, գրեթե սառեցված է: Որքա՞ն կտևի այս վիճակը բանկային համակարգում և հիպոթեքային վարկի շուկայում` նույնպես:

 

-Զգուշավորությունը ոլորտում դեռևս կա, բայց ես գրեթե վստահ եմ, որ այս տարի պակաս վարկ չի տրամադրվելու, քան նախորդ տարի: Բանկերը ձգտում են վարկ տալ, բանկերը ստեղծված են վարկ տալու համար, տնտեսությունը զարգացնելու համար, որպեսզի հետագայում ավելի մեծ շահույթ ստանան: Ես լավատես եմ:

 

Զրուցեց Գեւորգ Խաչատրյանը